Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 61-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 61. Պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված) մասնավորեցումն ու օտարումն իրականացնող լիազոր մարմինները
1. Պետության եւ համայնքների սեփականության պատկանող հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված) մասնավորեցումն ու օտարումն իրականացնում են.
1) համայնքների վարչական սահմաններում՝ համայնքների ղեկավարները, բացառությամբ՝ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքերի,
2) իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման) եւ կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի), ինչպես նաեւ պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) եւ օտարման առաջարկվող պետական հողամասերի դեպքում՝ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» եւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքներով սահմանված կարգով, պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ սույն օրենսգրքով, մասնավորեցման եւ օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասում «հողամասերն» բառից հետո լրացնել «,բացառությամբ՝ 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի,» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասում «ղեկավարն է» բառից հետո լրացնել «,բացառությամբ՝ 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ հողային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) եւ հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումը պայմանավորված է պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման եւ օտարման բնագավառում լիազորված մարմնի գործառույթների հստակեցման անհրաժեշտությամբ:
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Համաձայն Օրենսգրքի 61-րդ հոդվածի պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված) մասնավորեցումն ու օտարումն իրականացնում են`
1) համայնքների վարչական սահմաններում` համայնքների ղեկավարները.
2)իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, բացառությամբ Երեւան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի) օտարման դեպքում՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ սույն օրենսգրքով եւ օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե օտարման ենթակա շենքերով եւ շինություններով կառուցապատված հողամասին սպասարկման եւ օգտագործման համար հատկացված հողամասի չափերը գերազանցում են շենքերի եւ շինությունների սպասարկման եւ օգտագործման անհրաժեշտ սահմանները, ապա շենքերով եւ շինություններով զբաղեցված եւ սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողամասն առանձնացնելուց հետո այն կարող է օտարվել Կոմիտեի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաշվի առնելով այն փաստը, որ 21-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է եւ՛ իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), եւ՛ առանձին անշարժ գույքերի օտարման, եւ՛ կառուցապատված հողամասերի դեպքում օպտիմալացման արդյունքում առանձնացված, բայց չկառուցապատված հողամասերի օտարմանը, առաջանում է որոշակի հակասություն ՀՀ հողային օրենսգրքի եւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի միջեւ, կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն բացառություն է սահմանվում Երեւան քաղաքի վարչական սահմաններում առանձնացված հողմասերի համար: Բացի այդ, ներկա պահին Կոմիտեի տնօրինությանն են հանձնված օտարման կամ հետագա կառավարման համար նախատեսված չկառուցապատված հողամասեր, որոնց գծով, Կոմիտեն, համապատասխան լիազորություններ չունենալու պատճառով, չի կարողանում իրականացնել արդյունավետ կառավարում, այդ թվում՝ նաեւ օտարում: Արդյունքում, ըստ էության, հողամասերի հանրային օգտակարության բարձրացման կամ տնտեսական շրջանառության մեջ դնելու ուղղությամբ քայլեր չեն կարողանում իրականացվել:
Հավելենք նաեւ, որ ներկայիս կարգավորմամբ Երեւան քաղաքում հողի օտարումը (ոչ օպտիմալացման արդյունքում առանձնացված) իրականացնում է համայնքը, ինչ էլ լրացուցիչ վարչարարության առիթ է հանդիսանում: Բացի դրանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողերի օտարման գործընթացը իրականացվում է տարբեր մարմինների կողմից, չի կարող ապահովվել գործընթացի իրականացման եւ վերահսկման միասնական արդյունավետ համակարգի աշխատանքը, ուստի առաջարկվում է վերոնշյալ գործընթացների իրականացումը վերապահել Կոմիտեին:
Ներկայիս կարգավորումները որոշ դեպքերում կարող են նաեւ հանգեցնել պետական միջոցների լրացուցիչ ծախսերի, օրինակ՝ ՀՀ սնանկության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԿԴ/0306/04/15 սնանկության գործի շրջանակում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի հիմքով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել պետության անվամբ գրանցված, գրավի առարկա հանդիսացող, քաղաք Երեւան, Հանրապետության 85 հասցեում գտնվող 0.0331 հա հողամասը եւ, որպես օրենքի պահանջ, ՀՀ կառավարության 02.05.2019 թվականի թիվ 514-Ն որոշմամբ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից սնանկության գործով կառավարչին է հատկացվել 7 900 000 ՀՀ դրամ: Հողամասը, որպես սեփականություն գրանցվել է Հայաստանի Հանրապետության անվամբ, սակայն ներկայումս գործող իրավակարգավորումների՝ մասնավորապես ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածների համաձայն, համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման լիազորությունը վերապահված է համայնքի ղեկավարին, այսինքն գույքի սեփականատերը զրկված է գույքը տնօրինելու (օտարելու) իրավունքից եւ հնարավորությունից:
Վերոնշյալ օրենքի փոփոխության հետ կապված անհրաժեշտություն է առաջանում նաեւ փոփոխություն եւ լրացում կատարել «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, ինչպես նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերում:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծերով առաջարկվում է մասնավորապես Օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված բացառությունը սահմանել կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված չկառուցապատված հողամասերի եւ պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) ու օտարման առաջարկվող պետական հողամասերի վրա: Նույն կարգավորումը նախատեսվում է նաեւ Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասում:
2. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի օտարման բնագավառում առաջացող իրավահարաբերությունները: Նախագծերի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի լրացուցիչ դրամական մուտքեր ապահովել ՀՀ պետական բյուջեում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
4. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».
Օրենքների նախագծերը բխում են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում