Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28.1-րդ հոդվածի 1-ին կետում «արժեքը» բառը փոխարինել «արժեքի փոփոխությունը հաշվետու տարում» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
«Կուսակցությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը պարտադրելով աուդիտ անցկացնել այն կուսակցություններին, ում ակտիվների չափը գերազանցում է սահմանված շեմը, բարդ ֆինանսական վիճակի մեջ է դնում այն կուսակցություններին, որոնք չունեն ֆինանսական միջոցներ աուդիտ անցկացնելու համար, սակայն ունեն համապատասխան շեմից բարձր չափով ակտիվներ: Օրինակ, նման իրավիճակ կարող է առաջանալ եթե կուսակցությունը ունի մեծ արժողությամբ անշարժ գույք, կամ մեծ չափի անհուսալի պարտքեր, որոնք դասվում են ակտիվների շարքին, սակայն իր տարեկան շրջանառությունը չի բավարարում աուդիտ անցկացնելու համար:
Հաշվի առնելով, որ աուդիտի անցկացումը ՀՀ-ում սկսում է 600 հազար դրամից, օրենքի վերոհիշյալ պահանջը արդեն իսկ բարդ վիճակի մեջ է դրել մի շարք կուսակցությունների, որոնք չունեն այդպիսի միջոցներ, ըստ էության դրդելով վերջիններիս դադարեցնել իրենց գործունեությունը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 28-ը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն իրավունք է տրամադրում այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելուն: Նույն հոդվածում նշվում է նաեւ, որ կուսակցություններ ստեղծելու իրավունքը կարող է սահմանափակվել որոշ առանձին դեպքերում, որոնց մեջ չի նշված ֆինանսական միջոցների բացակայության պատճառը:
Հետեւաբար առաջարկվում է, որ աուդիտի պահանջը գործի ոչ թե ըստ ակտիվների չափի այլ տարեկան շրջանառու միջոցների սահմանված շեմից բարձր լինելու դեպքում: