Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5331-23.05.2014-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք)  37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «եւ բարձրագույն» բառը փոխարինել «մասնագիտական» բառով:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:   
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ եւ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը

1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ներկայացումը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով,բարձրագույն ուսումնական հաստատություններ  ընդունելության եւ ուսումնառության  կազմակերպման  խնդիրների կարգավորման հետ:

2.Ընթացիկ իրավիճակը  եւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասին եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշմամբ հաստատել է պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը,որով  սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ` բուհեր) ընդունելության գործընթացը:

Բուհերն առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարում են տվյալ ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկի համաձայն:

Առկա ուսուցման համար ընդունելության քննությունները` միասնական, կենտրոնացված ,կազմակերպում եւ անցկացնում է «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (ԳԹԿ):

 Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունը հանձնում են միեւնույն օրը: Դիմորդները միասնական քննությունները հանձնում են «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից:

Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական եւ լրացուցիչ: Հիմնական փուլի միասնական քննությունները տվյալ տարվա փետրվարի 1-ից մինչեւ մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող եւ նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից հայտագրվող եւ տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննություններն են: Լրացուցիչ փուլի միասնական քննությունները տվյալ տարվա հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում դիմորդների կողմից հայտագրվող եւ տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող քննություններն են:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012 թվականի հուլիսի 27-ի N 753-Ն հրամանով հստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնները: Համաձայն կանոնների` հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում է բուհը: Հանրակրթական առարկաներից քննությունները համապատասխան բուհերում անցկացնում են բուհի կողմից ներկայացված եւ ՀՀ կրթության եւ գիտության  նախարարի կողմից հաստատված առարկայական հանձնաժողովները՝ առկա ուսուցման առարկայական ծրագրերով եւ գիտելիքների գնահատման չափանիշներով, իսկ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի եւ ճարտարապետության մասնագիտությունների քննություններն անց են կացվում տվյալ բուհի մշակած եւ նախարարի հաստատած մասնագիտական ծրագրերով եւ գնահատման չափանիշներով:

Հեռակա ուսուցման համար  քննությունների քանակը սահմանվում է երկու մրցութային քննությունից ոչ պակաս:  Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա մի շարք առարկաների միասնական քննության եւ կենտրոնացված համակարգով հանձնած քննությունների դրական գնահատականները՝ իրենց ցանկությամբ:

3.Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենսդրական նախաձեռնության  նպատակն  է կրթական ոլորտում միասնական պետական քաղաքականություն, կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ուենալը, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության պայմանների ու պահանջների  հավասար դաշտ ապահովելը,  ինչը կնպաստի կրթության բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով  մասնագիտական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամաբ ակնկալվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ բակալավրի կրթական ծրագրով առկա եւ հեռակա ուսուցման համար ընդունելության քննությունների կազմակերպման, անցկացման հավասար    չափանիշների եւ պահանջների սահմանում`ապահովելով կրթության բնագավառի համար գերխնդրի` կրթության որակի բարձրացումը, միասնական համակարգի արդյունավետ գործունեությունը: