Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-537-27.05.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին»  Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի 7-րդ հոդվածի «դ» ենթակետում «- սույն պարբերությունում չնշված այլ հարկ վճարողների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը.» բառերը փոխարինել «- նախորդ տարվա արդյունքներով 100.0 մլն դրամից մինչեւ 500.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը.» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է, որ նախորդ տարվա արդյունքներով մինչեւ 500 մլն ՀՀ դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները պարտավորվում են ձեռք բերել նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ (այսուհետ՝ ՀԴՄ-ներ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2015 թվականի հունվարի   1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 968-Ն որոշմամբ օրենքի այս դրույթի կիրարկման համար վերջնաժամկետ է սահմանվել ընթացիկ տարվա հուլիսի 1-ը:

Ներկայումս, երբ ՀՀ-ում փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում շարունակվում են առեւտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի իրացման շրջանառության, շահութաբերության շարունակական նվազման միտումները, 160-170 հազ. ՀՀ դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերումը լրացուցիչ ծախսային բեռ է ձեւավորում տնտեսավարող սուբյեկտների համար. միաժամանակ, այդ գործընթացի իրականացման արդյունավետությունը ինչպես հարկային վարչարարության, այնպես էլ ակնկալվող արդյունքների համատեքստում ակնհայտ չէ: Հարկ ենք համարում նշել, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում արդեն իսկ փակվել են շուրջ 1600 գերփոքր սուբյեկտներ, իսկ լրացուցիչ ազատ դրամական միջոցների ներգրավումը առավել դժվար է:

Կարգավորման նպատակը եւ բնույթը: Սույն նախագծով առաջարկվում է նախորդ տարվա արդյունքներով մինչեւ 100 մլն ՀՀ դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ազատել նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու սահմանված պարտավորությունից:

Նախագծի ընդունման նպատակը փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից լրացուցիչ ծախսերի իրականացման բացառումն է:

Ակնկալվող արդյունքը: Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի նախորդ տարվա արդյունքներով մինչեւ 100 մլն ՀՀ դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների  նկատմամբ կիրառվող նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու պարտավորության պահանջի վերացումը: