Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակները
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված` աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի շրջանակներում Շիրակի եւ Լոռու մարզերի քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման, ինչպես նաեւ բնակելի տների (այդ թվում՝ անավարտ) եւ բնակարանների մասնավորեցման, բնակարանային շուկայի ձեւավորման գործընթացի խթանման պետական հիմքերը, դրանց հիմնական սկզբունքները եւ պայմանները:
Հոդված 2. Բնակչության պարտավորությունների մարումը
Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված եւ 1997 թվականի պետական բյուջեի վարկերի հաշվին Շիրակի եւ Լոռու մարզերում շահագործման հանձնված բնակելի տների (այդ թվում՝ անավարտ) եւ բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից իրենց բնակարանների համար վճարման ենթակա գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում է մարված, եւ նրանք սույն օրենքի ուժով բնակարանների նկատմամբ, օրդերի (վարձակալության պայմանագրի եւ (կամ) այլ պայմանագրի) հիման վրա, ձեռք են բերում սեփականության իրավունք, որը ենթակա է պետական գրանցման:
Հոդված 3. Պետական տուրքի գծով արտոնության հասկացությունը
Պետական տուրքի գծով արտոնությունն աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի շրջանակներում նշանակում է սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված գործարքներն իրականացնելիս պետական տուրքի վճարումից ազատում:
Հոդված 4. Պետական տուրքի գծով արտոնությունների տրամադրումը
Պետական տուրքի գծով արտոնությունները տրամադրվում են`
1) համայնքին սեփականության իրավունքով տրված անհատական բնակելի տների (այդ թվում՝ անավարտ) եւ բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար.
2) համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տների (այդ թվում՝ անավարտ) եւ բնակարանների անհատույց մասնավորեցման (նվիրատվության) պայմանագրերի նոտարական վավերացման, այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման համար.
3) պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման որոշումների պետական գրանցման համար.
4) պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հողամասերի միավորման եւ բաժանման կամ օտարման այլ գործարքների պայմանագրերի նոտարական վավերացման եւ այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման համար.
5) աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում անօթեւան մնացած քաղաքացիների կողմից բնակելի տան կամ բնակարանի վարձակալության պայմանագրի վավերացման, այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
Սույն հոդվածի 3-5-րդ կետերով նախատեսված գործարքների իրականացման ժամանակ պետական աջակցության ծրագրերում ընդգրկված քաղաքացիներին արտոնությունները տրամադրվում են մարզպետի տված տեղեկանքի հիման վրա:
Հոդված 5. Օրենքի գործողության ժամկետը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
2. Սույն օրենքի գործողության ժամկետ է սահմանվում 2006 թվականի մարտի 31-ը ներառյալ: