Armenian ARMSCII Armenian
Կ-2922-07.06.2022,28.09.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Եթե օրենքով նախատեսված է մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա այդ գործերով արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ դիմումների համար սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պետական տուրքը նվազեցվում է արտոնագրված հաշտարարին մինչեւ երկու ժամ իրականացված հաշտարարության դիմաց վճարած գումարի չափով, բայց ոչ ավելի, քան Կառավարության որոշմամբ սահմանված դրույքաչափի, եւ ոչ պակաս, քան բազային տուրքի 10-ապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55.1-ին կետով.
 
«55.1. արտոնագրված հաշտարարների
որակավորման ստուգմանը
մասնակցելու համար
բազային տուրքի 10-ապատիկի
չափով»:

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա2» կետով.

«ա2) պետական տուրքը վճարած կողմին՝ մինչեւ երկու ժամ տեւողությամբ իրականացված հաշտարարության համար հաշտարարին վճարված վարձատրության դիմաց, բայց ոչ ավելի, քան Կառավարության որոշմամբ սահմանված չափով, եթե օրենքով նախատեսված է մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, կազմվել է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն եւ հաշտարարության ավարտից հետո նույն անձանց միջեւ նույն առարկայի մասին եւ նույն փաստական հիմքերով գործով դատարան ներկայացվել է հայցադիմում, եւ հայցը մերժվել կամ մասնակի է բավարարվել:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: