Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-305-25.05.2004-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ «ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿՈՒՄ» ԱՌ 01.01.1993Թ. ԱՎԱՆԴԱԴՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների «Հայխնայբանկում» առ 01.01.1993թ. խնայողական ավանդների վերականգնման, փոխհատուցման եւ մարման հետ կապված հարաբերությունները, սահմանում դրանց փոխհատուցման կարգը:

2. Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիների խնայողական ավանդներ /այսուհետ` խնայողական ավանդներ/ են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ Պետական բանկում, ԽՍՀՄ Խնայբանկում եւ «Հայխնայբանկում» մինչեւ 1993թ. հունվարի 1-ը ավանդադրված իրենց դրամական միջոցները:

Հոդված 2. Խնայողական ավանդների փոխհատուցման երաշխիքները

1.  Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված խնայողական ավանդների ընդհանուր գումարի պաշտպանությունն ու փոխհատուցումը երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից:

2.Խնայողական ավանդների փոխհատուցումը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, ապահովվում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականությամբ:

Հոդված 3. Խնայողական ավանդների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը

Խնայողական ավանդների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:

Հոդված 4. Փոխհատուցման ենթակա խնայողական ավանդները

1. Ամբողջությամբ փոխհատուցման են ենթակա 1993թ. հունվարի 1-ի դրությամբ «Հայխնայբանկ» ԲԲԸ-ում (այսուհետ` բանկ) բոլոր 27 տեսակի 2 206 933 ավանդային հաշիվներում առկա 8 211 708 006.96 խորհրդային ռուբլի կազմող մնացորդային գումարները:

2. Փոխհատուցման  ենթակա չեն 1991թ. մարտի 29-ի ԽՍՀՄ Պետական բանկի եւ ԽՍՀՄ Խնայբանկի թիվ 345/144 որոշման համաձայն կատարված քաղաքացիների ավանդային հաշիվներում առկա դրամական միջոցների 40% միանվագ վերագնահատման արդյունքում ավելացված գումարները:

Հոդված 5. Խնայողական ավանդների փոխհատուցման աղբյուրները

1. Փոխհատուցման գումարների հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության բյուջեն է:

2. Փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է օգտվել այլ ֆ ինանսական աղբյուրներից:

3. Յուրաքանչյուր տարվա համար նախատեսված փոխհատուցվելիք գումարի չափն արտացոլվում է տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առանձին տողով:

Հոդված 6. Խնայողական ավանդների փոխհատուցման կարգը

1. Փոխհատուցումն իրականացվում է ավանդային հաշիվներում առկա մնացորդային խորհրդային ռուբլին ինդեքսավորելու միջոցով` համաձայն սույն օրենքի հավելված 1-ում նախատեսված համամասնությունների եւ գործակիցների:

2. Ինդեքսավորում է համարվում խորհրդային ռուբլու հարաբերությունը սույն օրենքով սահմանված գործակցին` արտահայտված ԱՄՆ դոլարով:

3. Ավանդների փոխհատուցումն իրականացվում է դրամով` ելնելով յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքից:

4. Փոխհատուցման համար վերջնական եւ ընդհանուր գումարը սահմանել ոչ պակաս քան 83.0 մլն. ԱՄՆ դոլար:

5. Սույն օրենքին վերաբերվող գումարների ինդեքսավորումը եւ փոխհատուցումը կատարվում է ավանդատուի պահանջով` հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված առաջնահերթությունները:

6. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փոխհատուցման գործընթացի ժամանակահատվածում իրենց խնայողական ավանդները չստացած քաղաքացիները չեն կորցնում խնայողական ավանդների փոխհատուցման հնարավորությունը 2019 թվականից հետո:  

Հոդված 7. Խնայողական ավանդների փոխհատուցման ժամկետները

1. Խնայողական ավանդների փ ոխհատուցման գործընթացը`

ա/ սկսել 2005թ. հունվարի 1-ից,

բ/ ավարտել մինչեւ 2019 դեկտեմբերի 31-ը:

2. Փոխհատուցման գործընթացը իրականացվում է փուլային եղանակով: Փոխհատուցման փուլերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից:

Հոդված 8. Խնայողական ավանդների փոխհատուցման առաջնահերթությունը

1. Առաջնային կարգով փոխհատուցվում են հետեւյալ խմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները:

ա/ 70 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ

բ/ 1-ին խմբի հաշմանդամներ

գ/ 2-րդ խմբի հաշմանդամներ

դ/ 3-րդ խմբի հաշմանդամներ

ե/ միայնակ կենսաթոշակառուներ

զ/ հայրենական պատերազմի մասնակիցներ եւ նրանց հավասարեցված անձիք

է/ աղետի գոտու բնակիչներ

ը/ նպաստառուներ եւ այլ կարգի անապահովներ

Հոդված 9. Փոխհատուցման գործընթացում կառավարության գործառույթները

1. Կառավարությունը յուրաքանչյուր տարի մինչեւ հաջորդ տարվա բյուջեի հաստատումը ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում փոխհատուցման կարգի եւ չափի մասին ծրագիր, որը քննարկվում եւ ընդունվում է որպես օրենք եւ արտացոլվում է հաջորդ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում :

2. Կառավարությունը իրավասու է ընդունել խնայողական ավանդների գործընթացը կարգավորող այլ իրավական ակտեր:

Հոդված 10. Կառավարության լիազոր մարմնի հասկացությունը եւ իրավասությունները

1. Կառավարության լիազոր մարմին (այսուհետ` լիազոր մարմին) է սույն օրենքով նախատեսված իրավասություններն իրականացնելու համար Կառավարության կողմից լիազորված պետական մարմինը:

2. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Ազգային Ժողովի կողմից ընդունվելուց հետո, հաջորդ ամսվա 1-ից սկսած, երկամսյա ժամկետում, ելնելով ավանդների փոխհատուցմանն ուղղված եւ բյուջեում ամրագրված գումարի մեծությունից, ինչպես նաեւ սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված առաջնահերթություններից, լիազոր մարմինը բանկին է ներկայացնում ընթացիկ տարում փոխհատուցման ենթակա ավանդատուների խմբերը կամ խումբը:

3. Լիազոր մարմինը սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հաշվետվությունը ստանալուց հետո, երկամսյա ժամկետում, քննության է առնում այն եւ, անհրաժեշտության դեպքում, բանկի հետ համատեղ կատարում ուսումնասիրություն, այդ թվում` ընտրանքային կարգով ստուգումներ եւ կատարում համապատասխան ճշգրտումներ:

4. Մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը լիազոր մարմինը, գործող օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է ճշգրտված հաշվետվությունից բխող տվյալ խմբի կամ խմբերի ավանդատուների ավանդային հաշիվներում առկա մնացորդային գումարների փոխհատուցմանն ուղղվող դրամական միջոցների փոխանցումը բանկի հատուկ հաշվին:

5. Ընթացիկ տարում բանկի հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցների չափը տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված գումարներից փոքր լինելու դեպքում, լիազոր մարմինը մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է ճշգրտված հաշվետվությամբ նախատեսված եւ պետական բյուջեով հաստատված գումարի տարբերության փոխանցումը բանկի հատուկ դեպոզիտային հաշվին: 

6. Բյուջեով նախատեսված գումարի չափը հաշվետվությամբ ներկայացված գումարից փոքր լինելու դեպքում տվյալ տարվա խմբում կամ խմբերում ընդգրկված եւ իրոնց փոխհատուցումը չստացած ավանդատուների ավանդները փոխհատուցվում են հաջորդ տարվա բյուջեով նախատեսված խնայողական ավանդների փոխհատուցմանն ուղղված միջոցների հաշվին: Բանկի կողմից տվյալ խմբի կամ խմբերի սպասարկումը իրականացվում է ելնելով դիմումների ներկայացման ժամկետներից:

7. Լիազոր մարմինը կարող է պահանջել եւ ստանալ խնայողական ավանդներին վերաբերող ցանկացած տեղեկատվություն:

Հոդված 11. Փոխհատուցման գործընթացում բանկի գործառույթները

1. Յուրաքանչյուր տարի բանկը սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պաշտոնական գրությունը լիազոր մարմնից ստանալուց հետո, եռամսյա ժամկետում, ԶԼՄ-ների եւ իր ստորաբաժանումների միջոցով տեղեկացնում է հասարակայնությանը եւ ավանդատուների դիմումների, ինչպես նաեւ անհրաժեշտ փոստաթղթերի (անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է բանկը) հիման վրա կատարում հաշվառում:

2. Բանկը հաշվառման արդյունքների հիման վրա, մեկամսյա ժամկետում, կազմում է հաշվետվություն, որում ներառվում են տվյալ խմբի ավանդատուների եւ ավանդային հաշիվների թվաքանակը, ավանդային հաշիվներում առկա ինչպես փոխհատուցման ենթակա, այնպես էլ մնացորդային գումարների չափը, եւ ներկայացնում կառավարության լիազոր մարմնին:

3. Բանկը ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից իրականացնում է խնայողական ավանդների փոխհատուցման գործընթացը:

4. Այն ավանդատուների դիմումները, որոնք բավարարում են տվյալ տարվա   խմբի չափանիշներին, սակայն ներկայացվել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից ուշ, հաշվառվում են լրացուցիչ եւ արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը լիազոր մարմնին ներկայացվում է բանկի կողմից հաջորդ տարվա հերթական հաշվետվության հետ մեկտեղ:

Հոդված 12. Սույն օրենքը ուժի մեջ է մտում պաշտնոնական հրապարակման պահից :

Հավելված 1

Հաշ. քանակ

Մն. գումար

Գործակից

Ինդ. գումար /$/

0-1000

835177

190339821,5

30

  $           6 344 660,72

1001-3000

562612

986601251,3

100

  $         22 993 625,85

3001-7000

462866

2169497480

300

  $         27 289 184,93

7001-15000

262182

2640909249

400

  $         19 492 888,12

15001 եւ ավելի

82481

2224348504

800

  $           8 382 270,21

ԸՆԴԱՄԵՆԸ

2205318

8211696306

  $   84 502 629,83

Գումար/ ռուբլի/

Գործակից

Փոխհատուցված գումար

Փոխհատուցված գումար /դրամով/

1000

30

  $  33,33

     19 000,00

3000

100

  $  53,33

     30 400,00

7000

300

  $  66,67

     38 000,00

15000

400

  $  86,67

     49 400,00

20000

800

  $  92,92

     52 962,50