Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 74-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Դատավորների ընդհանուր ժողովն իր կազմից ձեւավորում է էթիկայի եւ կարգապահական հարցերի, ուսումնական հարցերի, ինչպես նաեւ դատավորների գնահատման հանձնաժողովները»:
Հոդված 2. Օրենսգրքի 74-րդ հոդվածում լրացնել 4.1 մաս հետեւյալ բովանդակությամբ՝
«4.1. Դատավորների գնահատման հանձնաժողովի (այսուհետ՝ գնահատման հանձնաժողով) կազմում ընդգրկվում են 5 անդամներ` երկուսը՝ նախկին դատավորներ, որոնց պաշտոնավարումը դատավորի պաշտոնում դադարել է պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով, մեկը՝ առաջին ատյանի դատարանների դատավորներից, մեկը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը՝ վճռաբեկ դատարանի դատավորներից:
4.2. Գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ եւ գործունեության գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական:
4.3. Դատարանների նախագահները եւ Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել գնահատման հանձնաժողովի կազմում:»:
Հոդված 3. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) դատավորի գործունեության գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումների պատճենները.»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել 12.1 գլխով՝ հետեւյալ բովանդակությամբ.
« ԳԼՈՒԽ 12.1 ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Հոդված 96.1. Դատավորների գործունեության գնահատումը
1. Դատավորների գործունեությունը, պաշտոնում նշանակման օրվան հաջորդող երկրորդ տարվանից հետո, ենթակա է պարբերաբար գնահատման:
2. Դատավորների գործունեության գնահատման նպատակն է՝
1) բացահայտել եւ դատավորներին մատնանշել իրենց աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները,
2) նպաստել դատավորների կողմից իրենց գործունեության վերլուծությանը,
3) դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը:
3. Դատավորների գործունեության գնահատումը կազմակերպում է գնահատման հանձնաժողովը:
4. Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է դատավորների գործունեության գնահատման կարգը, ժամանակացույցը, մեթոդաբանությունը եւ ինքնագնահատման թերթիկի ձեւը:
Հոդված 96.2. Դատավորների գործունեության գնահատման չափանիշները
1. Դատավորների գործունեության գնահատումն իրականացվում է քանակական եւ որակական չափանիշների հիման վրա:
2. Քանակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ գործերի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով, որը վարում է դատական դեպարտամենտը:
3. Որակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է գնահատման ժամանակահատվածում ընգրկված երեք տարիների տվյալների հիման վրա:
4. Գնահատումն անցկացվում է սկսած գնահատման ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվանից:
5. Ըստ քաղաքացիական, քրեական եւ վարչական գործերի առաջին ատյանի դատարանի դատավորների գործունեության գնահատման քանակական չափանիշներն են՝
1) դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ քանակական կատարողականությունը,
2) ըստ գործերի առանձին տեսակների գործերի քննության միջին տեւողությունը (հաշվարկի միավոր` օր),
3) դատավորի կողմից դատավարական ժամկետների պահպանումը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ քանակական կատարողականությունը գնահատվում է դատավորի անհատական աշխատանքային ծանրաբեռնվածության գործակցով: Այդ գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատավորի անհատական քանակական կատարողականի գործակիցը բաժանելով տարվա համար դատարանի միջին քանակական կատարողականի գործակցին՝ ըստ դատավորների մասնագիտացման, իսկ վճռաբեկ դատարանում՝ ըստ պալատների:
7. Տարվա ընթացքում դատավորի անհատական քանակական կատարողականի գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատավորի կողմից ավարտված բոլոր գործերի քանակը բաժանելով չավարտված գործերի քանակին: Չավարտված գործերի քանակը որոշվում է նախորդ տարվանից փոխանցված գործերի քանակը գումարելով տարվա ընթացքում դատավորին հանձնված բոլոր նոր գործերի քանակին: Փոխանցված եւ հանձնված գործերի թվում չեն ներառվում տարվա ընթացքում կասեցված գործերը:
8. Տարվա համար դատարանի միջին քանակական կատարողականության գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատարանի դատավորների կողմից ավարտված դատական գործերի քանակը բաժանելով չավարտված գործերի քանակին: Չավարտված գործերի քանակը որոշվում է նախորդ տարվանից փոխանցված (բոլոր դատավորների մոտ) դատական գործերի քանակը գումարելով տարվա ընթացքում դատարան ներկայացված դատական գործերի քանակին: Փոխանցված եւ հանձնված գործերի թվում չեն ներառվում տարվա ընթացքում կասեցված գործերը:
9. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ գործի քննության միջին տեւողությունը գնահատելու համար Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է գործերի քննության միջին տեւողության ուղենիշային ժամկետներ՝ ըստ քաղաքացիական, քրեական եւ վարչական գործերի առանձին տեսակների եւ բարդության:
10. Դատավորների գործունեության գնահատման որակական չափանիշներն են.
1) Դատական ակտերի պատճառաբանման կարողությունը, մասնավորապես՝
ա) դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող պահանջները պահպանելը,
բ) դատական ակտի հստակությունը,
գ) գրավոր խոսքի մատչելիությունը,
դ) վերլուծական հմտությունները,
ե) դատական ակտի եզրափակիչ մասի որոշակիությունը.
2) Մասնագիտական կարողությունները՝
ա) դատավարության մասնակիցների նկատմամբ անկողմնակալ վերաբերմունքը,
բ) դատական նիստին ժամանակին ներկայանալը,
գ) ինքնատիրապետումը պահպանելու կարողությունը,
դ) դատական նիստը վարելու հմտությունները.
3) Կազմակերպչական հմտությունները՝
ա) նպատակներ սահմանելու եւ դրանց հասնելուն ուղղված մարդկային ու նյութական ռեսուրսները կազմակերպելու ունակությունը,
բ) գործընկեր դատավորների եւ դատական ծառայողների հետ հարաբերությունների պատշաճ մակարդակն ապահովելու ունակությունը:
11. Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանի դատավորի գործունեությունը գնահատելիս հաշվի են առնվում կոլեգիալ կազմով քննվող այն գործերը, որոնցում նա հանդես է եկել որպես զեկուցող: Եթե կոլեգիալ կազմով քննվող գործով դատավորը ներկայացրել է հատուկ կարծիք, ապա նրա գործունեությունը սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված չափանիշներով չի գնահատվում:
12. Սույն հդվածի 10-րդ մասի 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված չափանիշով գնահատվում է բացառապես վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանի կոլեգիալ կազմով քննվող գործերով դատական նիստը նախագահողը:
13. Յուրաքանչյուր դատավոր քանակական եւ որակական չափանիշների հիման վրա իրականացնում է ինքնագնահատում: Քանակական չափանիշներով ինքնագնահատումն իրականացվում է ՀՀ դատական դեպարտամենտի կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Դատական դեպարտամենտը դատավորին եւ գնահատման հանձնաժողովին է ուղարկում քանակական չափանիշների համար անհրաժեշտ տվյալները:
14. Որակական չափանիշներով գնահատման համար հանձնաժողովը պետք է հաշվի առնի` դատավորի կողմից քննված գործերի առնվազն 10 դատական նիստի ձայնային արձանագրություններ (բացակայության դեպքում՝ պարզ թղթային արձանագրություններ) եւ առնվազն 10 գործն ըստ էության լուծող դատական ակտեր (պատահական ընտրությամբ):
Սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով սահմանված չափանիշներով գնահատման համար գնահատման հանձնաժողովը հարցումներ է ուղղում դատավորներին:
15. Սույն օրենսգրքի 96.3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գնահատման ընդհանուր արդյունքներում դատավորի գործունեության գնահատման որակական չափանիշներով գնահատման արդյունքները պետք է ունենան գերակայող նշանակություն:
Հոդված 96.3. Դատավորների գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը
1. Ինքնագնահատման թերթիկը ստանալու օրվան հաջորդող երեք շաբաթվա ընթացքում դատավորը գնահատման հանձնաժողով է ներկայացնում լրացված ինքնագնահատման թերթիկ:
2. Դատավորի ինքնագնահատման թերթիկի եւ ՀՀ դատական դեպարտամենտի կողմից տրամադրված՝ սույն օրենսգրքի 96.2-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ մասերով նախատեսված տվյալների հիման վրա գնահատման հանձնաժողովը ամփոփում է գնահատման արդյունքները:
3. Դատավորների գործունեության գնահատման ընդհանուր արդյունքները հաշվարկվում են սույն օրենսգրքի 96.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գնահատման 3 տարիների եւ 96.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գնահատման արդյունքների հիման վրա:
4. Գնահատման հանձնաժողովը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գնահատման ընդհանուր արդյունքների հիման վրա, ըստ յուրաքանչյուր չափանիշի եւ ըստ գնահատումների հանրագումարի, դատավորների գործունեությունը գնահատում է.
1) բարձր,
2) լավ,
3) միջին,
4) ցածր:
5. Դատավորների գործունեության գնահատման արդյունքներով բացահայտված ընդհանուր խնդիրները, ինչպես նաեւ առանձին դատավորների վերաբերյալ ցածր արդյունքները քննարկվում են գնահատման հանձնաժողովում:
6. Գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատավորի ուղարկում է նրա` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գնահատականը: Գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են նաեւ այն դատարանի նախագահին, որտեղ աշխատում է դատավորը:
7. Գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան:
8. Գնահատման հանձնաժողովի որոշումը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է տվյալ դատավորի գործունեության նոր գնահատում՝ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:
9. Դատավորը կարող է գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացնել առարկություն, որը կցվում է այդ որոշումներին:
Հոդված 96.4. Դատավորների գործունեության գնահատման հետեւանքները
1. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում գնահատման հանձնաժողովը որոշում է կայացնում դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն:
Գնահատման հանձնաժողովի որոշումները տրամադրվում են ուսումնական հարցերի հանձնաժողովին` վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:
2. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը միջին գնահատվելու դեպքում գնահատման հանձնաժողովը դատավորին առաջարկում է անցնել լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ, եթե գնահատմամբ բացահայտվում է որոշակի չափանիշով նրա հմտությունները կատարելագործելու անհրաժեշտություն: Դատավորի կողմից վերապատրաստում անցնելու համաձայնության առկայության դեպքում գնահատման հանձնաժողովի որոշումը տրամադրվում է ուսումնական հարցերի հանձնաժողովին` վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:
3. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում դատավորը չի կարող դիմել ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու կամ դատարանի նախագահի թափուր պաշտոնը համալրելու համար՝ մինչեւ գնահատման արդյունքների հաջորդ ամփոփումը:
4. Այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է բարձր, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմելիս ունեն ցուցակում ընդգրկվելու նախապատվության իրավունք:
5. Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով դիմել է ցուցակի համապատասխան բաժինը լրացնելու համար նախապատվության իրավունք ունեցող անհրաժեշտ քանակից ավելի թեկնածու, ապա Արդարադատության խորհուրդը նրանց վերաբերյալ անցկացնում է քվեարկություն՝ սույն օրենսգրքի 137-րդ եւ 138-րդ հոդվածներով նախատեսված կարգով, հաշվի առնելով՝
1) ինքնագնահատման թերթիկը,
2) գնահատման հանձնաժողովի որոշումը,
3) գնահատման հանձնաժողովի որոշման վերաբերյալ դատավորի առարկությունները (առկայության դեպքում):
6. Այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է բարձր եւ լավ, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմելիս սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձանցից հետո ունեն ցուցակում ընդգրկվելու նախապատվության իրավունք՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով, իսկ նրանցից հետո նախապատվության իրավունք ունեն այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է լավ:
96.5. Գնահատման հանձնաժողովի անդամ գործող դատավորների գործունեության գնահատումը
1.Գնահատման հանձնաժողովի անդամ գործող դատավորների գնահատումն իրականացվում է սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:
Գնահատման հանձնաժողովի գնահատվող անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը եւ արդյունքների ամփոփմանը:
2. Հանձնաժողովի անդամի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված՝ հօգուտ գնահատման հանձնաժողովի անդամի:
Հոդված 5. Oրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ. Արդարադատության խորհրդի որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով:»։
Հոդված 6. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասում «ուսումնական հարցերի հանձնաժողովը» բառերից հետո լրացնել «, Դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովը» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 135-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 135. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման, դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի, վճռաբեկ դատարանի պալատի դատավորի եւ նախագահի նշանակման հետ կապված` քվեաթերթիկներով քվեարկության ժամանակ հաշվի առնվող հատկանիշները
1. Արդարադատության խորհրդի անդամը դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման, դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի, վճռաբեկ դատարանի պալատի դատավորի եւ նախագահի նշանակման վերաբերյալ քվեաթերթիկներով քվեարկելիս հաշվի է առնում դատավորների գործունեության գնահատման արդյունքները:
2. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակների կազմման ժամանակ հաշվի են առնվում դատավորների գործունեության գնահատման վերջին երկու արդյունքները:
Հոդված 8. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝
1) արդարադատություն իրականացնելիս նյութական նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.
2) արդարադատություն իրականացնելիս դատավարական նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.
3) դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը.
4) դատավորի կողմից սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով, 156-րդ հոդվածի 3-րդ մասով, 159-րդ հոդվածի 3-րդ մասով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաեւ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու եւ փորձաշրջանի ղեկավարի իր համար սահմանված պարտականությունները չկատարելը.
5) սույն օրենսգրքով սահմանված կարգով էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին արդարադատության եւ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ օրենքով չնախատեսված այլ ներգործության մասին չհայտնելը:
Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 153.1-րդ եւ 153.2-րդ հոդվածներով.
«Հոդված 153. 1 . Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`
1) սույն օրենգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հիմքերով՝ տվյալ գործով կամ հարցով համապատասխան դատական ակտը կայացնելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում.
2) սույն օրենգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո.
3) սույն օրենգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո.
4) սույն օրենգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով՝ խախտումը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո:
Հոդված 153.2. Նյութական եւ դատավարական նորմն ակնհայտ եւ կոպիտ խախտելը չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ
1. Սույն գլխի իմաստով ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որեւէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:
2. Կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որը հեղինակազրկում է արդարադատությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ:
3. Կոպիտ է նաեւ պարբերաբար կատարված այն խախտումը, որը առանձին վերցված կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է արդարադատությունը կամ դատավորի բարձր կոչումը:
4. Սույն գլխի իմաստով նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտումը կատարված է չարամտությամբ, եթե դատավորը գիտակցել է կամ չէր կարող չգիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:
5. Սույն գլխի իմաստով նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտումը կատարված է կոպիտ անփութությամբ, եթե դատավորը չի կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ լինելը, թեեւ տվյալ իրադրությունում կարող էր եւ պարտավոր էր դա անել:
6. Արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի եւ ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:»:
Հոդված 10. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասից հանել «աշխատանքային կարգապահության կամ» բառերը,
Հոդված 11. Օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. վարույթը հարուցող անձը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգքով սահմանված ժամկետները, եթե դատավորը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով .»:
Հոդված 12. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 155-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը:
Հոդված 13. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 5-րդ եւ 8-13-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին, 2-րդ եւ 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի օգոստոսի 1-ից:
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
4. Սույն օրենքի 3-րդ եւ 7-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
5. Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորների գործունեության՝ ՀՀ դատական օրենսգրքի 96.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առաջին գնահատումը սկսվում է 2015 թվականի հունվարի 1-ից:
6. Գնահատման առաջին հանձնաժողովի անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ:
7. Սույն օրենքի 7-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակների կազմման ժամանակ հաշվի են առնվում դատավորների գործունեության գնահատման առաջին արդյունքը: