Armenian ARMSCII Armenian
Կ-4991-23.04.2014,12.06.2014-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Վարչական դատարան կարող են դիմել նաեւ դատավորները Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 96.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ դատավորների գնահատման հանձնաժողովի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները վիճարկելու վերաբերյալ գործերով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Արդարադատության խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով:»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 31.1

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 222.1. Դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումների վիճարկման վերաբերյալ գործերը

1. Վարչական դատարան կարող են դիմել դատավորները՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 96.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ դատավորների գնահատման հանձնաժողովի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները վիճարկելու պահանջով:

2. Սույն գլխով նախատեսված գործերով դատավորը կարող է դիմել վարչական դատարան դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

3. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է կոլեգիալ՝ 5 դատավորի կազմով:

4. Սույն գլխով նախատեսված գործերի վրա տարածվում են վիճարկման հայցին վերաբերող կանոնները՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են սույն գլխով նախատեսված գործերի քննության վրա:»:

Հոդված 4. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

Սույն օրենքը, բացառությամբ 2-րդ հոդվածի, ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: