Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5433-18.06.2014-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 44-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 44. Համայնքի ղեկավարի գործունեությունը գյուղատնտեսության բնագավառում

1. Համայնքի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

1) կատարում է համայնքային սեփականություն համարվող ոռոգման ցանցերի շահագործումը, դրանց շինարարությունը եւ վերանորոգումը.

2) համաքաղաքային կանոններին համապատասխան տալիս է Երեւան քաղաքի եւ քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն եւ կատարում է դրանց ամենամյա հաշվառում:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետեւյալ կամավոր լիազորությունները.

1) աջակցում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը.

2) աջակցում է տոհմային եւ սերմնաբուծական աշխատանքներին.

3) կազմակերպում է ագրարային կանոնների պահպանման աշխատանքները:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 44.1-րդ հոդվածով

«44.1. Համայնքի ղեկավարի գործունեությունը անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում

1. Համայնքի ղեկավարը, անասնաբուժության բնագավառում որպես պարտադիր լիազորություն, կատարված անասնահակահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում լիազոր մարմնին:

2. Համայնքի ղեկավարը անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում իրականացնում է պետության պատվիրակած հետեւյալ լիազորությունները.

1) աջակցում է անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրի իրականացման աշխատանքներին,

2) անասնահամաճարակային իրավիճակից ելնելով` ըստ վարակման ռիսկի, սահմանազատում է արոտավայրերը եւ ջրելատեղերը` անհրաժեշտության դեպքում սահմանափակելով կամ արգելելով դրանց օգտագործումը.

3) աջակցում է անասնաբուժական ծառայության աշխատանքներին, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման եւ վերացման միջոցառումներին, կենդանիների դիակների, խոտանման ենթակա կենդանական ծագման մթերքի եւ հումքի մեկուսացման, վնասազերծման եւ ոչնչացման, տարածքների ախտահանման, օրգանական ծագման կենդանական թափոնների տեղադրման, պահման եւ այդ տարածքներ կենդանիների մուտքի արգելման, անասնաբուժական հսկողությամբ կենդանիների կենտրոնացված սպանդի, կենդանական ծագման հումքի եւ մթերքի հավաքման, պահեստավորման աշխատանքներին.

4) աջակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների եւ մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներին.

5) աջակցում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման եւ գրանցման, ինչպես նաեւ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված՝ կենդանիների անձնագրերի, կենդանիների հաշվառման եւ անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարման աշխատանքներին»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: