Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) հայցադիմումը եւ կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին եւ երրորդ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները.»:
Հոդված 2. Օրենսգրքի 78-րդ հոդվածի՝
1) 5-րդ մասում «որոշումն» բառը փոխարինել «որոշումը, հայցադիմումի եւ կից փաստթաթղթերի պատճենները» բառերով.
2) 6-րդ մասում «որոշումը» բառը փոխարինել «որոշումը, հայցադիմումի եւ կից փաստթաթղթերի պատճենները» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման
Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները
2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում էր, որ հայցադիմումին պետք է կցվեն նաեւ «Հայցադիմումը եւ կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին եւ գործին մասնակցող այլ անձանց, սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան, ստանալը հավաստող փաստաթղթերը»: ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով նշված իրավանորմի սահմանադրականության հարցը, 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ ՍԴՈ-1127 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով հիշյալ կետը՝ «ստանալը հավաստող փաստաթղթեր» ներկայացնելու պահանջի մասով ճանաչել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր:
Նույնաբովանդակ ձեւակերպմամբ դրույթ է ամրագրվել նաեւ 2014թ. հունվարի 7-ին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, որպիսի հանգամանքը, փաստորեն, հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմանը:
Առաջարկվող լուծումները
Խնդրի առարկա հարցին լուծում տալու նպատակով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված դրույթը խմբագրել ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1127 որոշմանը համահունչ ձեւակերպմամբ:
Բացի այդ, նշված փոփոխությունից բխող անհրաժեշտ փոփոխություն է կատարվել նաեւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում՝ դատարանի համար հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման հետ միասին հայցադիմումի եւ կից փաստթաթղթերի պատճենները նույնպես պատասխանող կողմին ուղարկելու պարդատիր պայման ամրագրելով:
Ակնկալվող արդյունքը
Օրինագծի ընդունմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1127 որոշման պահանջներին: