Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի ոլորտի իրականացմանը, կառավարմանն առնչվող հարաբերությունները, ամրագրում է պարտադիր բուսասանիտարական պահանջները եւ բույսերի, բուսական արտադրանքի եւ այլ կարգավորվող առարկաների աճեցման, պահպանման, փոխադրման կամ շուկայահանման գործընթացում բուսասանիտարական հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ հողերի մշակությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պարտականությունները::
2. Սույն օրենքը տարածվում է բուսասանիտարիայի ոլորտում ծագած հարաբերություններին մասնակից բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ բուսասանիտարիայի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց վրա:
Հոդված 2. Բուսասանիտարիայի մասին օրենսդրությունը
1. Բուսասանիտարիայի ոլորտում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`
1) լիազոր մարմին (մարմիններ)՝ բուսասանիտարիայի բնագավառում քաղաքականություն մշակող, վերահսկողություն իրականացնող եւ (կամ) ծառայություններ մատուցող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին (մարմիններ).
2) բույսեր՝ բույսերն ամբողջությամբ եւ բույսերի առանձին մասերը, այդ թվում` սերմերը, սաղմը.
3) բուսասանիտարիա` առողջ միջավայրում առողջ բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգ.
4) բույսերի կարանտին՝ բույսերի պաշտպանության պետական միջոցառումների համալիր, որի նպատակն է բացահայտել, մեկուսացնել եւ վերացնել բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների համար կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված օջախները.
5) բուսական արտադրանք` բուսական ծագման չվերամշակված նյութ, ինչպես նաեւ վերամշակված մթերքներ (բացառությամբ ջերմամշակում անցածների), որոնք իրենց բնույթով կամ վերամշակման եղանակով կարող են ստեղծել վնասակար օրգանիզմների ներթափանցման եւ (կամ) տարածման վտանգ.
6) բուսասանիտարական ռիսկի վերլուծություն` կենսաբանական եւ տնտեսական տվյալների գնահատում` վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունն որոշելու, դրանց դեմ պայքարի բուսասանիտարական միջոցառումներ իրականացնելու կամ բուսասանիտարական միջոցառումներն ուժեղացնելու նպատակով.
7) բուսասանիտարական կանոններ եւ նորմեր` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված բուսասանիտարական պահանջներ.
8) բույսերի պաշտպանություն՝ բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման եւ փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական եւ կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանության, բույսերի եւ կենդանիների պաշտպանությանն ուղղված վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների համալիր.
9) բուսասանիտարական զննում` բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների ակնադիտական հետազոտություն` վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով.
10) բույսերի կարանտին վնասակար օրգանիզմ` վտանգի ենթարկված գոտու համար տնտեսական նշանակություն ունեցող վնասակար օրգանիզմ, որը տվյալ գոտում դեռեւս բացակայում է կամ առկա է սահմանափակ, հանդիսանում է պայքարի օբյեկտ եւ պաշտոնապես հսկվում է.
11) բույսերի վնասակար օրգանիզմ՝ բույսերի, բուսական արտադրանքի համար հիվանդությունների, վնասատուների եւ մոլախոտերի ցանկացած տեսակ.
12) բույսերի կարանտին գոտի՝ տարածք, որտեղ գոյություն ունի կարանտին վնասակար օրգանիզմ, որի հետագա տարածումը կանխարգելու եւ վերացնելու նպատակով սահմանվել է կարանտին հսկողություն եւ անցկացվում են բուսասանիտարական միջոցառումներ.
13) բույսերի կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմ՝ վնասակար օրգանիզմ, որի առկայությունը տնտեսական վնաս է հասցնում բույսերի նպատակային օգտագործմանը եւ հսկվում ներմուծող երկրի կողմից.
14) բույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքար՝ կարանտին վնասակար օրգանիզմների սերնդատվության ճնշման, մեկուսացման եւ (կամ) վերացման, ինչպես նաեւ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների կառավարման նպատակով բուսասանիտարական կանոնների պարտադիր կիրառում.
15) կարգավորվող առարկա (կարանտին օբյեկտ)` ցանկացած բույս, բուսական արտադրանք, պահեստային տարածք, փաթեթավորման նյութ, տրանսպորտային միջոց, բեռնարկղ, հող եւ ցանկացած այլ օբյեկտ կամ նյութ, որը կարող է պարունակել կամ տարածել բույսերի վնասակար օրգանիզմ եւ որի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել բուսասանիտարական միջոցառումներ.
16) բուսասանիտարական փորձաքննություն` բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող այլ առարկաների լաբորատոր հետազոտություն՝ վնասակար օրգանիզմի առկայությունը կամ բացակայությունը հայտնաբերելու նպատակով.
17) բուսասանիտարական հաշվառում` բուսասանիտարիայի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալների հավաքում, դասակարգում, պահպանում, թարմացում եւ օգտագործում.
18) բուսասանիտարական հաշվառման վկայական` բուսասանիտարական հաշվառման արդյունքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրվող փաստաթուղթ.
19) բուսասանիտարական միջոցառում` պաշտոնական գործընթաց՝ ուղղված կարանտին վնասակար օրգանիզմի ներթափանցման եւ (կամ) տարածման կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմից սպասվող տնտեսական վնասի սահմանափակմանը.
20) բուսասանիտարական անձնագիր` Հայաստանի Հանրապետությունում արտադրված բույսերը, բուսական արտադրանքը, կարգավորվող առարկաներն ուղեկցող փաստաթուղթ, որը հավաստում է դրանց ստուգված եւ կարանտին վնասակար օրգանիզմից զերծ լինելու մասին.
21) խմբաքանակ` նույն նշանակության, միեւնույն արտադրողի կողմից գործողության նույն սկզբունքով արտադրված (պատրաստված), նույն բաղադրությամբ եւ անվտանգությունը բնութագրող սահմանված նույն պահանջներին համապատասխանող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի որոշակի քանակ, որը ուղեկցվում է ապրանքաուղեկից փաստաթղթով.
22) բուսասանիտարական ուսումնասիրություն` պաշտոնական միջոցառում` անցկացված սահմանված ժամանակահատվածում, վնասակար օրգանիզմի սերնդատվության բնութագրի կամ տվյալ գոտում վնասակար օրգանիզմների կազմի որոշման նպատակով.
23) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք՝ բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկա.
24) ագրոքիմիկատներ` պարարտանյութեր, քիմիական հողաբարելավիչներ, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար.
25) պեստիցիդ` ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց եւ կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացներին խանգարող եւ խոչընդոտող վնասատուների), բույսերի եւ սնկերի անցանկալի տեսակների կանխարգելման, ոչնչացման կամ պայքարի համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), կրծողների դեմ պայքարի միջոցները (ռոտենդիցիդներ), սնկասպանները (ֆունգիցիդներ), մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված նյութերը (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները եւ ֆումիգանտները.
26) սերմանյութ (տնկանյութ)՝ սորտի վերարտադրության նպատակով օգտագործվող բույս կամ դրա առանձին մաս:
ԳԼՈՒԽ 2
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 4. Բուսասանիտարիայի խնդիրները
Բուսասանիտարիայի խնդիրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին եւ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմի հայտնաբերումը եւ ոչնչացման կազմակերպման վերահսկողությունը.
2) Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմի ներթափանցման եւ տարածման կանխարգելումը՝ բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննման, փորձաքննության համար նմուշառման եւ բույսերի պաշտպանության նպատակով միջոցառումների իրականացումը.
3) բուսասանիտարական կանոնների եւ նորմերի պահպանումը` բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման եւ տարանցիկ փոխադրման ժամանակ.
4) բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների արտադրության եւ վերամշակման ընթացքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրացման կետերում բուսասանիտարական կանոնների եւ նորմերի պահպանումը եւ դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
5) բույսերի վնասակար օրգանիզմի զանգվածային բազմացումն ու տարածումը ժամանակին կանխատեսելու, ախտորոշելու եւ կանխարգելելու նպատակով միջոցառումների իրականացումը.
6) գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի, անտառի բուսասանիտարական վիճակի բարելավման, շրջակա միջավայրին, բուսական եւ կենդանական աշխարհին սպառնացող վնասի բացառման ապահովումը:
Հոդված 5. Բուսասանիտարիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Բուսասանիտարիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են՝
1) ոլորտում իրականացվող նպատակային ծրագրերի հաստատումը.
2) բուսասանիտարիայի միջազգային համագործակցության պետական ծրագրերի հաստատումը.
3) պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման եւ գրանցումից հանելու կարգի եւ փաստաթղթերի ցանկի ու ձեւի սահմանումը.
4) պեստիցիդների եւ ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմի եւ գործունեության կարգի սահմանումը.
5) պեստիցիդների եւ ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգի եւ պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման եզրակացության ձեւերի սահմանումը.
6) բույսերի կարանտինի սահմանումը եւ կարանտինի չեղյալ հայտարարումը.
7) պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությանը եւ շրջանառությանը ներկայացվող պահանջների սահմանումը.
8) պեստիցիդի եւ ագրոքիմիկատի փաթեթավորմանը ներկայացվող պահանջների սահմանումը.
9) սույն օրենքից բխող իրավական այլ ակտերի ընդունումը:
ԳԼՈՒԽ 3
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻՆ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 6. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պետական գրանցումը, վերագրանցումը եւ գրանցումից հանելը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող եւ շրջանառվող պեստիցիդները եւ ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման:
2. Պեստիցիդների եւ (կամ) ագրոքիմիկատների պետական գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը՝ պեստիցիդների եւ ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետությունում արտադրված նոր պեստիցիդների եւ (կամ) ագրոքիմիկատների պետական գրանցումը իրականացվում է, եթե՝
1) դրանք երկու տարի անընդմեջ փորձարկվել են Հայաստանի Հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում.
2) առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:
4. Օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված եւ գործածության մեջ գտնվող պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է, եթե առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:
5. Սույն օրենքով սահմանված դեպքերում պեստիցիդների եւ ագրոքիմիկատների փորձարկումն իրականացվում է դրանք գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցների հաշվին:
6. Պեստիցիդները եւ (կամ) ագրոքիմիկատները գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից տրամադրված տվյալները պաշտպանված են եւ հրապարակման ենթակա չեն, եթե փաստաթղթային փաթեթի ներկայացման ժամանակ դիմողը պահանջել է ազդող նյութի, հակաթույնի կամ համագործչի, օժանդակ նյութերի եւ պեստիցիդների վերաբերյալ փորձերի եւ հետազոտությունների արդյունքների մասին տվյալների պաշտպանություն, ինչպես նաեւ հաստատում այն մասին, որ փորձերի եւ հետազոտությունների արդյունքների վերաբերյալ տվյալների պաշտպանության ժամկետ երբեք չի սահմանվել կամ սահմանված որեւէ ժամկետ չի լրացել:
7. Պեստիցիդները եւ ագրոքիմիկատները գրանցվում են տասը տարի ժամկետով, եւ գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրվում է գրանցման վկայական:
8. Պեստիցիդները եւ ագրոքիմիկատներն ենթակա են վերագրանցման եթե.
1) լրացել է գրանցման ժամկետը եւ վերագրանցման մասին հայտ է ներկայացվել.
2) մինչեւ գրանցման ժամկետի լրանալը տեղի է ունեցել պեստիցիդների եւ (կամ) ագրոքիմիկատների ազդող նյութերի կամ լցանյութերի տոկոսային հարաբերությունների փոփոխություն:
9. Պեստիցիդները եւ ագրոքիմիկատները գրանցումից հանվում են, եթե լրացել է գրանցման ժամկետը կամ ներկայացվել է գրանցումից հանելու հայտ:
Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պեստիցիդներին եւ ագրոքիմիկատներին ներկայացվող պահանջները
1. Ներմուծման եւ շրջանառության փուլերում պեստիցիդները եւ ագրոքիմիկատները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
2. Արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել եւ օգտագործել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ:
3. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել արտադրողի կողմից սահմանված պիտանելիության ժամկետի մեկ երրորդից պակաս պիտանելիության ժամկետ ունեցող պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ:
Հոդված 8. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումը
1. Պեստիցիդները եւ ագրոքիմիկատները ենթակա են պարտադիր թունաբանահիգիենիկ գնահատման, որն իրականացնում են անհրաժեշտ գիտական ու նյութական ապահովվածություն եւ համապատասխան որակավորված մասնագետներ ունեցող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նման լիազորություններ ունեցող կազմակերպությունները:
2. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատման անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:
3. Կատարվող փորձարկումների կարգերի, ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի տեսականու, պատրաստուկի ծախսի նորմաների եւ կիրառման տեխնոլոգիաների, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների կիրառման մասին հրահանգների ու հանձնարարականների համընկնման դեպքում: Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների եւ ագրոքիմիկատների գրանցման ընթացքում կարող են ընդունվել այլ երկրներում իրականացված փորձարկման արդյունքները: Երկրների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Թունաբանահիգիենիկ գնահատման սկզբունքներն են`
1) թունաբանահիգիենիկ գնահատման եզրակացությունների գիտական հիմ-նավորումը.
2) գնահատող փորձագետների անկախությունը` լիազորությունների իրականացման ժամանակ.
3) գնահատման ամբողջական իրականացումը.
4) հետազոտվող նյութերի գաղտնիության ապահովումը.
5. Պեստիցիդի եւ (կամ) ագրոքիմիկատի թունաբանահիգիենիկ գնահատման արդյունքում կազմվում է պեստիցիդի եւ (կամ) ագրոքիմիկատի անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ:
6. Որեւէ բուսական արտադրանքի շրջանառության համար նախատեսված պեստիցիդի ազդող նյութի հետազոտության սահմանված մեթոդի բացակայության դեպքում նշված բուսական արտադրանքը չի ներառվում այն մշակաբույսերի ցանկում, որոնցում տվյալ պատրաստուկը կարող էր օգտագործվել:
Հոդված 9. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող պահանջները
1. Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող չափածրարված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների վրա հայերեն մակնշումը պարտադիր է:
2. Մակնշումը զետեղվում է անմիջապես տարայի եւ (կամ) տարայի պահպանումը ապահովող փաթեթվածքի նյութին ամրացված պիտակի վրա:
3. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների մակնշումը պետք է ներառի՝
1) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը եւ նշանակությունը.
2) ազդող նյութի անվանումը, պարունակությունը.
3) արտադրողի անվանումը եւ գտնվելու վայրը (երկիրը, իրավաբանական հասցեն).
4) պատրաստուկային ձեւը.
5) տարայի ծավալը եւ(կամ) զտաքաշը.
6) տեղեկություն անվտանգության մասին.
7) մանիպուլացիոն նշանները.
8) տեղեկատվություն կիրառման վերաբերյալ (մշակվող մշակաբույսերը կամ օբյեկտը, ծախսի նորմաները, մշակումների առավելագույն քանակը, պարբերականությունը, վնասակար օրգանիզմը, ,սպասման ժամկետներըե).
9) գրանցման վկայականի համարը.
10) արտադրության ժամկետը (ամիսը, տարեթիվը).
11) պահման պայմանները.
12) պիտանելիության ժամկետը.
13) նույնականացման կոդը (շտրիխ).
14) կիրառման սահմանափակումները (այլ պեստիցիդների եւ ագրոքիմիկատների հետ համատեղելիություն, բուսաթունունակություն (ֆիտոտոքսիկություն)).
15) անվտանգության կանոնները աշխատելիս, տեղափոխելիս եւ պահպանելիս.
16) թափված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների վնասազերծման եղանակները.
17) դատարկ տարաների վնասազերծման եւ(կամ) ոչնչացման եղանակները.
18) սուր թունավորումների կլինիկական պատկերը (տվյալների առկայության դեպքում), խորհուրդներ բժշկին, այդ թվում հակաթույնի անվանումը (առկայության դեպքում).
19) առաջին օգնությունը թունավորման դեպքում։
4. Երկաթուղային ցիստերների եւ ավտոցիստերների մակնշումը զետեղվում է երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտով բեռների տեղափոխման կանոններին համապատասխան:
5. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների փաթեթավորման, սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի կամ ներդիրի վրա զետեղված տեղեկությունները պետք է լինեն ընթեռնելի, ամբողջական ու հավաստի:
6. Մակնշումը պետք է կայուն լինի քիմիական նյութերի, կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ, պահպանվի պեստիցիդի եւ ագրոքիմիկատի երաշխիքային պահպանման ժամկետի ընթացքում:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. Հողերի մշակությունը, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների օգտագործումը, մոլախոտային բուսականության դեմ տարվող պայքարը
1. Գյուղատնտեսական նշանակության հողերի մշակությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են իրականացնել`
1) հողի հիմնական, նախացանքային, հետցանքային եւ միջշարքային մշակության համալիր միջոցառումներ.
2) հողի հողատարումը կանխարգելող համալիր միջոցառումներ.
3) հողի երկրորդային աղակալումը եւ ճահճացումը կանխարգելող համալիր միջոցա-ռումներ.
4) հողի խորքային ջրերի թույլատրելի մակարդակի պահպանումը, ինչպես նաեւ մշակաբույսերի ոռոգման ընթացքում գերխոնավության կանխարգելումը.
5) հողի օգտակար հատկանիշների պահպանման համալիր միջոցառումներ.
6) հողը պեստիցիդների, ագրոքիմիկատների եւ կենսապատրաստուկների վնասակար մնացորդների աղտոտումից պաշտպանելու միջոցառումներ.
7) հողի հիմնական սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պակասը լրացնող համալիր միջոցառումներ.
8) պարարտացման համալիր միջոցառումների կատարման ընթացքում բուսասանիտարական անվտանգության ապահովումը:
2. Արգելվում է`
1) Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների անվանացանկում չընդգրկված, ինչպես նաեւ ընդգրկված, բայց ժամկետանց եւ անորակ պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծումն, իրացումն ու օգտագործումը.
2) բուսասանիտարական նորմերին չհամապատասխանող պահեստներում ու շինություններում պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պահպանումը.
3) պահեստներում պեստիցիդների ու ագրոքիմիկատների եւ սննդամթերքի համատեղ պահպանումը, փոխադրամիջոցներով դրանց միաժամանակյա փոխադրումը.
4) պեստիցիդների եւ ագրոքիմիկատների մնացորդային առավելագույն քանակը գերազանցող բուսաբուծական մթերքների իրացումը.
5) պեստիցիդների եւ ագրոքիմիկատների օգտագործման համար թույլատրելի քանակների գերազանցումը:
Հոդված 11. Սերմանյութի եւ տնկանյութի արտադրությունը, ներմուծումը, իրացումն ու որակի պահպանումը
1. Գյուղատնտեսական նշանակության հողերի մշակությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել`
1) սերմանյութի ու տնկանյութի արտադրության համար հողի տեղանքի ընտրությունը.
2) մշակաբույսերի ցանքափոխանակությունը.
3) սերմանյութի ու տնկանյութի սորտայնության (սորտ, հիբրիդ, վերարտադրություն) դասի եւ որակի վկայականի առկայությունը.
4) սերմանյութի եւ տնկանյութի նախացանքային մշակությունը` զտումը, տեսակավո-րումը, ախտահանումը.
5) սերմադաշտերի եւ տնկարանների գնահատման (ապրոբացիա) հատուկ միջոցառումների իրականացումը՝ դաշտային հետազոտություններ՝ սերմադաշտերի եւ տնկարանների տեսակային եւ սորտային մաքրության ու միատարրության, վնասակար օրգանիզմներով վարակվածության որոշման միջոցառումներ.
6) սերմանյութի ու տնկանյութի ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման եւ օգտագործման համալիր միջոցառումների իրականացումը:
2. Արգելվում է անհայտ ծագում ունեցող սերմանյութի եւ տնկանյութի իրացումը եւ օգտագործումը:
Հոդված 12. Բույսերի կարանտին եւ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմի դեմ տարվող պայքարը
1. Բուսասանիտարիայի ոլորտում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել`
1) գյուղատնտեսական հողատեսքերի, ցանքերի եւ տնկարկների կարանտին եւ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը.
2) հողում եւ բուսական արտադրանքում պեստիցիդների եւ ագրոքիմիկատների թույլատրելի մնացորդային առավելագույն քանակի չգերազանցումը.
3) բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող այլ առարկաների բուսասանիտարական զննումը, ստուգումը եւ փորձաքննությունը:
2. Արգելվում է`
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց, անորակ եւ արգելված, բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր պեստիցիդների եւ ագրոքիմիկատների օգտագործումը.
2) մինչեւ 18 տարեկան, պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննություն չանցած անձանցԴ ինչպես նաեւ հղի եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավումը պեստիցիդների հետ կատարվող աշխատանքներում.
3) ախտահանված սերմերի` որպես սնունդ, անասնակեր օգտագործումը.
4) կարանտին հայտարարված տարածքներից բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների արտահանումն առանց բուսասանիտարական անձնագրի:
3. Բույսերի վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունն որոշելու, անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով լիազոր մարմինն իրականացնում է բուսասանիտարական ուսումնասիրություն:
Հոդված 13. Բուսասանիտարիայի ոլորտում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ, ագրոքիմիկատներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բուսասանիտարական հաշվառումը
1. Բուսասանիտարիայի ոլորտում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք հաշվառվում են լիազոր մարմնի կողմից՝ հաշվառման էլեկտրոնային համակարգում գրանցման եւ բուսասանիտարական հաշվառման վկայականի տրամադրման միջոցով:
2. Յուրաքանչյուր արտադրող, որի արտադրանքը նախատեսված է իրացման համար՝ հաշվառվում է լիազոր մարմնի կողմից, որի տվյալները գրանցվում են պաշտոնական գրանցամատյանում եւ տրվում է հաշվառման չկրկնվող համար:
3. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում այն բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող այլ առարկաների փոքր քանակների նկատմամբ, եթե դրանք նախատեսված են վերջինիս սեփականատիրոջ կամ ստացողի կողմից ոչ արդյունաբերական եւ ոչ առեւտրային նպատակներով սպառման համար կամ փոխադրման ընթացքում սպառման համար, եթե առկա չէ վնասակար օրգանիզմների տարածման ռիսկ:
4. Բուսասանիտարական հաշվառման կարգը, վկայականի եւ գրանցամատյանի ձեւերը հաստատում է լիազոր մարմինը:
Հոդված 14. Բուսասանիտարական անձնագիր
1. Բուսասանիտարական անձնագիրը տրվում է միայն հաշվառված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող այլ առարկաների համար՝ բուսասանիտարական զննման կամ փորձաքննության արդյունքում եւ բուսասանիտարական կանոնների ու նորմերի բավարարման դեպքում:
2. Բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերը, բուսական արտադրանքը եւ կարգավորվող այլ առարկաներն արգելվում է ներմուծել վնասակար օրգանիզմներից զերծ գոտի կամ տեղափոխել այդ գոտով, բացառությամբ, եթե առկա է բուսասանիտարական անձնագիր տվյալ գոտու համար:
Հոդված 15. Վնասակար օրգանիզմների հայտնաբերման մասին ծանուցում
1. Լիազոր մարմինը գրավոր ծանուցում է Բույսերի պաշտպանության միջազգային կազմակերպությանը եւ Բույսերի պաշտպանության եվրոպական կազմակերպությանը, եթե հայտնաբերել է վնասակար օրգանիզմ, որի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք արգելված է:
2. Ծանուցման մեջ նշվում է նաեւ ձեռնարկված կամ նախատեսվող միջոցառումների մասին:
3. Լիազոր մարմինը միջոցներ է ձեռնարկում վնասակար օրգանիզմի վերացման, իսկ անհնարինության դեպքում դրանց տարածումը կանխարգելելու ուղղությամբ:
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վնասակար օրգանիզմի ռիսկի վերլուծությունը տվյալ տարածքի համար, ձեռնարկված միջոցառումների շարունակման, դադարեցման կամ փոփոխման անհրաժեշտությունը պարզելու նպատակով:
ԳԼՈՒԽ 5
ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 16. Բույսերի կարանտինի սահմանումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման, մեկուսացման, վերացման եւ տարածման կանխարգելման նպատակով իրականացված բուսասանիտարական մշտադիտարկման եւ լաբորատոր փորձաքննության եզրակացության հիման վրա, կարանտին օրգանիզմից զերծ գոտում, կարանտին վնասակար օրգանիզմով վարակվածություն հայտնաբերվելու դեպքում`
1) լիազոր մարմնի որոշմամբ ստեղծվում է ժամանակավոր աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվում են լիազոր մարմնի, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, բուսասանիտարիայի ոլորտի գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ.
2) ժամանակավոր աշխատանքային խումբը լիազոր մարմնին է ներկայացնում առաջարկություններ` կարանտին գոտում իրականացվող միջոցառումների վերաբերյալ.
3) լիազոր մարմինը հաստատում է հայտնաբերված վնասակար օրգանիզմի անվանումը, դրանց տարածման սահմանները (արեալները), հնարավոր վնասի գնահատումը, կարանտինի եւ հարող տարածքների սահմանները, առաջարկվող միջոցառումների ցանկը եւ կարանտին սահմանելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, միաժամանակ ներկայացնելով սույն կետով նախատեսված փաստաթղթերը.
4) բույսերի կարանտինը սահմանվում է հանրապետության, մարզի, համայնքի, բնակավայրերի կամ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող տարածքում կամ դրանց մի մասում.
5) Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին վնասակար օրգանիզմների տարածումը կանխելու նպատակով լիազոր մարմինը կարանտին գոտում իրականացնում է վերահսկողություն կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացման եւ կարգավորվող առարկաների վարակազերծման բուսասանիտարական միջոցառումների անցկացման նկատմամբ:
2. Բույսերի կարանտին սահմանված գոտիներից բույսերի եւ բուսական արտադրանքի, սերմերի եւ տնկանյութի դուրս բերումը կատարվում է լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական անձնագրի առկայությամբ: Առանց բուսասանիտարական անձնագրի դուրս բերված ապրանքները ենթակա են վարակազերծման, անհրաժեշտության դեպքում ոչնչացման:
3. Արգելվում է կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բազմամյա տնկարկներին հարող տարածքներում տնկարանի հիմնումը եւ չհետազոտված տարածքներից պատվաստակալների եւ պատվաստացուների մթերումն ու օգտագործումը:
4. Տնկանյութի արտադրությամբ զբաղվող յուրաքանչյուր տնտեսավարող պետք է ունենա կարանտին հսկողության մատյան` աճեցված եւ իրացված տնկանյութի կարանտին հետազոտությունների արդյունքները եւ կարանտին վնասակար օրգանիզմների բացակայության, բուսասանիտարական միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները գրանցելու համար:
5. Կարանտին սահմանված գոտում բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի, սերմերի եւ տնկանյութի արտադրությամբ, մթերմամբ, փոխադրմամբ, պահեստավորմամբ եւ (կամ) իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարանտին վնասակար օրգանիզմի դեմ պայքարի միջոցառումները կազմակերպում եւ անցկացնում են վերահսկողություն իրականացնող մարմնի անմիջական հսկողության ներքո:
6. Եթե կարանտին սահմանված գոտում բուսասանիտարական զննումից եւ (կամ) փորձաքննությունից պարզվել է, որ արտադրողի արտադրած, օգտագործած կամ պահեստավորած բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող այլ առարկաների որոշակի խմբաքանակ առողջ է եւ վնասակար օրգանիզմների տարածման ռիսկ չի ներկայացնում, ապա բուսասանիտարական անձնագիրը լրացվում է միայն տվյալ խմբաքանակի համար:
Հոդված 17. Բույսերի կարանտինի գոտում կիրառվող պայքարի միջոցառումները, կարանտինի չեղյալ հայտարարումը
1. Բույսերի կարանտինի գոտում իրականացվում է՝
1) բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող այլ առարկաների պարտադիր ախտահանում (վարակազերծում) կամ ոչնչացում.
2) բույսերի կարանտինի գոտում սահմանափակվում կամ արգելվում են բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող այլ առարկաների արտածումը, ինչպես նաեւ դրանց հետ առնչվող փոխադրամիջոցների ելքն ու մուտքը:
2. Բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պարտավոր է կարանտին գոտում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տալ առաջադրանքներ սույն օրենքի պահանջների կատարման վերաբերյալ եւ հսկողություն իրականացնել դրանց կատարման նկատմամբ:
3. Բույսերի կարանտինը չեղյալ է հայտարարվում լիազոր մարմնի առաջարկությամբ` համապատասխան միջոցառումների իրականացման եւ վնասակար օրգանիզմի օջախների ոչնչացման դեպքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ դեպքերում:
4. Բույսերի կարանտինի սահմանման եւ կարանտինի չեղյալ հայտարարման մասին տեղեկությունները տրվում են զանգվածային լրատվության միջոցներով:
ԳԼՈՒԽ 6
ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
Հոդված 18. Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող այլ առարկաների վարակազերծումն ու ոչնչացումը
1. Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների մուտքը, տարածումն ու վարակի օջախները վերացնելու նպատակով բուսասանիտարական փորձաքննության արդյունքում բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի տված եզրակացության հիման վրա վարակակիր կամ հիվանդության կասկած առաջացնող բույսերը, բուսական արտադրանքը եւ կարգավորվող այլ առարկաները վարակազերծվում կամ ոչնչացվում են՝ բուսասանիտարական կանոններին համապատասխան` բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հսկողությամբ:
2. Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող այլ առարկաների վարակազերծման անհրաժեշտությունը, կատարման վայրը եւ եղանակը որոշում է բուսասանիտարական լիազոր մարմնի պաշտոնատար անձը:
3. Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող այլ առարկաների վարակազերծման եւ ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 7
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 19 .Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար
Սույն օրենքը խախտող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով ագրոքիմիկատների վերաբերյալ սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով անժամկետ գրանցված եւ Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական ու կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված պեստիցիդները համարվում են գրանցված 10 տարի ժամկետով, սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ,Բուսասանիտարիայի մասինե Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-209-Ն օրենքը:
5. «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-209-Ն oրենքի համաձայն ընդունված իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի պահանջներին: