Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի 43.1-ին հոդվածի 4-րդ պարբերությունը «30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N5 հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջը խախտված լինելու մասին կազմված ակտերը կամ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռքբերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման արձանագրությունները կամ ստուգում իրականացնող անձանց գործողությունները բողոքարկվելու դեպքերի, որոնք հարկային մարմնի կողմից քննության են առնվում եւ դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հիմնավորում
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. Նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների եւ ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար հարկման առավել բարենպաստ պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. 2013 թվականի հունվարի 1-ից ներդրվել է շրջանառության հարկի համակարգը, որի շրջանակներում հարկային պարտավորությունները հաշվարկվում են իրացման շրջանառությունների հիման վրա` գործունեության յուրաքանչյուր տեսակի համար սահմանված դրույքաչափերով` առանց հաշվի առնելու ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծախսերը: Խնդիրը կայանում է նրանում, որ շրջանառության հարկ վճարողների կողմից կատարվող ձեռքբերումները չփաստաթղթավորելու մոտեցումը նկատելիորեն նպաստում է ստվերային շրջանառությունների ձեւավորմանը եւ սահմանափակում է շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարող խոշոր տնտեսավարող սուբյեկտների լիարժեք հարկման հնարավորությունները:
Բացի այդ, գործող հարկային օրենսդրությամբ ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար հարկման առաձնահատուկ մոտեցումներ նախատեսված չեն, ինչը չի սահմանափակում է այս խմբի տնտեսավարող սուբյեկտների ձեւավորման ու զարգացման գործընթացին:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
1) առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս եւ զուգահեռաբար սահմանել կատարվող ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու պարտադիր պահանջ,
2) ներդնել եւ 2-3 տարվա ընթացքում աստիճանաբար խստացնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու պարտադիր պահանջը խախտելու դեպքերում կիրառվող պատասխանատվության միջոցները,
3) սահմանել, որ պատասխանատվության միջոցները չեն կիրառվում, եթե տնտեսավարող սուբյեկտները հարկային մարմնին հայտնել են մատակարարների կողմից մատակարարված ապրանքների դիմաց հաշվարկային փաստաթղթեր չտրամադրելու փաստի մասին եւ վերջինս հաստատվել է հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման արդյունքներով (կամ հարկային մարմինը 1 օրվա ընթացքում տեղեկություն տրամադրող հարկ վճարողի մոտ ստուգում չի իրականացրել),
4) ներդնել առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների մոտ փաստաթղթավորման պահանջի ստուգման նպատակով հարկային մարմնի կողմից ստուգումների իրականացման եւ ստուգումների արդյունքների բողոքարկման պարզեցված ընթացակարգեր ու կարճ ժամկետներ,
5) առավել պարզեցնել շրջանառության հարկ եւ ԱԱՀ վճարող համարվելու ընթացակարգերը,
6) ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեության մասով ներդնել հարկման արտոնյալ համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը ամբողջությամբ ազատել պետական հարկերից, բացառությամբ վարձու աշխատողների եկամտային հարկի, որը յուրաքանչյուր վարձու աշխատողի համար առաջարկվում է սահմանել ամսական 5 հազ. դրամի չափով: Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել ընտանիքի անդամների «ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր» կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը, որից իրացումից հասույթը նախորդ տարվա կամ տվյալ տարվա ընթացքում չի գերազանցել 12 միլիոն դրամը,
7) սահմանել, որ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգից չեն կարող օգտվել «Հաստատագրված վճարների մասին», «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներով նախատեսված գործունեության տեսակներով, առք ու վաճառքով զբաղվող հարկ վճարողները` գործունեության նշյալ տեսակների մասով, ինչպես նաեւ որոշակի փոխկապակցվածություն ունեցող կամ գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճարողները` ընդհանրապես:
4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար բարենպաստ հարկային միջավայրի ստեղծմանը եւ խոշոր տնտեսավարող սուբյեկտների` հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակմանը:
5. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է՝
1) նպաստել տնտեսությունում կատարվող գործարքների փաստաթղթավորմանը եւ դրանով իսկ` ապահովել խոշոր տնտեսավարող սուբյեկտների լիարժեք հարկում,
2) ներդնել ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ եւ նպաստել այս խմբի տնտեսավարող սուբյեկտների ձեւավորմանն ու զարգացմանը: