Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 26.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված լիցենզավորման կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման նպատակով լիազորված մարմնի ստեղծած հանձնաժողովը (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով) քննում է դրանք եւ կայացնում է որոշում` հայտատուին լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիայի հայտը մերժելու վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր պահանջվելու կամ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով լիցենզավորող հանձնաժողովի որոշմամբ վերոնշյալ ժամկետը կարող է կասեցվել: Կասեցման ժամկետը չի կարող 10 օրից ավել լինել: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո հայտի քննարկումը վերսկսելու որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի մինչեւ կասեցումն ընկած օրերի եւ 23 աշխատանքային օրվա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:»:
Հոդված 2. Օրենքի 26.2-րդ հոդվածում` 2-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2. Լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիազորված մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիցենզավորող հանձնաժողովի կողմից 23 աշխատանքային օրվա ժամկետը կասեցվելու դեպքում այդ ժամկետը սույն մասով սահմանված ժամկետի մեջ չի հաշվարկվում:»,
«4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների եւ նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաեւ փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազորված մարմինը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձեւով նախազգուշացումը լիազորված մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-48-Ն օրենքի ընդունմամբ: Վերոնշյալ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել վերանայել եւ համապատասխանաբար լրամշակել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերի պահանջների ներդաշնակեցում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք եւ նրանց դիրքորոշումը
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության եւ աուդիտի մեթոդաբանության վարչություն:
4. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտերի պահանջների ներդաշնակեցում, աուդիտորական ծառայությունների իրականացման համար լիցենզիայի տրման գործընթացի արդյունավետության բարձրացում: