ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 112-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով»:
ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
Անհրաժեշտությունը: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչական եւ քրեական իրավախախտումների հարաբերակցության, դրանց միասնականությունն ապահովելու եւ հակասական իրավակիրառ պրակտիկայից խուսափելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, հանգեցնում բազմաթիվ օրենսդրական հակասությունների ու տարակարծությունների, ոչ միանշանակ եւ հակասական իրավակիրառ պրակտիկայի առաջացմանը:
Այսպես, քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունը հիմնված է կարգավորման նույն մեթոդի վրա, վերջիններիս առջեւ դրված են գրեթե նույն խնդիրները` հասարակական հարաբերությունների պաշտպանությունը հանրորեն վտանգավոր արարքներից: Դրա վկայությունն է այն, որ հաճախ ընդամենն իրավախախտման օբյեկտիվ կողմով, այն է` դրա արդյունքում պատճառված վնասի չափով կամ նույնիսկ առաջացած իրավական հետեւանքներով է որոշվում արարքի քրեորեն պատժելի կամ վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքով նախատեսված լինելը:
Հարկ է նկատել, որ ՀՀ քրեական օրենսգրքի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ուսումնասիրություններից բխում նույնիսկ այն, որ երբեմն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդվածներով զանցանքների համար սահմանված սանկցիաներն ավելի խիստ են, քան ՀՀ քրեական օրենսգրքի որոշ հոդվածներով հանցագործությունների համար սահմանված սանկցիաները:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածում ամրագրված է, որ մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են: Համաձայն Սահմանադրության 15-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Մարդու կյանքի եւ առողջության քրեաիրավական պաշտպանությունը հանցավորության դեմ մղվող պայքարում զբաղեցնում է առաջնահերթ եւ կարեւորագույն տեղ: Քրեական օրենքի կառուցվածքն ինքնին վկայում է այս արժեքների առաջնայնության մասին:
ՀՀ քրեական օրենսգիրքը, առաջնային պաշտպանության տակ առնելով մարդու կյանքը, կարելի է ասել, որ երկրորդ տեղը հատկացրել է մարդու առողջությանը: Մարդու կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունները համակարգային վելուծության ենթարկելով` կարելի է ասել, որ մարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու հանցակազմը, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով, թերի է կարգավորում այդ ոլորտում առաջացող հասարակական հարաբերությունները: Մասնավորապես, 112-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է այդ հանցակազմը որակյալ դարձնող մի շարք հանգամանքներ, որոնց շրջանակում` 14-րդ կետում, այլ որակյալ հանգամանքների հետ համահավասար, նախատեսում է անձի առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Այս պարագայում, կարծում ենք, որ այս հանցագործությունը, որը փաստորեն ուղղված է եւ' անձի կյանքի, եւ' առողջության դեմ, պետք է առանձնացվի որպես 3-րդ մաս` համապատասխան ավելի խիստ սանկցիայով:
Միջազգային իրավական փաստաթղթերի եւ արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրությունը եւս վկայում է, որ մարմնական ծանր վնասվածքի դեպքում, եթե այն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պետք է առանձնացվի ծանրացուցիչ հանգամանքներից եւ դիտվի որպես առանձնապես ծանրացնող հանգամանք:
1996 թվականի ԱՊՀ մոդելային քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը 3-րդ մասը ծանրացնող հանգամանքների շարքից առանձնացնում է ծանր մարմնական վնասվածքի պատճառումը` կազմակերպված խմբի կողմից եւ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ու դասում է դրանք առանձնապես ծանր հանցագործությունների շարքին:
ԱՊՀ մի շարք երկներ, ինչպես նաեւ Լատվիան այդ առումով ավելի հետեւողականորեն են գտնվել եւ կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ մահ առաջացնելու դեպքերը նույնպես դասել են առանձնապես ծանր հանցագործությունների շարքին եւ դրանց համար պատիժ նախատեսել ազատազրկում մինչեւ 15 տարի ժամկետով (Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մաս, Լատվիայի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մաս, Մոլդովայի քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մաս, Բելառուսի քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մաս, Տաջիկստանի քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մաս, Թուրքմեստաի քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մաս եւ Ղրղստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 4-րդ մաս), Ադրբեջանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` 7-ից 12 տարի ժամկետով ազատազրկում, Լիտվայի քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասում բոլոր ծանրացնող հանգամանքների համար նախատեսված է ազատազրկում 2-ից մինչեւ 12 տարի ժամկետով:
Անզգուշությամբ մահ առաջացնելու դեպքերը որպես առանձնապես ծանր հանցագործություններ դիտելը դրանց համար ավելի խիստ պատիժ նախատեսելը ավելի տրամաբանական է, քանի որ, երկու անձանց մարմնական վնաս պատճառելը եւ մահվան ելքով ծանր մարմնական վնասը ըստ վտանգավորության աստիճանի եւ հետեւանքների անհամատեղելի են:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը հանցատեսակը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի «Բնակչության առողջության դեմ ուղղված» հանցագործությունների գլխում՝ 273-րդ հոդվածում:
Հանցագործության տեսակային օբյեկտը բնակչության առողջությունն է, այսինքն այն հասարակական հարաբերությունների ամբողջությունը, որն ապահովում է մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը։ Հանցատեսակի վտանգավորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ դրանք վնաս են հասցնում առանձին անձանց առողջությանը, ինչպես առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում, այլեւ նրանով, որ այդ հանցավոր արարքները ոտնձգում են ամբողջ բնակչության կամ դրա որոշակի հատվածի գոյության անվտանգության պայմանների դեմ։
Ավելին, հանցագործության վտանգավորությունը պայմանավորված է նրանով, որ թմրամիջոցների ապօրինի արտադրության կամ պատրաստման հումքի հիմնական մասը ստացվում է՝ դրանով հանցագործության առարկա հանդիսացող մշակումն արգելված թմրանյութից, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերից։
Մշակումն արգելված բույսերի ցանկը յուրաքանչյուր պետություն, ղեկավարվելով միջազգային պայմանագրերից բխող պարտավորություններից, ինքն է որոշում։ Նշված ցանկը ՀՀ-ում սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի Հավելված 5-ում։
Հանցագործության օբյեկտիվ կողմը դրսեւորվում է հետեւյալ արարքներից որեւէ մեկի կատարմամբ՝ 1) մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր խոշոր չափերով ապօրինի ցանելը, 2) նույն բույսերի խոշոր չափերով ապօրինի աճեցնելը։
ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված են այդ հանցագործության ծանրացնող հանգամանքները, այն է 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2) կազմակերպված խմբի կողմից, 3) առանձնապես խոշոր չափերով կատարելը։
Սուբյեկտիվ կողմի տեսանկյունից հանցագործությունը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն հանցավորը գիտակցում է մշակումն արգելված բույսեր, իր կողմից ցանելը կամ աճեցնելը, ընդ որում՝ հանցակազմի պարտադիր հատկանիշ չի համարվում թմրամիջոց ստանալու նպատակը։ Այսինքն՝ հնարավոր է, որ թմրամիջոցներ պարունակող բույսերը ցանվեն կամ աճեցվեն թել ստանալու, ձեթի սննդի արտադրության եւ այլ նպատակներով։ Նշված դեպքերում նույնպես արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով։
2013թ. ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց եւ նույն թվականի հուլիսի 22-ից ուժի մեջ մտավ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 110.2 հոդվածում կատարված փոփոխությունները, համաձայն որի՝ նախկին խմբագրությամբ հոդվածը հետեւյալ դիսպոզիցիայով «ապօրինաբար ձիթախաշխաշ, ինչպես նաեւ կանեփ ցանելը կամ աճեցնելը, բացիմշակումն արգելված հնդկական, հարավային մանջուրական, հարավային չուական, հարավային արխոնյան եւ հարավային կրասնոդարյան կանեփից» շարադրվեց նոր խմբագրությամբ 1-ին եւ 2-րդ մասերով համապատասխանաբար հետեւյալ դիսպոզիցիաներով «սույն օրենսգրքի 2-րդ հավելվածով նախատեսված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը` մանր չափերով եւ սույն օրենսգրքի 2-րդ հավելվածով նախատեսված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը` զգալի չափերով»:
Վերը նշված փոփոխությունների արդյունքում հանվել է կատարված իրավախախտման համար պարտադիր հատկանիշ համարվող «ապօրինաբար» բառը եւ սահմանվել են կոնկրետ չափերը, որի արդյունքում՝ թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը մինչեւ մանր չափերի հասնելը ընդհանրապես պատասխանատվություն չի առաջացնում, մանր եւ զգալի չափերի համար օրենսդրորեն սահմանված է վարչական պատասխանատվություն, իսկ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի համար՝ քրեական պատասխանատվություն: Օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի Հավելված 5-ի 5-րդ կետով նախատեսված կանեփ տեսակի բույսի, ապօրինի ցանելու եւ աճեցնելու համար քրեական պատասխանատվությունը վրա է հասնում 10 եւ ավելի թփի դեպքում, 6-ից 9-ը թուփը ցանելու եւ աճեցնելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն, իսկ 1-5 թուփ աճեցնելու դեպքում անձը պատասխանատվության չի կարող ենթարկվել, այսինքն՝ կոնկրետ կանեփ տեսակի բույսը ցանելու եւ աճեցնելու համար օրինական է համարվում 1-5 թուփը:
Արդյունքում վերոշարադրյալից բխում է, որ անկախ «ապօրինի» կամ «օրինական» լինելու հանգամանքից, եթե թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանել կամ աճեցրել են մանր կամ զգալի չափերով՝ այն միեւնույն է առաջացնում է վարչական պատասխանատվություն, իսկ խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանցակազմի առկայության պարտադիր հատկանիշ է հանդիսանում «ապօրինի» նշված բույսերը ցանելը կամ աճեցնելը:
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն, որ քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանքն է, այսինքն այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որեւէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն հանցագործություն չի համարվել...»: Նշված հոդվածի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ չկա հանցագործություն, չկա պատիժ, եթե արարքն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով[1]:
ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի վերը նկարագրված դիսպոզիցիայի հանցակազմի տարրերի մեկնաբանությունից պարզ երեւում է, որ ՀՀ օրենսդրությամբ պետք է սահմանվեր նաեւ նույն բույսերի ցանելու եւ աճեցնելու օրինական կարգը։ Մասնավորապես, «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի եւ դրա հիման վրա ընդունված մի շարք այլ իրավական ակտերի դրույթների վերլուծությունը թույլ է տալիս նշելու, որ որեւէ օրենսդրական ակտով սահմանված չէ թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու օրինական կարգը, որն անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով սահմանված բլանկետային նորմը մեկնաբանելու համար: Ավելին, եթե նման կարգի սահմանման դեպքում դարձյալ հակասություն է առաջանալու վարչական եւ քրեական օրենսդրությունների միջեւ առ այն, որ միեւնույն է մանր եւ զգալի չափերով նշված բույսերը ցանելը կամ աճեցնելը առաջացնելու է վարչական պատասխանատվություն, քանի որ ինչպես արդեն նշել ենք, զանցանքի պարտադիր հատկանիշ չի համարվում դրանց ապօրինի ցանելը կամ աճեցնելը:
Ելնելով վերոշարադրյալից, պարզ է դառնում, որ ՀՀ օրենսդրական քաղաքականությունը միտված է նրան, որ օրինական կարգ նշված բույսերի ցանելու կամ աճեցնելու չպետք է սահմանվի, այլ հակառակը, 2013 թվականի ապրիլի 30-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան հոդվածում կատարված փոփոխությունները վկայում են, որ ցանկացած դեպքում նման բույսեր ցանելը կամ աճեցնելը՝ մանր կամ զգալի չափերով, համարվում է վարչական իրավախախտում, հետեւաբար՝ նշված բույսերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ցանելը կամ աճեցնելը պետք է համարվի հանցագործություն՝ առանց որեւէ այլ պայմանի պարտադիր առկայության:
Ներկայումս առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, մեղմ է պատժվում: Դա պայմանավորված է նրանով, որ այս հանցակազմը դիտվում է մարմնական ծանր վնասվածք հասցնելու հանցակազմի այլ ծանրացուցիչ հանգամանքներին հավասար ծանրացնող հանգամանք: Այնինչ իր հանրային վտանգավորությամբ այն բացահայտ վեր է կանգնած այլ ծանրացնող հանգամանքներից: Հարցին ճիշտ լուծում տալու համար հարկավոր է այն նախատեսել քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասում, որպես առանձնապես ծանրացնող հանգամանք, որն իր հետ, բնականաբար, կբերի այդ հանցակազմի սանկցիայի խստացման:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքները: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններներ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով հանվում է ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի դիսպոզիցիայում սահմանված «ապօրինի» բառը՝ դրանով իսկ ապահովելով օրենսդրական միասնականություն եւ որոշակիություն, ներքին տրամանաբանական կապ քրեական եւ վարչական պատասխանատվությունների միջեւ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով եւ Քրեական օրենսգրքով սահմանված նորմերի հստակ սահմանազատում` ելնելով իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանից:
Օրենքի նախագծով նախատեսվում է առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, հանցակազմը ձեւակերպել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածում որպես 3-րդ մաս, եւ համապատասխանաբար խստացնել այս հանցակազմի համար նախատեսված սանկցիան:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի արարքի հանրային վտանգավորության եւ պատժի համաչափությունը: