Armenian ARMSCII Armenian
Կ-5095-21.06.2014-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել 9.1-ին եւ 9.2-րդ հոդվածներով.

«Հոդված 9.1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը եւ միասնական էլեկտրոնային գրանցամատյանը

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հասանելի է ՔԿԱԳ մարմիններին համացանցի միջոցով:

2. ՔԿԱԳ մարմինները սույն օրենքով նախատեսված բոլոր քաղաքացիական կացության ակտերը, ինչպես նաեւ գրանցումից հետո տրամադրվող բոլոր վկայականները պատրաստում են բացառապես էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:

3. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանը պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ է, որտեղ էլեկտրոնային եղանակով գրառվում եւ պահպանվում են սույն օրենքի համաձայն կատարվող բոլոր ակտային գրանցումներում գրանցման ենթակա՝ սույն օրենքով նախատեսված բոլոր տեղեկությունները, ինչպես նաեւ գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի, տրամադրվող վկայականների եւ քաղաքացիական կացության ակտերի էլեկտրոնային պատճենները:

Հոդված 9.2. Քաղաքացիական կացության ակտերի համար դիմելը

Սույն օրենքով նախատեսված՝ ՔԿԱԳ մարմիններ դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ դիմող անձը ՔԿԱԳ մարմնի աշխատակցին է տրամադրում դիմումը պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը եւ ստորագրում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով պատրաստված դիմումը:»:

Հոդված 2. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 30-ին:

2. Մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը էլեկտրոնային համակարգով փաստաթղթեր պատրաստելու տեխնիկական անհնարինության, ինչպես նաեւ գրանցումները միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով կատարելու տեխնիկական անհնարինության դեպքում ՔԿԱԳ մարմինը գրանցումը կատարում է թղթային տարբերակով եւ գրանցման տվյալները մուտքագրում է էլեկտրոնային կառավարման համակարգ ոչ ուշ, քան համապատասխան գրանցումը կատարելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում: