Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«27) կենսաթոշակային ֆոնդ՝ ֆոնդ, որի ակտիվները ձեւավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պարտադիր կարգով կատարվող կուտակային հատկացումների (պարտադիր կենսաթոշակային ֆոնդ) կամ կամավոր կենսաթոշակային վճարների (կամավոր կենսաթոշակային ֆոնդ) եւ դրանց ներդրման հաշվին, եւ որի մասնակիցներին ֆոնդի ակտիվներից վճարումները կատարվում են (վերադարձվում են ֆոնդի ակտիվներում մասնակցի փային համապատասխանող դրամական միջոցները) կենսաթոշակի ձեւով մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո, ինչպես նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում.»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասը «կուտակային» բառից հետո լրացնել «կամ կամավոր» բառերով, իսկ «համարվում է» բառերից հետո՝ «պետության կամ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Կառավարիչը յուրաքանչյուր աշխատանքային օր հաշվարկում եւ հրապարակում է իր կողմից կառավարվող բաց ֆոնդի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման եւ հետգնման գները: Ընդ որում, յուրաքանչյուր աշխատանքային օր հրապարակվող փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման եւ հետգնման գները պետք է արտահայտեն տվյալ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված պահի (կտրման պահ) դրությամբ դրա արժեքը (գինը): Կտրման պահը չի կարող լինել ավելի վաղ, քան հրապարակման օրվան նախորդող աշխատանքային օրվա վերջը: Ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված դեպքերում օրվա տարբեր ժամանակահատվածների համար կարող է իրականացվել փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման եւ հետգնման գների առանձին հաշվարկ եւ հրապարակում: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հրապարակման առավելագույն ժամկետներ:»:
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ մասի առաջին նախադասությունը «խորհուրդ» բառից հետո լրացնել «եւ վերստուգող հանձնաժողով (վերստուգող)» բառերով:
Հոդված 6. Օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 64-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կառավարիչը պարտավոր է ունենալ՝ իր այլ գործառնական ստորաբաժանումներից անկախ ներքին աուդիտի ստորաբաժանում (այսուհետ` ներքին աուդիտ), նշանակել իր գործառնական ստորաբաժանումներից եւ դրանց աշխատակիցներից անկախ աշխատակիցներ կամ ներքին աուդիտի գործառույթները պայմանագրով պատվիրակել անկախ աուդիտորին: Ներքին աուդիտի ղեկավարը եւ անդամները (այսուհետ` ներքին աուդիտորներ) պետք է բավարարեն կառավարչի ղեկավարների նկատմամբ սույն օրենքով սահմանված պահանջները: Ներքին աուդիտոր չեն կարող լինել կառավարչի կառավարման մարմնի անդամը, այլ ղեկավարը եւ աշխատակիցը, ինչպես նաեւ կառավարչի ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը:
Սույն մասը չի սահմանափակում ներքին աուդիտի գործառույթի իրականացումը կառավարչի հետ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, միեւնույն խմբին պատկանող ֆինանսական կազմակերպության ներքին աուդիտորի կողմից:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Կառավարչի մոտ վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում:»:
Հոդված 8. Օրենքի 65-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը «դուստր կամ մայր ընկերության խորհրդի նախագահի եւ անդամի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով.
2) 5-րդ մասից հանել «(այդ թվում` միեւնույն կառավարչի)» բառերը:
Հոդված 9. Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող միեւնույն անձը կարող է միաժամանակ կառավարել տվյալ կառավարչի կողմից կառավարվող մեկից ավելի ֆոնդեր:»:
Հոդված 10. Օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասում «կենսաթոշակային ֆոնդի» բառերը փոխարինել «պարտադիր կենսաթոշակային ֆոնդի՝ Հայաստանի Հանրապետությունում կատարվող» բառերով:
Հոդված 11. Օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կառավարիչն իր վերաբերյալ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում եւ ներկայացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Կառավարիչն իր կողմից կառավարվող ֆոնդերի վերաբերյալ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում եւ ներկայացնում է Կենտրոնական բանկի կողմից ընդունելի եւ միջազգային պրակտիկայում նման ֆոնդերի համար ընդունված սկզբունքներին համապատասխան:»:
Հոդված 12. Օրենքի 94-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ընդ որում, տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ արտաքին աուդիտի եզրակացությունը ենթակա են հրապարակման նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:».
2) 1-ին մասի 3-րդ կետում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 13. Օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Օրենքի 96-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «ֆոնդի վերստուգող հանձնաժողովի անդամը,» բառերը.
2) 5-րդ մասի 2-րդ կետի «ֆոնդի (կառավարչի) վերստուգող հանձնաժողովի (ներքին աուդիտի)» բառերը փոխարինել «կառավարչի ներքին աուդիտի» բառերով.
3) 5-րդ մասի 3-րդ կետի «ֆոնդի (կառավարչի)» բառերը փոխարինել «կառավարչի» բառով:
Հոդված 15. Օրենքի 100-րդ հոդվածի 9-րդ մասում «օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված» բառերով:
Հոդված 16.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: