Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-559-01.07.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասից հանել « եւ օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 28.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1-րդ հոդվածը սահմանում է, որ այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնահազարապատիկը, ինչպես նաեւ այն կուսակցությունները, որոնք օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո, չնայած այն հանգամանքին, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերստուգիչ ծառայության կողմից վերահսկողություն է իրականացվում կուսակցությունների ֆինանսական միջոցների շրջանառության նկատմամբ: Օրենքի այս պահանջն իրական խոչընդոտներ է ստեղծում կուսակցությունների գործունեության համար՝ անհարկի եւ անուղղակի կերպով սահմանափակելով յուրաքանչյուր քաղաքացու՝ այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն բարձր է աուդիտի ծառայությունների արժեքը (շուրջ 800 հազար դրամ եւ ավելի), այլեւ ոչ բոլոր կուսակցություններն ունեն համապատասխան ֆինանսական միջոցներ օրենքով սահմանված դեպքերում աուդիտի անցկացումն ապահովելու համար: Արդյունքում՝ համապատասխան ֆինանսական միջոցներ չունեցող կուսակցությունները ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, իսկ պետական բյուջեից ֆինանսավորում ստացող կուսակցություններն այդ միջոցների զգալի մասն ուղղում են աուդիտի անցկացմանը: Ուստի անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ վերացնելով կուսակցությունների հաշվետվությունների աուդիտը: Ի դեպ, պարտադիր աուդիտորական եզրակացության պահանջը հանվել է նաեւ խոշոր հարկատու համարվող տնտեսվարող սուբյեկտներից: