Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-560-01.07.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 49-րդ հոդվածի 2-րդ մասում.

1) «հաղորդագրությամբ» եւ «հաղորդագրությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «հաղորդմամբ» եւ «հաղորդումը» բառերով.

2) «Ազգային ժողովում» բառերից հետո լրացնել «՝ առանց որեւէ փաստաթղթի ընդունման»  բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ. «Հաղորդումը քննարկվում է Ազգային ժողովի նիստում` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 104-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 104-րդ հոդվածում օգտագործվող հասկացությունների եւ ընդհանուր առմամբ այդ հոդվածի տրամաբանության հետ համապատասխանեցմամբ, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի  նախագահի կամ նրա ներկայացուցչի հաղորդման ներկայացման եւ քննարկման կարգի հստակեցման անհրաժեշտությամբ: Այսպես, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի. «Համապետական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 3 ամսվա ընթացքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից որեւէ մեկն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների վերլուծության, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես է գալիս Ազգային ժողովում:», սակայն մի կողմից «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով նման դեպքերում օգտագործվում է ոչ թե «հաղորդագրություն», այլ «հաղորդում» հասկացությունը, իսկ մյուս կողմից՝ բացակայում է այն կարգը կամ դրան հղումը, որով պետք է իրականացվի նշված հաղորդման քննարկումը (ի տարբերություն, օրինակ, ՀՀ գլխավոր դատախազի, վերահսկիչ պալատի նախագահի կամ այլ պաշտոնյաների հաղորդումների):