Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը եւ բաց թողնված օգուտը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) նպատակ է հետապնդում ապահովել գույքի (այդ թվում՝ դրամական միջոցների) սեփականատիրոջ իրավազորությունների բնականոն իրականացումը: Հարկ է նշել, որ գործնականում տեղ են գտնում դեպքեր, երբ հաճախորդի հաշիվը սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը, ստանալով հաճախորդի դրամական միջոցների վրա արգելանք դնելու որոշումը, հաճախորդի դրամական միջոցներ վրա արգելանք է դնում ոչ թե որոշման մեջ նշված չափով, այլ՝ հաճախորդի հաշվում գտնվող բոլոր դրամական միջոցների նկատմամբ ՝սահմանափակելով սեփականատիրոջ իրավազորությունների իրականացման հնարավորությունները: Ստեղծված պայմաններում հաճախորդները կրում են մի շարք անհարմարություններ: Հաշվի առնելով վերոգրյալ՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ հաճախորդի հաշիվները սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է արգելանք դնել հաճախորդի դրամական միջոցների վրա այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: