Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 283-րդ հոդվածի 6-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները պետք է հանձնվեն անձամբ հասցեատիրոջը: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը որոշումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումը ստանալուց հրաժարվելու մասին։ Եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) կամ վարորդական վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ ճիշտ չի նշել հասցեն կամ նրա հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը եւ ստորագրել հրաժարվելու մասին, ապա որոշումը ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաեւ տեղադրվում է Հայստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) նպատակ է հետապնդում հստակ կարգավորել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների հանձնման ընթացակարգերը: Ներկայիս իրավակարգավորմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի( այսուհետ՝ Օրենսգիրք) մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները համարվում են ստացված նույնիսկ այն դեպքերում, երբ անձը, որին ուղարկվել է որոշումը, չի եղել տրանսպորտային միջոցի գրանցման(հաշվառման) կամ վարորդական վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ իր կողմից նշված հաշվառման(գտնվելու), ժամանակավոր հաշվառման կամ բնակության վայրում: Նշված իրավակարգավորումը գործնականում առաջացնում է մի շարք դժվարություններ քաղաքացիների համար, քանի որ, շատ հաճախ իրազեկված չի լինելով կայացված որոշումների մասին, նրանք ոչ միայն հնարավորություն չեն ստանում գանգատարկելու կամ բողոքարկելու կայացված որոշումը, այլ նաեւ ավելանում է որոշմամբ սահմանված տուգանքի չափը: Այդիսկ պատճառով նախագծով առաջարկվում են հստակ ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս քաղաքացիներին լինել իրազեկված իրենց վերաբերյալ կայացված որոշումների վերաբերյալ: Մասնավորապես նշվում է, որ օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում նշված հոդվածներով (Օրենսգրքի 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 (բացառությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 126, 128, 129.2, 131, 132, 135.2, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների ) նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները պետք է հանձնվեն անձամբ հասցեատիրոջը, իսկ որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին։ Բացի դրանից նախագծով կարգավորված են նաեւ այն դեպքերը, երբ որոշման հասցեատերը ճիշտ չի նշել իր հասցեն կամ նրա հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը: Նշված դեպքերում որոշումը ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով եւ տեղադրվում է Հայստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: