Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-571-01.08.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 66-րդ հոդվածի 2-րդ մասում «մինչեւ վարչական հայց» բառերը փոխարինել «մինչեւ հայց» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 196-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«1. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում եւ լուծում է կոլեգիալ` 5 դատավորի կազմով։

2. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները Վերաքննիչ դատարանը քննում եւ լուծում է կոլեգիալ` 5 դատավորի կազմով։»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության  վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծը(այսուհետ՝ Նախագիծ) նպատակ է հետապնդում հստակեցնել եւ ճշգրտել Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝Օրենսգիրք) առկա որոշ դրույթներ: Մասնավորապես՝  Օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է, որ, եթե մինչեւ վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաեւ վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ, մինչդեռ նույն հոդվածի վերտառությունից եւ բովանդակության վերլուծությունից պարզ է  դառնում, որ 66-րդ հոդվածի 2-րդ մասում  «վարչական հայց» եզրույթի օգտագործումը այդքան էլ նպատակահարմար չէ: Այդիսկ պատճառով նախագծով «մինչեւ վարչական հայց»  բառակապակցությունը փոխարինվել է «մինչեւ հայց» բառակապակցությամբ:

Օրենսգրքի 196-րդ հոդվածում սահմանված է, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի  դեմ բերված բողոքները քննում է  վարչական դատարանը, սակայն  օրենսգրքի համակարգային վերլուծության արդյունքում կարելի է հանգել այն եզրակացության, որ վերոգրյալ գործերով միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները պետք է քննի եւ լուծի Վերաքննիչ դատարանը, քանի որ ՀՀ իրավական համակարգում գործող դատավարությունների ընդհանուր օրինաչափություններից է այն, որ վերաքննիչ բողոք բերվում է Վերաքննիչ դատարան, որն էլ քննում եւ լուծում է այն ,եւ վարչական դատավարությունն այստեղ բացառություն չէ: Հաշվի առնելով վերոգրյալը Օրենսգրքում կատարվել է համապատասխան փոփոխություն, որով ամրագրվել է, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի  դեմ բերված բողոքները քննում է Վերաքննիչ դատարանը: