Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով. « 5.1 Մինչեւ պայմանագրի կնքումը կրեդիտավորողը պարտավոր է սպառողին իրազեկել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների մասին:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1 հոդվածով.
« 14.1. Կրեդիտավորման պայմանագրով սահմանված տոկոսադրույքի կամ տոկոսների հաշվարկման կարգը փոփոխելը
1.Հաստատուն տոկոսադրույքով կրեդիտավորման պայմանագիրը չի կարող պարունակել դրույթ, որը կրեդիտավորողին թույլատրում է միակողմանիորեն փոփոխել պայմանագրով սահմանված տոկոսադրույքը կամ տոկոսների հաշվարակման կարգը
2. Լողացող տոկոսադրույքով կրեդիտային պայմանագրով անվանական տոկոսադրույքի բարձրացում կարող է իրականացվել միայն կրեդիտավորողից չկախված, արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխատեսելի այնպիսի հանգամանքների առկայության պայմաններում, որոնք էականորեն փոխել են տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշները, սակայն ոչ ավելի քան տարեկան երկու անգամ: Լողացող անվանական տոկոսադրույքի նոր տոկոսադրույքը կրեդիտի մնացորդի նկատմամբ կարող է կիրառվել ոչ շուտ, քան սպառողին այդ մասին տեղեկացնելուց երեք ամիս հետո::»:
Հոդված 3.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը նպատակ է հետապնդում լրացուցիչ երաշխքիներ ստեղծել վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար: Վարկային հարաբերությունների ներկայիս իրավակարգավորմամբ վարկատուին հնարավորություն է տրվում միակողմանիորեն փոփոխել վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը կամ տոկոսների հաշվարկման կարգը, ինչը գործնականում կարող է չարաշահումների տեղիք տալ: Այդ իսկ պատճառով առաջարկվող կարգավորմամբ նախախատեսվում է, որ հաստատուն տոկոսադրույքով վարկային պայմանագրում չի կարող սահմանվել այնպիսի դրույթ, որը հնարավորություն կտա վարկատուին միակողմանիորեն փոխել տոկոսադրույքը կամ տոկոսների հաշվարկման կարգը: Նախագծերի փաթեթով նախատեսվում են նաեւ կարգավորումներ լողացող տոկոսադրույթով վարկային պայմանագրերի համար, մասնավորապես ամրագրված է, որ լողացող տոկոսադրույքով վարկային պայմանագրով անվանական տոկոսադրույքի բարձրացում կարող է իրականացվել միայն եզակի դեպքերում, այն է՝ միայն վարկատուից չկախված, արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխատեսելի այնպիսի հանգամանքների առկայության պայմաններում, որոնք էականորեն փոխել են տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշները, սակայն նույնիսկ այդ դեպքերում տոկոսադրույքը կարող է բարձրացվել ոչ ավելի քան տարեկան երկու անգամ: Բացի վերոգրյալից առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ոչ միայն նախատեսել վարկային պայմանագրի նվազագույն պայմանները, այլ նաեւ սահմանել, որ մինչեւ պայմանագրի կնքումը վարկատուն պարտավոր է վարկառուն իրազեկել պայմանագրով սահմանված պայմանների մասին: Առաջարկող լրացումները առավել կնպաստեն վարկառուների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը: