Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«2. Համայնքի տարածքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս համայնքի ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում՝ տարբեր տուրքերի համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Համայնքի տարածքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելիս ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում՝ տարբեր վճարների համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով:
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա է որոշակի անհարթություն, երբ տվյալ համայնքում, օրենքի շրջանակներում տվյալ տուրքի կամ վճարի միասնական դրույքաչափ սահմանելիս, ավագանին չի կարողանում տարբերակում մտցնել համայնքի` բիզնեսի համար առավել շահութաբեր եւ ոչ այնքան շահութաբեր տարածքների միջեւ: Դրույքաչափը բարձր սահմանելիս տուժում են համեմատաբար ոչ այնքան շահութաբեր տարածքների շահառուները, որոնք հիմնականում փոքր եւ միջին բիզնես ունեցողներն են, իսկ դրույքաչափը ցածր սահմանելիս տուժում է համայնքի բյուջեն, նվազում են սեփական եկամուտները, իսկ մյուսներն էլ ստանում են գերշահույթ:
Նախագծով ներկայացված փոփոխությունների առաջարկությունը կատարվում է ելնելով տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության երկար տարիների փորձից, հաշվի առնելով տեղական բյուջեի սեփական եկամուտների դրույքաչափերի սահմանման եւ հավաքագրման հիմնախնդիրներն ու նրանց ազդեցությունները ՏԻՄ լիազորությունների կատարման գործում, ինչպես նաեւ հիմնվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ն մասի 6-րդ կետի կիրարկման դրական փորձից, այն է, ավագանին`
6) oրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է տեղական հարկեր եւ տուրքեր, համայնքի մատուցած ծառայությունների դիմաց սահմանում է վճարներ (ներառյալ` վարչական շրջանի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարներ):
Նշված լիազորության իրականացման ընթացքում ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում` տարբեր հարկերի, տուրքերի, վճարների համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ:
Վերոհիշյալ հարցը բարձրաձայնվել է նաեւ տեղերում կայացած հանդիպումների ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների` մասնավորապես Հայաստանի ավագանիների ասոցիացիայի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Համայնքների ֆինանսիստների միավորման, Համայնքային իրավաբանների միավորման կողմից:
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն ուղղված է Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների եկամտային մասի ավելացմանը եւ համայնքներում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաեւ առավել արդարացի որոշումների կայացմանը: