Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի «եւ ֆիզիկական անձ» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ ֆիզիկական անձ» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6.1-րդ եւ 14-րդ կետերով.
ա) «6.1) դատարանի վճռով աշխատողին մահացած, անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու դեպքում.»
բ) «14) օրենքով նախատեսված այլ դեպքերում:»:
Հոդված 3. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասը «ակտով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված դեպքի» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) տվյալ աշխատատեղում օրենքով սահմանված կարգով աշխատողին իր նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում»:
Հոդված 5. Օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի «ավելի երկար ժամանակահատվածով» բառերը փոխարինել «ավելի մեծ չափերով» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) տեղ գտած որոշ հակասություններ եւ անճշտություններ վերացնելու, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի 2009թ. փետրվարի 24-ի ՍԴՈ-792 որոշմամբ արտահայտված դիրքորոշումն իրացնելու անհրաժեշտությամբ:
Այսպես, Օրենսգրքի`
ա) 18-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող («եւ ֆիզիկական անձը» բառերը «, ինչպես նաեւ ֆիզիկական անձը» բառերով փոխարինելու անհրաժեշտությունը բխում է այդ մասի հստակեցման նկատառումից, ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի երրորդ պարբերության պահանջից: Մասնավորապես, նշված մասով սահմանվում է թե ովքեր կարող են լինել գործատուներ (այսինքն` իրավաբանական եւ ֆիզիկական անձինք), սակայն առկա շարադրանքի պայմաններում, ինչպես նաեւ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի երրորդ պարբերության[1] պահանջը, ստացվում է, որ ֆիզիկական անձ հանդիսանալը իրավաբանական անձի բնութագրման պարտադիր պայմաններից մեկն է, ինչն էլ ոչ միայն աղավաղում է «իրավաբանական անձ» հասկացության բովանդակությունը, այլեւ թույլ չի տալիս ֆիզիկական անձանց դիտարկել որպես առանձին գործատուներ: Հետեւաբար, անհրաժեշտ է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տարանջատել որպես առանձին գործատուներ, ինչը հնարավոր է կատարել դրանց «ինչպես նաեւ» բառերով առանձնացնելու եւ թվարկելու միջոցով,
բ) 109-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանված են աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը, առաջարկվում է լրացնել եւս երկու հիմքերով, որոնք միանգամայն իրական են, համարժեք են արդեն իսկ ընդունված հիմքերին եւ չեն կրկնում դրանց, մասնավորապես` դատարանի վճռով աշխատողին մահացած, անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելը, ինչպես նաեւ օրենքներով նախատեսված այլ դեպքերը, որոնք արդեն իսկ սահմանված են տարբեր օրենքներով (օրինակ` Օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասով, հանրային ծառայությանը վերաբերվող բոլոր օրենքներով եւ այլն) կամ էլ կարող են սահմանվել ապագայում` նոր օրենքների ընդունման պարագայում: Ընդ որում, վերջին հիմքը («օրենքով սահմանված դեպքերում») լրացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասում նույն իմաստով թվարկվում են աշխատանքային պայմանագրի լուծման ինչպես կոնկրետ հիմքեր, այնպես էլ գործատուի եւ աշխատողի «նախաձեռնությունները», որոնք, իրենց հերթին, եւս մի շարք հիմքեր են պարունակում, իսկ դա նշանակում է, որ ամեն դեպքում 109-րդ հոդվածի 1-ին մասը ամբողջությամբ չի թվարկում աշխատանքային պայմանագրերի լուծման հիմքերի սպառիչ ցանկը: 109-րդ հոդվածի 2-րդ մասը «ակտով» բառից հետո «, բացառությամբ սույն օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված դեպքի» բառերով լրացնելը պայմանավորված է նույն հոդվածով նախատեuված դեպքերում գործատուի ընդունած անհատական իրավական ակտով աշխատանքային պայմանագրի լուծման ձեւակերպան հետ, հաշվի առնելով, որ ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում գործատուն այլեւս չի կարող նման իրավական ակտ ընդունել,
գ) 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի շարադրանքը (համաձայն որի գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը «աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում») առաջարկվում է փոխարինել ավելի հստակ շարադրանքով, այն է «տվյալ աշխատատեղում օրենքով սահմանված կարգով աշխատողին իր նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում» բառերով, քանի որ գործող դրույթը մեկնաբանության եւ պոտենցիալ չարաշահումների հնարավորություն է պարունակում: Մասնավորապես, գործող դրույթից անհայտ է մնում, թե ո՞ր աշխատողի մասին է խոսքը` տվյալ աշխատատեղի ազատված աշխատողի, թե՞ ընդհանրապես տվյալ կազմակերպությունից ազատված ցանկացած աշխատողի, մյուս կողմից` հնարավոր է, որ աշխատանքում վերականգնված աշխատողին տրվի այլ աշխատանք եւ ամենեւին էլ կարիք չլինի ազատելու այդ աշխատողի փոխարեն աշխատանքի անցած անձին (իսկ այս շարադրանքն ըստ էության պարտադրում է գործատուին դա կատարել), հնարավոր է նաեւ, որ մինչեւ աշխատանքում վերականգնվելը համապատասխան աշխատատեղը էական փոփոխությունների ենթարկված լինի (աշխատանքի բաժանում, աշխատանքների միավորում եւ այլն), ուստի այս պարագայում պետք է հստակ նշվի, որ խոսքը գնում է հենց նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքի մասին եւ այլն: Բացի այդ, այսպես կոչված «անցանկալի» աշխատողից ազատվելու նկատառումով գործատուն կարող է այս դրույթն օգտագործել, այն է` ազատել աշխատողին երբեւէ իր մոտ աշխատած որեւէ մեկին աշխատանքում վերականգնելու պատրվակով, ինչն էլ հուշում է, որ դրա համար անհրաժեշտ է պարտադիր ունենալ աշխատանքում վերականգնվելու մասին օրենքով սահմանված իրավական որեւէ հիմք (օրինակ` դատարանի վճիռ, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական գրություն եւ այլն),
դ) 129-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաuտ` որոշակի չափով, ինչն ամրագրված է 129-րդ հոդվածի 1-ին մասում: Մինչդեռ, 129-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է` արձակման նպաuտի վճարում ավելի երկար ժամանակահատվածով, այն դեպքում, երբ արձակման նպաստը «ժամանակահատվածով» ուղղակի անհնար է վճարել:
Առաջարկվող փոփոխությունները ՀՀ աշխատանքային օրենսդրությունը կհամապատասխանեցնի նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային-իրավական փաստաթղթերին ու ստանձնած պարտավորություններին:
--------------------------------------------------------------------------------
[1] Համաձայն այս պարբերության. «Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է "եւ" կամ "ու" շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:»: