Հոդված 1. Սույն օրենքի իմաստով Սահմանապահ համայնքներ են համարվում Հայաստանի Հանրապետության այն համայնքները, որոնց վարչական սահմանները ներառում են՝ Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետութան սահմանից առավելագույնը երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակելի տներ կամ համայնքային նշանակութան վարչական շենքեր:
Սահմանապահ համայնքների անվանական ցանկը՝ սույն օրենքով սահմանված չափանիշներին համապատասխան, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 2. Սահմանապահ համայնքների բաժանորդների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու եւ ոռոգման ջրի ամսեկան վարձավճարի 50 տոկոսը փոխհատուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Փոխհատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 3. Սահմանապահ համայնքի բնակիչները ազատվում են Սահմանապահ համայնքի տարածքում ունեցած հողերի հողի հարկից եւ Սահմանապահ համայնքի տարածքում ունեցած անշարժ գույքի գույքահարկից:
Հոդված 4. Սահմանապահ համայնքները ՀՀ պետական բյուջեից ստանում են լրացուցիչ օգնություն՝ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքի համար հաշվարկված դոտացիայի հարյուր տոկոսի չափով: Օգնությունը կարող է օգտագործվել բացառապես համայնքի ավագանու որոշմամբ՝ Սահմանապահ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու, ինչպես նաեւ երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար:
Հոդված 5. Սահմանապահ համայնքների՝ Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով օթեւանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթեւանով՝ նույն համայնքի տարածքում:
Հոդված 6. Սահմանապահ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով:
Հոդված 7. Սահմանապահ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետական բյուջեից տրվում է միանվագ օգնություն՝ 2 միլիոն դրամի չափով՝ հուղարկավորության ծախսերի համար:
Հոդված 8.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
«Հայաստանի Հանրապետության օրենքը Սահմանապահ համայքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող համայնքների բնակիչներին սոցիալական որոշակի երաշխիքներով ապահովելու հրամայականով:
Նշված համայնքների բնակիչները գտնվում են կյանքին եւ գույքին սպառնացող մշտական վտանգի ներքո, ինչը էականորեն սահմանափակում է սեփական բարեկացությունը ապահովելու նրանց հնարավորությունը: Այս պայմաններում անհրաժեշտ է օրենքով արձանագրել ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող համայնքների բնակիչներին կոմունալ մի շարք վճարների, հողի հարկի եւ գույքահարկի գծով արտոնությունների, ինչպես նաեւ եւ մի շարք սոցիալական երաշխիքների տրամադրումը, ինչը նախատեսված է սույն օրենքով: