Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-5132-07.05.2014,02.09.2014-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186-Ն օրենքի 19-րդ հոդվածի «2.ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.8-րդ կետով.

«2.8. Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար

ա.ավագ բուժաշխատողի համար
 Բազային տուրքի 3-ապատիկի չափով

բ.միջին բուժաշխատողի համար
 Բազային տուրքի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգի ներդրման միջոցով բժշկական կադրերի մասնագիտական ունակությունների եւ գիտելիքների բարձրացման եւ բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի անընդհատ բարելավման անհրաժեշտությամբ:

Հայտնի է, որ բուժաշխատողների մասնագիտական կրթության եւ շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները գտնվում են բոլոր երկրների առողջապահական համակարգերի զարգացման եւ բնակչությանը որակյալ բժշկական ծառայությունների տրամադրման հիմքում: Միջազգային փորձը փաստում է, որ շարունակական մասնագիտական զարգացումը նպաստում է բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, հիվանդացության եւ մահացության նվազեցմանը եւ այլ առողջապահական ցուցանիշների բարելավմանը:

Բազմաթիվ զարգացած երկրներում սահմանված է ՇՄԶ համակարգին անցնելու ընդհանուր պահանջներ, մասնավորապես՝ բուժաշխատողների համար պարտադիր է համարվում տեսական գիտելիքների զարգացումը մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին մասնակցության միջոցով, գործնական հմտությունների զարգացումը գիտագործնական միջոցառումներին մասնակցության միջոցով, ինչպես նաեւ ինքնազարգացումը` օրինակ առցանց դասընթացների մասնակցության միջոցով, ինչի գնահատման համար սահմանված է կրեդիտային համակարգ: Վերոնշյալ միջոցառումները կազմակերպվում են բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների, առողջապահական կազմակերպությունների կամ առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների կողմից: ՇՄԶ պահանջները չկատարելը կարող է ունենալ տարբեր հետեւանքներ՝  նախազգուշացումից մինչեւ մասնագիտական գործունեության թույլտվության կասեցում կամ ետ կանչում։

Մասնագիտական գործունեության թույլտվությունը որոշակի ժամանակային պարբերականությամբ պետք է թարմացվի եւ դա կապակցվում է ՇՄԶ կրեդիտների պահանջների կատարման հետ: Օրինակ, Բելգիայում, Իտալիա՟յում եւ մի շարք այլ երկրներում ՇՄԶ-ն դարձել է իրավական պարտավորություն։ Գերմանիայում ՇՄԶ պահանջված կրեդիտների չլրացնելը կարող է հանգեցնել տվյալ բժշկի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցվող գումարի նվազեցմանը  կամ բժշկական ապահովագրության շրջանակում նրա գործունեության իրավունքի ետ կանչմանը։ Շվեյցարիայում «Բժշկական մասնագիտությունների մասին» օրենքը սահմանում է «ցկյանս ուսուցման» պահանջ եւ նախատեսում է ֆինանսական ներգործման միջոցներ ՇՄԶ պահանջները չկատարելու դեպքում։ Գործունեության իրավունքի վերագրանցման համար բուժաշխատողները պետք է ներկայացնեն փաստաթղթեր ՇՄԶ ծրագրերին մասնակցության եւ պահանջվող քանակի ՇՄԶ կրեդիտների վերաբերյալ։

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների (բժիշկների եւ բուժքույրերի) լիցենզավորման գործընթաց, որը դադարեցվել է դեռեւս 2001 թվականին: Ներդրված չէ բժշկական շարունակական մասնագիտական զարգացման օբյեկտիվ եւ արդյունավետ համակարգ, չի իրականացվում բուժաշխատողների որակական մակարդակի գնահատման գործընթաց:

Ներկայացված նախագծերի փաթեթից ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են օրենքում բացակայող մի շարք հիմնական հասկացություններ, ինչպիսիք են «բուժաշխատող», «շարունակական մասնագիտական զարգացում», «հավաստագրում», «պացիենտ» եւ այլն, բուժաշխատողները դասակարգվում են ըստ խմբերի՝ ավագ, միջին եւ կրտսեր, սահմանվում են օտարերկրացի բուժաշխատողների եւ այլ պետություններում կրթություն ստացած անձանց համար Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու պահանջները: Վերոնշյալ նախագծով սահմանվում են նաեւ բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները, ՇՄԶ կազմակերպման գործընթացը եւ հավաստագրմանը ներկայացվող հիմնական պահանջները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով պատասխանատվություն է սահմանվում ՇՄԶ հավաստագիր չունեցող անձին աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելու, ինչպես նաեւ վերապահումով տրված ՇՄԶ հավաստագիր ունեցող անձին ինքնուրույն մասնագիտական աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելու համար:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է ՇՄԶ հավաստագիր ստանալու համար պետական տուրքի չափաբաժիններ ավագ եւ միջին բուժաշխատողների համար:

Հաշվի առնելով, որ շարունակական մասնագիտական զարգացումը համարվում է որակյալ բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման, հիվանդին չվնասելու եւ նրա առողջական խնդիրներն անհրաժեշտ մակարդակով լուծելու համար պարտադիր պայման, անհրաժեշտ է Հայաստանում եւս ներդնել վերոնշյալ համակարգը, ինչի կապակցությամբ մշակվել եւ ներկայացվում է  ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: