Հոդված 1. «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-40-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով.
«Հոդված 11.1. Էլեկտրոնային թվային ստորագրության կիրառումը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները ձեռք բերելիս
1. Էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները էլեկտրոնային ձեւով ձեռք բերելիս:
2. Էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ծառայություններ կամ գործողություններ կատարելու նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անվտանգության, փոխգործելիության եւ տեխնիկական ընդհանուր պահանջներին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված համակարգին միանալու համար իրավաբանական եւ ֆիզիկական անձանց էլեկտրոնային համակարգերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին:
4. Էլեկտրոնային ծառայությունների մատուցման համակարգի տեխնիկական ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել էլեկտրոնային համակարգի օպերատոր, որը կապահովի էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկումը եւ համակարգումը: Էլեկտրոնային համակարգի օպերատորի գործառույթները կարող են վերապահվել պետական որեւէ մարմնի կամ իրավաբանական անձի:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: