Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-083-14.09.2012,04.09.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի առաջին մասը «պաշտոնատար անձը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 96.4 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.

9) խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը բացակայում է:

Հոդված 3. Oրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 13.1 գլխով.

«Գլուխ 13.1 ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑ

Հոդված 96.1.  ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Առնվազը 30-ը գերազանցող համահայցվորի կողմից համատեղ ներկայացված հայցը համարվում է խմբային, եթե`

1) հայցը հարուցված է միեւնույն պատասխանողի (համապատասխանողի)  դեմ.

2) հայցի հիմքն ու առարկան նույնն են.

2. Հայցադիմումը կազմվում է սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

3. Հայցադիմումին կցվում է խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը:

Հոդված 96.2. ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԻՋՈՑՈՎ

1. Խմբային հայցի հայցվորները դատարանում իրենց գործերը վարում են խմբային հայցով ներկայացուցչի միջոցով: Խմբային հայցով ներկայացուցիչների թիվը չի կարող լինել հինգից ավելի, որոնք հավասարապես ներկայացնում են բոլոր հայցվորների շահերը:

2. Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությունը գործին բացառում է հայցվորի մասնակցությունը դատավարությանը, բացառությամբ երբ հայցվորը ինքն է հանդես գալիս, որպես խմբային հայցով ներկայացուցիչ:

3. Խմբային հայցով ներկայացուցչի նկատմամբ սույն օրենսգրքով  նախատեսված դատավարական գործողությունների կատարման դեպքում դրանք կատարված են համարվում բոլոր հայցվորների նկատմամբ:

Հոդված 96.3. ԱՆՁԻՆՔ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԼԻՆԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Դատարանում խմբային հայցով ներկայացուցիչ կարող է լինել ցանկացած խմբային հայցի հայցվոր՝ հաշվի առնելով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված պահանջը, կամ փաստաբան կամ հասարակական կազմակերպություն, որն ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձեւակերպված լիազորություն:

Հոդված 96.4. ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

1. Խմբային հայցով ներկայացուցչի լիազորագիրը տրվում է խմբային հայցի բոլոր հայցվորների կողմից գրավոր ձեւով մեկ ընդհանուր կամ առանձին լիազորագիր կազմելու միջոցով: Խմբային հայցի հայցվորի կողմից ներկայացուցչին առանձին տրված լիազորագիրը պետք է նշում պարունակի այն մասին, որ լիազորագիրը տրվում է խմբային հայցով հանդես գալու նպատակով՝ խմբային հայցի մյուս հայցվորների թվարկմամբ:

2. Խմբային հայցով ներկայացուցչին տրվող լիազորագիրը նոտարական վավերացման ենթակա չէ:

Հոդված 96.5. ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Դատարանում գործը վարելու խմբային հայցով ներկայացուցչի լիազորագիրն իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու բոլոր դատավարական գործողությունները, բացառությամբ`

1) ստորագրելու հայցադիմումը.

2) գործը հանձնելու արբիտրաժային տրիբունալին.

3) ամբողջովին կամ մասնակի հրաժարվելու հայցային պահանջներից եւ ընդունելու հայցը.

4) փոխելու հայցի առարկան կամ դրա հիմքը.

5) փոխելու հայցային պահանջների չափը.

6) կնքելու հաշտության համաձայնություն.

7) այլ անձի փոխանցելու լիազորությունները (վերալիազորում).

8) բողոքարկելու դատական ակտը.

9) դիմելու իրավասու անձանց` վճռաբեկ բողոք բերելու խնդրանքով:

Սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողություներից յուրաքանչյուրի կատարման համար  խմբային հայցի հայցվորների տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի խմբային հայցով ներկայացուցչի այդ լիազորությունները:

2. Խմբային հայցով ներկայացուցիչը պարտավոր է բարեխղճորեն ներկայացնել հայցվորների իրավունքները եւ օրինական շահերը:

3. Դատարանը պարտավոր է դադարեցնել խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները, եթե`

1) պահանջում է խմբային հայցի հայցվորների մեծամասնությունը.

2) ներկայացուցիչ հանդիսացող հայցվորը դադարում է խմբային հայցով հայցվոր լինելուց.

4. Դատարանը պարտավոր է դադարեցնել ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանի լիազորությունները խմբային հայցի հայցվորների մեծամասնության  պահանջով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

5. Եթե խմբային հայցի հայցվորների մեծամասնություն չկազմող մասը ցանկանում է դադարեցնել խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները կամ փոխել խմբային հայցով ներկայացուցչին, ապա դատարանը նրանց պահանջների մասով առանձնացնում է գործի վարույթը` սույն օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված կարգով: Առանձնացված մասով գործը քննվում է սույն գլխի կանոններով, եթե առանձնացված համահայցվորների քանակը 30 եւ ավելի է:

Հոդված 96.6. ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ

1.Խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունների դադարեցման դեպքում խմբային հայցի հայցվորները մեկ ամսվա ընթացքում սույն օրենսգրքրի 96.4 հոդվածով նախատեսված կարգով լիազորում են  խմբային հայցով նախկին կամ նոր ներկայացուցչի:

2.Սույն օրենսգրքի 103-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված հիմքով խմբային հայցը թողնվում է առանց քննության:

3. Խմբային հայցն առանց քննության թողնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները վերանալուց հետո խմբային հայցվորներն իրավունք ունեն դիմելու դատարան` գործով վարույթը վերսկսելու համար:

4. Սույն օրենսգրքի 103-րդհոդվածի 5-րդ կետով նախատեսված հիմքով խմբային հայցն առանց քննության թողնելը խմբային հայցի համահայցվորներին չի զրկում իրենց խախտված իրավունքների եւ օրինական շահերի պաշպանության համար առանձին հայցով դիմել դատարան սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 96.7. ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Դատարանը խմբային հայցադիմումը  քննում եւ լուծում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Դատավորը միանձնյա լուծում է հայցադիմումի սույն օրենսգրքի 96.1 հոդվածի պահանջներին համապատասխանության հարցը: Սույն օրենսգրքի 96.1 հոդվածի պահանջներին հայցադիմումի չհամապատասխանելու դեպքում հայցը ենթակա է վերադարձման:

3. Դատարանը խմբային հայցադիմումը վարույթ ընդունելու  մասին որոշումը, ինչպես նաեւ նշված գործի վերաբերյալ ընդունված բոլոր դատական ակտերը, սույն օրենսգրքով սահմանված կարգով դրանք կայացվելու օրվանից եռօրյա ժամկետում ուղարկում է խմբային հայցով ներկայացուցչին (ներկայացուցիչներին):

Խմբային հայց ներկայացրած հայցվորներից յուրաքանչյուրին տրամադրվում է դատական ակտը` համապատասխան գրավոր դիմումը դատարան ներկայացնելու օրվանից երեք օրվա ընթացքում:

4. Խմբային հայցից հայցվորի հրաժարման դեպքում գործի քննությունը շարունակվում է մյուս հայցվորների մասով, եթե վերջիններս չեն հրաժարվում հայցից: Բոլոր հայցվորների հայցից հրաժարման դեպքում դատարանը գործի վարույթը կարճում է:

Հոդված 96.8. ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ

1. Խմբային հայցով ներկայացուցիչը ( մի քանի ներկայացուցիչների առկայության դեպքում` բոլոր ներկայացուցիչները) դատական նիստի մասին տեղեկացվում է ծանուցագրով սույն օրենսգրքի 11-րդ գլխում նախատեսված կարգով:

2. Ծանուցագիրն ուղարկվում է խմբային հայցով ներկայացուցչին դատական նիստից մեկ ամիս առաջ` բոլոր հայցվորներին տեղյակ պահելու հնարավորություն տալու նպատակով: Հայցով ներկայացուցչի դատական նիստի մասին սույն օրենսգրքի 11-րդ գլխում նախատեսված կարգով ծանուցման դեպքում ծանուցված են համարվում նաեւ բոլոր հայցվորները:

Հոդված 96.9. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

1.Խմբային հայցերի գործերով դատարանը կայացնում է վճիռ սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կարգով:

2.Խմբային  հայցով նախկինում քննած` քաղաքացիական գործով  օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն պատասխանողի դեմ միեւնույն հիմքի եւ առարկայի վերաբերյալ  դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Հոդված 96.10. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

1.Խմբային հայցով դատական ակտի դեմ բողոքը կարող է ներկայացվել բոլոր հայցվորների անունից: Բողոքի հետ համաձայն չլինելու դեպքում հացվորը կարող է բողոք ներկայացնել ինքնուրույն (առանձին):

2. Խմբային հայցով կայացված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը բերվում է սույն օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգով:

3. Խմբային հայցով վերաքննիչ դատարանի կայացված դատական ակտի դեմ վճռաբեկ բողոքը բերվում է սույն օրենսգրքի  5-րդ բաժնով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 103-րդ հոդվածը լրացնել 5-րդ կետով.

5) խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունների դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում խմբային հայցով ներկայացուցիչ դատարան չի լիազորվել:

Հոդված 5. Օրենսգրքի 109-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8-րդ կետով.

8) խմբային հայցով բոլոր հայցվորները հայցից հրաժարվել են:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական եւ վարչական դատավարություններում կոլեկտիվ հայցերի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությամբ:

Կոլեկտիվ հայցերի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերն ունեն մի շարք առավելություններ, քանի որ դրանք մեծ թվով անհատական պահանջներ միավորում են մեկ ներկայացուցչական քաղաքացիական գործում: Նման միավորումը կարող է բարձրացնել դատավարության արդյունավետությունը եւ նվազեցնել դատական ծախսերը: Իրավունքի եւ փաստերի նույն հարցերը ներառող գործերի դեպքում պահանջների միավորումը խմբային հայցում կարող է դատավարությունից դատավարություն նույն վկաների, իրեղեն ապացույցների եւ քննվող հարցերի օրերից’ խուսափելու հնարավորություն ընձեռել:

Կոլեկտիվ հայցերի ընթացակարգի ներդրումը կարող է լուծել այն խնդիրը, որ փոքր չափերի հատուցումները որեւէ անձի չեն շահագրգռում իր իրավունքների իրականացման համար առանձին հայց հարուցել: Կոլեկտիվ հայցը լուծում է այս խնդիրը` հավանական աննշան հատուցումների միավորումից ստանալով որեւէ մեկի (սովորաբար փաստաբանի) աշխատանքին համարժեք գումար: Այլ կերպ ասած` կոլեկտիվ հայցն ապահովում է, որ պատասխանողը, ով լայնածավալ վնասի հանգեցնող գործողություններ է կատարում` յուրաքանչյուր անհատ հայցվորին դրանով պատճառելով փոքր չափի վնաս, այնուամենայնիվ, փոխհատուցի նրանց պատճառած վնասը: Հավանաբար փոխհատուցումից ավելի կարեւոր է այն, որ պահանջների համատեղ քննությունը կարող է հանդիսանալ իրավախախտման առաջացրած ծախսերը հոգալու պարտավորությունը իրավախախտի վրա դնելու միակ եղանակը, ինչն իր հերթին կկանխի հետագա իրավախախտումները:

Կոլեկտիվ հայցերի ներդրման պահանջ նախատեսված է նաեւ ՀՀ Նախագահի 2009թ. ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրությամբ հաստատված  «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրից բխող միջոցառումների» ցանկի 3.15-րդ կետով, ինչպես նաեւ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի միջոցառումների ցանկով:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Քաղաքացիական դատավարությունում հայցը կարող է հարուցվել մի քանի հայցվորների (համահայցվորների) կողմից համատեղ (Հոդված 30): Ընդ որում, համահայցվորներից յուրաքանչյուրը դատավարությունում հանդես է գալիս ինքնուրույն, սակայն կարող են նաեւ գործը վարելը հանձնարարել իրենցից մեկին (Հոդված 30):

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ներդնել խմբային հայցի ինստիտուտը:

Այս երկու համակարգերի համեմատական վերլուծության արդյունքում պարզ է դառնում հետեւյալը.

1. Համահայցվորների ինստիտուտը հնարավորություն չի տալիս ապահովել «գործի քննության արդյունավետություն», քանի որ անձանց բազմաթիվության մեջ ինքնուրույն դիրքորոշման առկայությունը, հայցի հիմքի եւ առարկայի չհամընկման հնարավորությունը, դատաքննության ընթացքում յուրաքանչյուրի ներկայացրած փաստական հանգամանքների նկատմամբ համահայցվորների կաշկանդված չլինելը եւ այլ փաստական հանգամանքների վիճարկումը, դրանից բխող` յուրաքանչյուր համահայցվորի պահանջի մասով ինքնուրույն քննություն իրականացնելու, ընդդատության հարցերի պարզման, լիազորությունների առկայության, պատշաճ հայցվոր լինելու հանգամանքը ճշտելու` դատարանի պարտականությունը «ծանրաքարշ» են դարձնում գործի քննությունը:

2. Համահայցվորների ինստիտուտը չի ապահովում «ճշմարտության բացահայտման» սկզբունքը, քանի որ միեւնույն հիմք եւ առարկա, սակայն տարբեր անձանց միջեւ (ենթադրվում է, որ պատասխանողը նույնն է, միայն փոփոխվել են հայցվորները) համահայցվորության կարգով տարբեր գործեր քննելիս` հավանականությունը, որ դատարանները կկայացնեն իրար ըստ էության հակասող գործեր բավականին մեծ է:

3. Համահայցվորության ինստիտուտին բնորոշ` «գործի արդյունավետ քննությանը» վերաբերող եւ վերը նշված «թերությունները» վերանում են խմբային հայցի դեպքում, քանի որ խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությունը պրոցեսին բացառում է հայցվորների մասնակցությունը, ներկայացուցչի արտահայտած դիրքորոշումը դիտվում է որպես բոլոր հայցվորների դիրքորոշում, ներկայացուցչի նկատմամբ կատարված բոլոր դատավարական գործողությունները դիտվում են որպես հայցվորների նկատմամբ կատարված գործողություններ:

4. Խմբային հայցի ինստիտուտը ապահովում է գործով «ճշմարտության բացահայտման» սկզբունքը, քանի որ վերանում է միեւնույն հիմք եւ առարկա եւ նույն պատասխանողի դեմ դատարանում այլ գործ քննելիս կայացվող դատական ակտերի` իրար հակասելու հավանականությունը:

5. Խմբային հայցի վարույթը նախատեսում է հայցվորների իրավական դիրքորոշման արտահայտման եւ դատավարական իրավունքների իրականացման որոշակի ընթացակարգը, որը տարբերվում է այլ դեպքերում դատավարության մասնակիցներին տրվող իրավունքներից:

6. Իրավական դիրքորոշման արտահայտման եւ դատավարական իրավունքների իրականացման տարբերվող ընթացակարգի ընտրությունը թողնված է խմբային հայցով հայցվորի ընտրությանը` որով ապահովվում է քաղաքացիական դատավարության հիմքում ընկած «տնօրինչականության սկզբունքը»:

7. Քաղաքացիական իրավունքի երկրների քաղաքացիական դատավարության հիմքում ընկած` առանց դատական պրոցեսին մասնակցելու` այդ դատավարության արդյունքում կայացված ակտով իրավական հետեւանքներ կրելու անթույլատրելիության սկզբունքները նաեւ ենթադրում են, որ այն անձինք, ովքեր չեն համաձայնել մասնակցել խմբային հայցով վարույթին, չեն կրում այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտով ծագող պարտականությունները, ինչպես նաեւ չեն օգտվում այդ դատական ակտով տրված իրավունքներից: Այս սկզբունքները ըստ էության պահպանված են նաեւ Նախագծով:

8. Որպես քաղաքացիական իրավունքի երկրներին պատկանելու մշակույթի արտացոլում նախագծով նախատեսված է ակտիվ գործողության` համաձայնության անհրաժեշտությունը խմբային հայցով հայցվոր դառնալու համար, իսկ դասական հայցի ինստիտուտի դեպքում` պասիվ գործողության` անհամաձայնություն չհայտնելու անհրաժեշտությունը խմբային հայցով հայցվոր դառնալու համար: Նույնը վերաբերում է նաեւ հաշտության համաձայնության կնքմանը:

9. Անձանց բազմաթիվությամբ գործեր քննելու բոլոր մեխանիզմները ուղղված են ոչ միայն գործի արդյունավետ քննությանը անձանց իրավունքների իրականացման դատավարական տեսանկյունից, այլ նաեւ գործի քննության արդյունավետությանը գործի ծախսատարության տեսանկյունից: Այդ տեսանկյունից անձանց բազմաթիվությամբ գործեր քննելու բոլոր դատավարական մեխանիզմները, այդ թվում համահայցվորության ինստիտուտը կարող է ապահովել հայցի հարուցումը նյութական տեսանկյունից շահավետ դարձնելու համար:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ ՀՀ քաղաքացիական եւ վարչական դատավարություններում կներդրվի կոլեկտիվ հայցի ինստիտուտը: