Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի քաղաքացիական օրենսգրքի 622-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո անընդմեջ երկու անգամից ավելի կամ պարբերաբար չի մուծել վարձավճարը.»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է վարձակալության պայմանագրի՝ վարձատուի պահանջով վաղաժամկետ լուծման հասկացության ճշգրտմանը եւ առավել հստակեցմանը: Գործող իրավական կարգավորումը վարձատուին վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծման իրավունք է տալիս վարձակալի կողմից պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ցանկացած 2 անգամ վարձավճարն ուշացնելու դեպքում, ընդ որում, չսահմանափակելով ուշացված օրերի քանակը, ինչը նշանակում է, որ այն կարող է լինել նույնիսկ 1 օր: Օրինակ` վարձատուի եւ վարձակալի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով. վարձակալը սահմանված վարձավճարը 1 օրով ուշացրել է պայմանագրի գործողության 2-րդ ամսում, եւ 1 անգամ էլ 1 օրով 5-րդ տարվա 3-րդ ամսում: Նշված օրինակում ծագում է պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վարձատուի իրավունքը, որն անբարենպաստ իրավիճակի մեջ կարող է դնել վարձակալին` հաշվի առնելով վարձակալված տարածքում վերջինիս կողմից կատարված ներդրումները եւ գործարար համբավը: Մինչդեռ առաջարկվող փոփոխությամբ ավելացվում է «անընդմեջ» բառը, որի դեպքում վարձակալի կողմից 2 անգամ անընդմեջ սահմանված վարձավճարը չվճարելը կարող է վկայել վարձակալի կողմից ստանձնած պարտավորությունը ոչ պատշաճ կատարելու որոշակի «օրինաչափության» առկայության վերաբերյալ եւ որի դեպքում պետք է վարձատուին իրավունք ընձեռել օգտվելու պայմանագրի վաղաժամկետ դադարեցման իրավունքից: Մյուս կողմից, հաշվի առնելով որ նախագծով առաջարկվող դրույթը կարող է վարձակալի կողմից չարաշահումների տեղիք տալ, նախատեսվում է հավասարակշռող դրույթ վարձակալի իրավունքների պաշտպանության համար, այն է՝ վարձավճարը պարբերաբար չմուծելու դեպքում վարձատուի պահանջով վարձակալության պայմանագրի լուծումը: