Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-460-12.03.2014,05.09.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ՀՕ-1 «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր դ1 կետով.

«դ1 ) լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ.»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.1-րդ եւ 7.2-րդ հոդվածներով.

«Հոդված 7.1. Քաղաքացու կողմից խաղասրահ կատարվող իր այցելությունները սահմանափակելու կարգը

Խաղասրահ կատարվող իր այցելությունները սահմանափակել ցանկացող քաղաքացին կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր խաղասրահներ իր մուտքն արգելելու վերաբերյալ դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ նշելով որոշակի ժամկետ, որը չի կարող 6 ամսից պակաս լինել: Դիմումում նշված ժամկետի ընթացքում դիմողն այն չի կարող հետ վերցնել:

Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում դիմումի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կազմակերպիչներին՝ նրանց ուղարկելով դիմումի էլեկտրոնային կամ պատճենահանված օրինակները: Դիմումում նշված ժամկետի ողջ ընթացքում կազմակերպիչները պարտավոր են արգելել դիմումատուի մուտքն իրենց խաղասրահներ:

Դիմումի ձեւը սահմանում է լիազոր մարմինը:

Հոդված 7.2. Մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ խաղասրահ կատարվող այցելությունները սահմանափակելու կարգը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխով սահմանված կարգով՝ մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռը կայացրած դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում վճռի օրինակն ուղարկում է լիազոր մարմին: Լիազոր մարմինը սույն օրենքի 7.1-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպիչներին, որպեսզի նրանք արգելեն օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքն իրենց խաղասրահներ:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարանի կողմից քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացվելու դեպքում դատարանի վճիռն ուղարկվում է լիազոր մարմին սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով:

3. Սույն օրենքի 7.1-րդ հոդվածով եւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով խաղասրահ մուտք գործելու իրավունք չունեցող անձանց կողմից խաղասրահում կնքած գործարքները շահագրգիռ անձանց պահանջով դատարանը կարող է անվավեր ճանաչել:

4. Սույն օրենքի 7.1-րդ հոդվածով եւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով խաղասրահ մուտք գործելու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր բ1 կետով.

«բ1 ) խախտել է սույն օրենքի 7.1-րդ հոդվածով կամ 7.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երեք հարյուր հազար դրամի չափով.»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացիների մուտքը խաղատուն արգելելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ նախագծի ընդունմամբ տրվում է սեփական նախաձեռնությամբ խաղատներ կատարվող այցելությունները սահմանափակելու հնարավորություն:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Կարգավորման հիմնական նպատակը մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իրեն եւ/կամ իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունը սահմանափակելն է: Խոսքն առաջին հերթին այն անձանց մասին է, ովեքեր արդեն իսկ դատական կարգով սահմանափակ գործունակ են ճանաչվել վերոնշյալ հիմքերով: Մյուս կողմից բազմաթիվ քաղաքացիներ, որոնք թեեւ սահմանափակ գործունակ չեն ճանաչվել, սակայն, օրինակ, ալկոհոլի ազդեցությամբ կորցնելով ինքնատիրապետումը հաճախում են խաղատուն, բայց դա չեն անում սթափ վիճակում, կարող են նախագծի 1-ին հոդվածով սահմանված կարգով դիմում ներկայացնել շահումով խաղերի, խաղատան գործունեության լիցենզավորում եւ վերահսկողություն իրականացնող մարմնին՝ այդպիսով արգելափակելով սեփական մուտքը խաղատներ:

Մյուս կողմից, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու` առանց հոգաբարձուի համաձայնության կնքած` գույքի տնօրինման գործարքը դատարանը կարող է հոգաբարձուի հայցով անվավեր ճանաչել: Սակայն ինչու՞ թույլ տալ, որպեսզի գործը հասնի դատարան, ինչն իր հետ անխուսափելիորն բերում է ժամանակի եւ դատական ռեսուրսի վատնում, դատական ծախսեր, եթե հնարավոր է խնդիրը լուծել կարճ եւ արդյունավետ եղանակով:

Ինչ վերաբերվում է քաղաքացու կողմից խաղատներ կատարվող իր այցելությունները սահմանափակելու դեպքին, դա ընդունված պրակտիկա է Միացյալ Նահանգներում («Self-Exclusion Program» - մասնավորապես՝ Փենսիլվանիա, Միսսուրի, Օհայո, Իլլինոիս, Նյու Ջերսի, Միչիգան եւ այլն), Կանադայում (մասնավորապես՝ Քեբեքում, որտեղ ծրագիրն իրականացնողներն առաջնորդվում են «Խաղը պետք է մնա խաղ» սկզբունքով, իսկ երեւույթն անվանել են էքսցեսիվ մոլեխաղ), Սինգապուրում, Ֆրանսիայում, Էստոնիայում, Բելառուսում եւ այլուր, որտեղ էլ իր բացառապես դրական արդյունքներն է տվել:

Ճանաչման համար կարող են կիրառվել մի քանի տարբերակներ, որոնցից տվյալ դեպքում առավել պրակտիկը հետեւյալն է. համաձայն «Շահումով խաղերի եւ խաղատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի (դ) կետի՝ կազմակերպիչն արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ, ինչն ինքնին նշանակում է, որ խաղասրահ մուտք գործելիս անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել; այսպիսով՝ ստուգելով խաղատուն մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի տարիքը, ստուգվում է նաեւ, թե նա կա արդյոք այն անձանց ցուցակում, որոնց մուտքը խաղատուն վերոնշյալ հիմքերով պետք է արգելվի:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում նրա մուտքը խաղատուն արգելվի, սահմանվում է այդ նորմի կիրառման կարգը, ինչպես նաեւ հնարավորություն, որպեսզի անգամ եթե անձը նշված հիմքով սահմանափակ գործունակ չի ճանաչվել, նա անձամբ ներկայացնի դիմում իր իսկ մուտքը խաղատուն արգելելու վերաբերյալ: