Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված իրական վնասը եւ բաց թողնված օգուտը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) նպատակ է հետապնդում ապահովել գույքի (այդ թվում՝ դրամական միջոցների) սեփականատիրոջ իրավազորությունների բնականոն իրականացումը: Հարկ է նշել, որ գործնականում տեղ են գտնում դեպքեր, երբ հաճախորդի հաշիվը սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը, ստանալով հաճախորդի դրամական միջոցների վրա արգելանք դնելու որոշումը, հաճախորդի դրամական միջոցներ վրա արգելանք է դնում ոչ թե որոշման մեջ նշված չափով, այլ՝ հաճախորդի հաշվում գտնվող բոլոր դրամական միջոցների նկատմամբ ՝սահմանափակելով սեփականատիրոջ իրավազորությունների իրականացման հնարավորությունները: Ստեղծված պայմաններում հաճախորդները կրում են մի շարք անհարմարություններ: Հաշվի առնելով վերոգրյալ՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ հաճախորդի հաշիվները սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է արգելանք դնել հաճախորդի դրամական միջոցների վրա այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: