Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) նպատակ է հետապնդում հստակ կարգավորել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների հանձնման ընթացակարգերը: Ներկայիս իրավակարգավորմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի( այսուհետ՝ Օրենսգիրք) մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները համարվում են ստացված նույնիսկ այն դեպքերում, երբ անձը, որին ուղարկվել է որոշումը, չի եղել տրանսպորտային միջոցի գրանցման(հաշվառման) կամ վարորդական վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ իր կողմից նշված հաշվառման(գտնվելու), ժամանակավոր հաշվառման կամ բնակության վայրում: Նշված իրավակարգավորումը գործնականում առաջացնում է մի շարք դժվարություններ քաղաքացիների համար, քանի որ, շատ հաճախ իրազեկված չի լինելով կայացված որոշումների մասին, նրանք ոչ միայն հնարավորություն չեն ստանում գանգատարկելու կամ բողոքարկելու կայացված որոշումը, այլ նաեւ ավելանում է որոշմամբ սահմանված տուգանքի չափը: Այդիսկ պատճառով նախագծով առաջարկվում են հստակ ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս քաղաքացիներին լինել իրազեկված իրենց վերաբերյալ կայացված որոշումների վերաբերյալ: Մասնավորապես նշվում է, որ օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում նշված հոդվածներով (Օրենսգրքի 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 (բացառությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 126, 128, 129.2, 131, 132, 135.2, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների ) նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները պետք է հանձնվեն անձամբ հասցեատիրոջը, իսկ որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին։ Բացի դրանից նախագծով կարգավորված են նաեւ այն դեպքերը, երբ որոշման հասցեատերը ճիշտ չի նշել իր հասցեն կամ նրա հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը: Նշված դեպքերում որոշումը ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով եւ տեղադրվում է Հայստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Միեւնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ նախագիծը մշակելիս տեղի ունեցել համագործակցություն ՀՀ Կառավարության հետ եւ նախագիծը ներկայացվում է Կառավարության հետ համատեղ: