Armenian ARMSCII Armenian
Պ-569-25.07.2014,05.09.2014-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի  283-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  283. Գործի վերաբերյալ որոշման հայտարարումը եւ որոշման պատճենի հանձնումը

Որոշումը հայտարարվում է անհապաղ՝ գործի քննությունն ավարտելուն պես:

Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաեւ տուժողին` նրա խնդրանքով: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա ֆաքսով, էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով:

Որոշումը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրել է անձամբ հասցեատերը, կամ հասցեատերը որոշումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումն ստանալուց հրաժարվելու մասին։  Որոշումը համարվում է անձամբ հանձնված նաեւ այն դեպքում, երբ հասցեատիրոջ  գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է ֆաքսով, էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, եւ  դրանք  հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցված լինելու փաստը: Որոշումը էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում  ծանուցումն իրականացվում է ,Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Եթե անձի (որին ուղարկվել է որոշումը) հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ  պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը եւ  ստորագրել հրաժարվելու մասին, ապա որոշումն ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով եւ տեղադրվում  Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:  Այն դեպքերում, երբ որոշումն ուղարկվում է անձի հաշվառման հասցեով եւ տեղադրվում  Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, անձը համարվում է պատշաճ ծանուցված որոշումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ օրը:

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ եւ մաքսանենգության վերաբերյալ գործերի որոշման պատճենը հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ  որոշումը կայացվել է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:

Սույն օրենսգրքի 173 հոդվածով եւ 191 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների գործերով, այն անձի նկատմամբ որոշման պատճենը, որին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից հրազենը, ինչպես նաեւ զինամթերքը վստահվել է պաշտոնեական պարտականությունները կատարելու կապակցությամբ, կամ այդպիսիք տրվել են ժամանակավոր օգտագործման նպատակով, ուղարկվում է համապատասխան ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը` ի գիտություն, եւ ոստիկանությանը` այդ անձին հրազենից օգտվելն արգելելու մասին հարցը քննելու համար:»:

Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: