Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-590-09.09.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 03-ի ՀՕ-320 օրենքի 78-րդ հոդվածը լրացնել նոր 1.1.-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական կամ ֆիզիկական անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
 
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության  Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 29-ի ՍԴՈ-1000 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն իրացնելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանն իր նշված որոշմամբ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի (այսուհետ նաեւ՝ օրենք) 78-րդ hոդվածի 2-րդ մասը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին հակասող եւ անվավեր: Ըստ Սահմանադրական դատարանի դիրքորոշման, գործող Սահմանադրության համաձայն, ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից: Մինչդեռ, քննարկվող օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմը, շեղվելով Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորման հիմքում ընկած իրավական ակտերի հետադարձ ուժի բացակայության կանխավարկածից, ամրագրում է այդ իրավական ակտերի հետադարձ ուժի առկայության կանխավարկածը` բացառությունը դարձնելով  ընդհանուր կանոն: 1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունը կարգավորում էր միայն պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքի հետադարձ ուժի հարցը, իսկ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտերի հետադարձ ուժի հարցը ամբողջությամբ թողնված էր օրենսդրի հայեցողությանը, որը եւ կարգավորված էր «Իրավական ակտերի մասին» oրենքի 78-րդ հոդվածով: Մասնավորապես, նախատեսվում էր անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտերի հետադարձ ուժի առկայության կանխավարկածը: Մինչդեռ գործող Սահմանադրությունը, բացի քրեաիրավական ոլորտից, մնացած դեպքերի համար եւս ամրագրել է անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտերի հետադարձ ուժի բացակայության կանխավարկածը՝ հետադարձ ուժ տալու հարցը թողնելով իրավական ակտն ընդունող մարմնի հայեցողությանը:

Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված դրույթն իրավական ակտն ընդունած մարմնին չի պարտավորեցնում անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտ ընդունելու դեպքում դրան հետադարձ ուժ հաղորդել: Նշված դրույթն իրավական ակտն ընդունող մարմնի հայեցողությանն է թողնում անձի իրավական վիճակը բարելավող կամ պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելը, եւ եթե իրավական ակտը չի նախատեսում հետադարձության վերաբերյալ դրույթ, ապա իրավակիրառողը նոր իրավակարգավորումը կիրառում է միայն դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:  Սահմանադրական այս դրույթին համահունչ է քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածը, համաձայն որի՝ քաղաքացիական oրենuդրության ակտերը եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն ու կիրառվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Oրենքի գործողությունը մինչեւ դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում է միայն այն դեպքերում, երբ դա ուղղակիորեն նախատեuված է oրենքով:

Օրենքում լրացում կատարելը պայմանավորված է նաեւ նրանով, որ Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին կետի ուժով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկու տարվա ընթացքում անհրաժեշտ փոփոխություն պետք է կատարվեր նաեւ «Իրավական ակտերի մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասում՝ համապատասխանեցնելով այն Սահմանադրության փոփոխություններին, ինչը, սակայն, չի կատարվել: Ուստի նախագծի ընդունումը հնարավորություն կտա հաղթահարել Սահմանադրական դատարանի որոշման ընդունումից հետո «Իրավական ակտերի մասին» օրենքում առաջացած իրավակարգավորման բացը: