Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-591-09.09.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 195-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5.Հիմնական աշխատավարձը դա աշխատողի եւ գործատուի միջեւ կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաեւ կողմերի համաձայնությամբ՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատավարձի չափն է:

Լրացուցիչ աշխատավարձը դա աշխատավարձի փոփոխական մասն է, որը հաշվարկվում է հիմնական աշխատավարձի նկատմամբ, եւ որի վճարումը պայմանավորված է սույն մասի «ա», «բ», «գ» եւ «գ» ենաթակետերում թվարկված որեւէ պայմանի եւ (կամ) պայմանների առկայությամբ եւ ներառում է՝

ա. հավելումներ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առարձնապես վնասակար աշխատանքներ կատարելու , բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու համար, հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում,

բ. հավելավճարներ՝ սույն ենթակետում նշված պայմաններից որեւէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ դասային աստիճանների, տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու, ժամանակավորապես տվյալ պաշտոնից բարձր պաշտոնում փոխարինելու, տվյալ մասնագիտությունից ավելի բարձր վարձատրությամբ մասնագիտական աշխատանքներ կատարելու, երկարաժամկետ աշխատանքային ստաժի, կոչումների, աշխատանքային եւ (կամ) ծառայության ստաժի, օտար լեզուների իմացության եւ գործատուի նախաձեռնությամբ այլ դեպքերի համար հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում,

գ. լրավճարներ՝ գործատուի նախաձեռնությամբ, յուրաքանչյուր ամսվա համար  աշխատողի հիմնական աշխատավարձին ավելացվող վճար,

դ. պարգեւատրումներ՝ գործատուի նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի, տարվա  աշխատանքների արդյունքների հիման վրա կատարվող վճար:ե:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Նախագծով առաջարկվում է  հստակեցնել եւ սահմանել լրացուցիչ աշխատավարձ , հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ եւ պարգեւատրումներ հասկացությունները: