Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-538-08.11.2001,24.05.2004-ՊԻ,ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության գիտության, կրթության, մշակույթի, գրականության, ժուռնալիստիկայի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, տնտեսության բնագավառների ականավոր գործիչներին, կոլեկտիվներին պատվավոր կոչումներ շնորհելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է պատվավոր կոչումներ շնորհելու կարգն ու պայմանները:

Հոդված 2. Պատվավոր կոչումների մասին օրենսդրությունը

Պատվավոր կոչումների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ այլ իրավական ակտերից:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները

Գիտության, կրթության, մշակույթի, գրականության, ժուռնալիստիկայի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, տնտեսության բնագավառների զարգացման գործում ակնառու հաջողությունների եւ բացառիկ վաստակի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետության հետեւյալ պատվավոր կոչումները.

ա) «Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ»,

բ) «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ»,

գ) «Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ»,

դ) Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ»,

ե) «Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ»,

զ) «Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ»,

է) «Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ»,

ը) «Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ»,

թ) «Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ»,

ժ) «Հայաստանի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստ»,

ժա) «Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ»,

ժբ) «Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող»,

ժգ)«Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան»,

ժդ) «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ»,

ժե) «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ»:

Հոդված 4. Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է գիտնականներին, գիտական կազմակերպություններում գիտական աշխատողներին գիտության բնագավառում աչքի ընկնող աշխատությունների, հատկապես կարեւոր գիտական հայտնագործությունների եւ գյուտերի, գիտության եւ կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։

Հոդված 5. Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը

Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը շնորհվում է նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական եւ հետբուհական կրթության ուսումնական եւ ուսումնադաստիարակչական հաստատությունների ուսուցիչներին, մանկավարժներին, դասախոսներին եւ աշխատակիցներին սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների, բացառիկ ավանդի համար, որոնք առնվազն 15 տարի աշխատել են տվյալ բնագավառում։

Հոդված 6. Ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը

Ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, երաժիշտ-կատարողներին բարձր վարպետության, աչքի ընկնող բեմական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, ռադիոբեմադրություններ, կինոֆիլմեր ստեղծելու եւ արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

Հոդված 7. Ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը

Ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը շնորհվում է կերպարվեստի ականավոր գործիչներին գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դիզայնի, թատերադեկորացիոն, գրաֆիկայի, դեկորատիվ - կիրառական արվեստի զարգացման եւ բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու, համընդհանուր ճանաչում ունենալու եւ բացառիկ վաստակի համար:

Հոդված 8. Վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը

Վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհվում թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության եւ արվեստի զարգացմանը նպաստելու համար։

Հոդված 9. Վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը

Վաստակավոր նկարչի պատվավոր կոչում է շնորհվում կերպարվեստի գործիչներին,, գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դեկորատիվ-կիրառական, թատերադեկորացիոն արվեստի գործիչներին եւ գեղարվեստական, արհեստագործության վարպետներին, որոնք ստեղծել են բարձրարժեք գեղարվեստական գործեր եւ իրենց գործունեությամբ նպաստում են արվեստի զարգացմանը։

Հոդված 10 .Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվում կոմպոզիտորներին, դիրիժորներին, երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ռեժիսորներին եւ արվեստի մյուս գործիչներին՝ տվյալ բնագավառում ցուցաբերած վարպետության, ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի, ինչպես նաեւ արվեստի ասպարեզում արժեքավոր գործեր ստեղծելու համար։

Հոդված 11. Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին խմբերգային, երաժշտական, պարային եւ այլ կազկակերպությունների գեղարվեստական ղեկավարներին բեմադրիչներին, երգահաններին, խմբավարներին, կոնցերտմայստերներին, երաժիշտ-կատարողներին, ճարտարապետներին, լրագրողներին՝ գրականության, մշակույթի զարգացման բնագավառում աչքի ընկնող եւ վաստակ ունեցող գրողներին, կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության եւ ռադիոյի, մամուլի, հրատարակչությունների, թանգարանների, գրադարանների եւ մշակույթի այլ աշխատողներին իրենց բնագավառներում ցուցաբերած վարպետության կամ մշակույթի զարգացման գործում մեծ վաստակի եւ արժեքավոր ստեղծագործությունների համար:

Հոդված 12. Վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը

Վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը շնորհվում է ճարտարապետության զարգացման գործում բացառիկ վաստակ ունեցող ճարտարապետներին՝ քաղաքաշինության բնագավառում ստեղծարար գործունեության, ճարտարապետական կադրերի պատրաստմանն ակտիվորեն մասնակցելու եւ համաժողովրդական ճանաչում ստացած ճարտարապետական համալիրների, շենքերի եւ շինությունների ստեղծման համար:

Հոդված 13. Վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչումը

Վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչում է շնորհվում մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության բնագավառներում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող, մասնագիտական բարձր վարպետությամբ աչքի ընկած այն ժուռնալիստին, հրապարակախոսին, որն իր գործունեությամբ նպաստել է ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ ակտիվորեն նպաստել է երկրի հասարակական-քաղաքական կյանքի առաջընթացին։

Հոդված 14. Վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը

Վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը շնորհվում է մասնագիտական բացառիկ կարողություններ, անձնվիրություն, ակնառու վաստակ եւ հաջողություններ ունեցող բժշկին առողջապահության եւ բնակչության բուժօգնության եւ բուժսպասարկման բնագավառում ձեռքբերումների, ճանաչման համար, ով առնվազն 15 տարի աշխատել է այդ բնագավառում:

Հոդված 15. Տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը

Տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը շնորհվում է արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկայի բնագավառում բարձր որակավորում ունեցող աշխատողներին, որոնք հատկապես աչքի են ընկել իրենց ակնառու պրակտիկ գործունեությամբ, կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար, եւ որոնք առնվազն 15 տարի աշխատել են տնտեսության համապատասխան ճյուղերում, գիտահետազոտական եւ նախագծային կազմակերպու-թյուններում։

Հոդված 16. Վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը

Վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը շնորհվում է իրավաբաններին՝ իրավագիտության եւ իրավաբանության զարգացման, օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի եւ բացառիկ մասնագիտական կարողությունների դրսեւորման համար, եւ որոնք առնվազն 15 տարի աշխատել են որպես իրավաբան։

Հոդված 17. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի այն աշխատողներին, մարզիկներին, մարզիչներին, որոնք մեծ հաջողություններ են ունեցել միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում, ունեն վաստակ ֆիզիկական կուտուրայի եւ սպորտի զարգացման գործում, այդ թվում՝ կազմակերպական, մանկավարժական, մեթոդական, բուժական ֆիզկուլտուրայի, գիտահետազոտական աշխատանքներում եւ իրենց ակտիվ գործունեությամբ նպաստում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը:

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը

Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը շնորհվում է այն կոլեկտիվներին, որոնք գիտության, մշակույթի զարգացման, համապատասխան բնագավառում ունեցել են մեծ վաստակ, ցուցաբերել բարձր կատարողական վարպետություն։

Հոդված 19. «Ժողովրդական» պատվավոր կոչում շնորհելու մասին

Առանձին պատվավոր կոչումների համար սահմանվում է երկու աստիճան՝ վաստակավոր եւ ժողովրդական։ «Ժողովրդական» պատվավոր կոչում, որպես կանոն, կարող է շնորհվել «վաստակավոր» պատվավոր կոչումը շնորհելուց ոչ պակաս քան հինգ տարի հետո։ Անձին, որպես կանոն, կարող է շնորհվել մեկ պատվավոր կոչում։

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների շնորհագիրը եւ կրծքանշանը

Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների (այսուհետ՝ պատվավոր կոչումներ) արժանացած անձանց շնորհվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձեւի շնորհագիր եւ կրծքանշան։

Հոդված 21. «Ժողովրդական» պատվավոր կոչման համար՝ պատվովճարը

«Ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվում է ամեն ամիս պատվովճար, որի կարգը եւ չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

Հոդված 22. Պատվավոր կոչումների ներկայացնելու կարգը

Պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը կարող է հաշվի առնել նաեւ լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով:

Անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Հոդված 23. Պատվավոր կոչումներ շնորհելու կարգը

Պատվավոր կոչումների շնորհումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ հանդիսավոր արարողության եւ հրապարակայնության պայմաններում հանձնելով շնորհագիրը եւ կրծքանշանը։

Պատվավոր կոչումները շնորհվում են ցմահ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 24. Պատվավոր կոչումների արժանացած անձանց իրավական կարգավիճակը

Այն անձանց, կոլեկտիվներին, որոնց նախկինում մինչեւ սույն օրենքի ընդունումը շնորհվել է պատվավոր կոչումներ, պահպանում են իրենց իրավաբանական ուժը եւ հավասարեցվում են դրանից հետո շնորհված պատվավոր կոչումներին:

Հոդված 25. Անցումային դրույթ

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2001 թվականի հոկտեմբերի 11-ին ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Հոդված 26. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: