Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-594-10.09.2014-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության   2014  թվականի հունիսի 21-ի ՀO-110-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածը խմբագրել հետեւյալ   բովանդակությամբ.

«Հոդված 26. Հանրության ծանուցումը եւ քննարկումների իրականացումը

1. Հանրության իրազեկումն ու մասնակցությունն ապահովելու նպատակով գնահատումների եւ փորձաքննության գործընթացները ենթակա են հանրային ծանուցման եւ քննարկման:

2. Հանրության ծանուցումն իրականացնում են.

1) լիազոր մարմինը` ձեռնարկողի կողմից ներկայացված հայտի, հաշվետվությունների եւ փորձաքննական եզրակացության նախագծի մասին` քննարկումներից առնվազն 20 աշխատանքային օր առաջ:

2) ձեռնարկողը` հիմնադրույթային փաստաթղթի եւ նախատեսվող գործունեության ու դրանց ազդեցության գնահատումների գործընթացների իրականացման մասին` քննարկումներից առնվազն 20 աշխատանքային օր առաջ:

3) ազդակիր համայնքի տարածքային կառավարման մարմինները եւ համայնքի ղեկավարը` հիմնադրույթային փաստաթղթի եւ նախատեսվող գործունեության ու դրանց ազդեցության գնահատումների գործընթացների իրականացման մասին` քննարկումներից առնվազն 20 աշխատանքային օր առաջ:

3. Ծանուցման բովանդակությունը պարունակում է ձեռնարկողի մասին տվյալները, հիմնադրույթային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության համառոտ նկարագրությունը, իրականացման վայրը, դրանց հետ ծանոթանալու եւ քննարկումների իրականացման վայրը, պայմանները, դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնելու ժամկետները, եւ այլ տեղեկություններ:

4. Ծանուցումը, հիմնադրույթային եւ նախագծային փաստաթղթերը  պարտադիր պետք է տեղադրվեն  լիազոր մարմնի պաշտոնական կայքում եւ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության միջոցներում՝ լսումներից առնվազն 20 աշխատանքային օր առաջ:

5. Յուրաքանչյուր  անձ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում եւ հանրային քննարկումներից ժամանակ իարավունք ունի ներկայացնելու լիազոր մարմին իր դիտողությունները եւ առաջարկությունները:

6. Հանրային քննարկումներից իրականացնում են.

1) ձեռնարկողը` հիմնադրույթային փաստաթղթի, նախատեսվող գործունեության եւ դրանց ազդեցության գնահատման գործընթացների մասին,

2) պետական կառավարման տարածքային մարմինը, ձեռնարկողը` հիմնադրույթային փաստաթղթի եւ դրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության նախագծի մասին,

3) տեղական ինքնակառավարման մարմինը, ձեռնարկողը, նախատեսվող գործունեության եւ դրա ազդեցության գնահատման հաշվետվության մասին:

7. Լիազոր մարմինը քննարկումներում ապահովում է իր ներկայացուցչի մասնակցությունը:

8. Հանրային քննարկումների արդյունքում, իրականացնողի կողմից կազմվում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրվում է բոլոր մասնակիցների կողմից եւ դրան կցվում է տեսաձայնագրությունը:

9. Հանրության հիմնավորված դիտողությունները եւ առաջարկությունները ձեռնարկողի եւ լիազորված մարմնի կողմից պետք է հաշվի առնվեն, հաշվի չառնելու դեպքում տրվում է հիմնավոր պատճառաբանված որոշում, որը կարող է վիճարկվել դատական կարգով  տվյալ անձի /անձանց/ կամ հասարակական միավորման կողմից:

10. Լիազոր մարմնի կողմից չի կարող տրվել դրական եզրակացություն, եթե խախտվել են սույն հոդվածի 2-9-րդ մասերի պահանաջները: Այդ դեպքում ամբողջ գործընթացը պետք է սկսել սկզբից սույն հոդվածի պահանջներին համապատասխան:

11. Լիազոր մարմնի որոշումը պետք է հրապարակվի վերջինիս կայքում, որոշման կայյացման օրը եւ այտեղ պետք է տեղադրված մնա առնվազն երեք ամիս:

12. Լիազոր մարմինը որոշման հետ միասին իր կայքում հրապարակում է նաեւ հետեւյալ տեղեկատվությունը.

ա/ հանրության մասնակցության մասին

բ/ հիմնական պատճառները եւ հիմնավորումները հանրության առաջարկությունները ընդունելու կամ մերժելու վերաբերյալ

գ/ շահագրգիռ գերատեսչությունների եւ մարմինների կարծիքները, առաջարկությունները, ինչպես նաեւ նկարագրություն՝ ինչքանով են դրանք հաշվի առնվնել որոշում կայացնելիս կամ հիմնավորումներ՝ ինչու հաշվի չեն առնվել

դ/ էկոլոգիական վնասից խուսափելու կամ այն նվազեցնելու եւ վնասների հատուցման հիմնական միջոցառումների ցանկը:

13. Սույն Օրենքի պահանջների խախտումով ընդունած որոշումները կարող են վիճարկվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, տեղական ինքնակառավարման մարմինների եւ շահագրգիռ գերատեսչությունների կողմից՝ դատական կարգով:

14. Հանրային ծանուցման եւ քննարկումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում «վճարվում է պետական տուրք» բառերը փոխարինել վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Լիազորված անձը կրում է լրիվ գույքային պատասխանատվություն` իր կողմից տրված ոչ պատշաճ մասնագիտական եզրակացության հիման վրա փորձաքննական դրական եզրակացություն ստացած գործունեության իրականացման հետեւանքով շրջակա միջավայրին, կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի համար:

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկման մեթոդներն ու մեխանիզմները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

 Հիմնավորում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  ընդունման անհրաժեշտության

Նախագծով առաջարկվում է հստակեցնել եւ միջազգային կոնվենցիաներին համապատասխանեցնել գործող օրենքի 26-րդ հոդվածը: Մասնավորապես՝ առաջարկվում է հստակեցնել  փորձաքննության եւ գնահատման ժամկետները, հանրության առաջարկները չընդունվելու դեպքում, հնարավորություն ընձեռնել դատական կարգով  բողոքարկելու մերժելու մասին որոշումը: Առաջարկվում է հստակեցնել, թե ով պետք է կազմի փորձաքննության եզրակացության արձանագրությունը, ստորագրի այն եւ ով պետք է կատարի  տեսանկարահանումները՝ արձանագրության եւ տեսանկարահանման օրինականությունը կասկածի տակ չդրվի:

Նախագծով  բնապահպանության ոլորտում պատասխանատվության ինտիտուտի ներդրման քայլ է առաջարկվում, չնայած այդ ոլորտում գործող օրենսդրության պատասխանատվության մեխանիզմների հստակեցման հնարավորությունները լայն չեն, քանի որ շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկման մեթոդներն ու մեխանիզմները սահմանված չեն: