Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5951-11.09.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 05-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 187-րդ հոդվածի`

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Վերանայման վարույթ հարուցելը»,

2) 1-ին մասում «կայացնում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում» բառերը փոխարինել «կայացնում է վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում» բառերով,

3) 2-րդ մասում «Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն» բառերը փոխարինել «Վերանայման վարույթ հարուցելու մասին որոշումն» բառերով,

4) 3-րդ մասում «Դիմումը վարույթ ընդունելու որոշումն» բառերը փոխարինել «Վերանայման վարույթ հարուցելու մասին որոշումն» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «մինչեւ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը» բառերը փոխարինել «մինչեւ վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասում «դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո՝» բառերը փոխարինել «վերանայման վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալուց հետո՝» բառերով:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1901-րդ հոդվածով.

«Հոդված 1901. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման վարույթը

1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումի քննության ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով ծանուցվում են դիմում ներկայացրած անձն ու գործին մասնակցող այլ անձինք: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

2. Դիմումի քննության արդյունքում դատարանը մերժում է վերանայման պահանջը, եթե քննության արդյունքում պարզվում է, որ դիմումում մատնանշված հանգամանքը տվյալ գործով նոր կամ նոր երեւան եկած հանգամանք չի հանդիսանում:

3. Դատարանը բեկանում է դատական ակտը եւ ուղարկում նոր քննության ստորադաս դատարան, եթե դիմումի քննության արդյունքում պարզում է, որ դիմումում մատնանշված հանգամանքը տվյալ գործով նոր կամ նոր երեւան եկած հանգամանք է հանդիսանում: Այս դեպքում դատարանը սահմանում է նոր քննության ծավալը:

4. Դատարանը բեկանում եւ փոփոխում է դատական ակտը, եթե դիմումի քննության արդյունքում պարզում է, որ բողոքում մատնանշված հանգամանքը տվյալ գործով նոր կամ նոր երեւան եկած հանգամանք է հանդիսանում, եւ գործով հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս, առանց նոր քննության, կայացնելու նոր դատական ակտ:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2011 թվականի հուլիսի 15-ի ՍԴՈ-984, 2012 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1049 եւ 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշումների պահանջների կատարման, դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումներն օրենքում իրացնելու անհրաժեշտությամբ:

Իրավակիրառական պրակտիկայում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 4269 -րդ հոդվածի 1-ին մասի ուժով նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում իրականացնում էր այն նույն լիազորությունները, որոնք իրականացնում էր ստորադաս դատարանի դատական ակտերի օրինականությունն ստուգելիս, ինչն իր հերթին նշանակում էր, որ դատական ակտը վերանայող դատարանն իրավասու էր մերժել բողոքը՝ դատական ակտը թողնելով օինական ուժի մեջ: Այսինքն՝ իրավակիրառական պրակտիկայում քրեական դատավարության օրենսգրքի 4269 -րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանության ուժով դատարանները հնարավորություն էին ստանում օրինական ուժի մեջ թողնել վերանայման ենթակա այն դատական ակտը, որը կայացվել էր Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված օրինադրույթի կիրառմամբ կամ ընդունվել էր ի խախտումն Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի: Դրա համար իրավական հիմք էին ծառայում քրեական դատավարության օրենսգրքի 4269 -րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, որոնցում ամրագրված «ընդհանուր կարգ» ձեւակերպումը, ըստ իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանության, թույլ էր տալիս դատական ակտը վերանայելիս ղեկավարվել համապատասխանաբար քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածով, եւ ըստ այդմ, օրինական ուժի մեջ թողնել վերանայման ենթակա դատական ակտը:

Վերը նշված գործերով կայացված որոշմամբ Սահմանադրական դատարանը, բացահայտելով քրեական դատավարության օրենսգրքի 4269 -րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրաիրավական բովանդակությունը, հաստատել է այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ այն դեպքում, երբ դատական ակտի վերանայման համար որպես նոր հանգամանք հիմք է հանդիսանում սահմանադրական դատարանի՝ համապատասխան օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու մասին որոշումը, ապա գործնականում վերանայված դատական ակտի ուժի մեջ մնալն անհնարին է, որովհետեւ արդարադատության հիմքում դրվել է եւ կշարունակի ուժի մեջ մնալ հակասահմանադրական նորմը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման դեպքում եւս Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման դեպք արձանագրելիս դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելը չի ապահովի անձանց խախտված իրավունքների վերականգնումը: Ուստի, նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած կամ կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Սահմանադրական դատարանն այսպիսի դիրքորոշում է արտահայտել նաեւ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման կապակցությամբ (ՍԴՈ-1049):

Սակայն խնդիրը պայմանավորված չէր միայն իրավակիրառական պրակտիկայուվ, այլ նոր երեւան եկած եւ նոր հանգամանքներով դատական ակտերի վերնայման ինստիտուտի արդյունավետ գործողության համար անհրաժեշտ եւ բավարար օրենսդրական դաշտի բացակայությամբ:

Չնայած տարիների ընթացքում կատարված բազմաթիվ փոփոխություններին, այդուհանդերձ նոր եւ նոր երեւան եկած հանգամանքների հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտը դեռեւս ունի բարեփոխումների կարիք: Այս առումով հատկապես անհրաժեշտություն կա սահմանելու դատարանի լիազորությունները դատական ակտի վերանայման վարույթի փուլում, հատկապես նոր կամ նոր երեւան եկած հանգամանքի բացակայության դեպքում վերանայման պահանջը մերժելու, իսկ դրանց առկայությունը հաստատվելու դեպքում՝ դատական ակտը պարտադիր բեկանելու եւ փոփոխելու կամ ստորադաս դատական ատյան ուղարկելու լիազորությունները:

Նախագծով լուծվել են նաեւ նոր երեւան եկած եւ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման ինստիտուտին առնչվող օրենսգրքում առկա այլ խնդիրներ:

Այսպիսով, նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում երաշխավորելու դատական ակտի վերանայման գործառույթի արդյունավետ իրականացման հնարավորությունը՝ ապահովելով դատական ակտերի վերանայման նպատակի եւ խնդիրների իրացում եւ միաժամանակ անձի՝ արդարադատության մատչելիության եւ արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրականացում: