Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-599-12.09.2014-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

«ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաշվի առնելով «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման եւ ստանձնած վարկային պարտավորությունների վերաբերյալ հանրային լուրջ հնչեղություն ունեցող բազմաթիվ հրապարակումներն, անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու փաստը, ինչպես նաեւ նկատի ունենալով հանրապետության սոցիալ տնտեսական վիճակի վրա ընկերության զգալի դերակատարությունը եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածներով, ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Ստեղծել «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):

2. Հանձնաժողովի խնդիրներն են, ուսումնասիրել՝

2.1 «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման գործընթացը, ՀՀ կառավարության եւ գնորդի ստանձնած պարտավորություններն (ըստ կատարման ժամանակացույցի) ու դրանց փաստացի կատարման վիճակը,

2.2. գործարանի վերագործարկման համար ընկերության ստանձնած վարկային պարտավորությունները եւ դրանց օգտագործման արդյունավետությունը.

2.3. ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը եւ կառավարման արդյունավետությունը,

2.4. ընկերության վերագործարկման ուղղությամբ իրականացված միջոցառումները եւ զարգացման ծրագրերը,

2.5 ընկերության վերագործարկման հնարավորությունները:

3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս՝

3.1. հարցումներով դիմում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերությանն, որոնք ողջամիտ ժամկետներում տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվությունը,

3.2. Հանձնաժողովի որոշմամբ հրավիրում է պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ եւ տեղեկատվություն ստանալու նպատակով,

3.3. իր աշխատանքներում ներգրավում է համապատասխան մասնագետների եւ փորձագետների,

3.4. կազմակերպում է հանրային մասնագիտական քննարկումներ:

4. Հանձնաժողովի անդամներն, ինչպես նաեւ Հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված մասնագետներն ու փորձագետները, Հանձնաժողովի որոշմամբ, կարող են այցելել «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերություն՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

5. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունն ունի Հանձնաժողովի կազմում 2, իսկ մնացած խմբակցությունները՝ մեկական ներկայացուցիչ ներկայացնելու իրավունք: Հանձնաժողովն իր կազմից, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրում է նախագահ:

6. Խմբակցությունները Հանձնաժողովի կազմում իրենց անդամներին ներկայացնում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11:00-ին:

7. Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:

8. Հանձնաժողովը իր գրավոր եզրակացությունը Ազգային ժողովի նիստում ներկայացնում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսյա ժամկետում: Եզրակացության վերաբերյալ դիտողություններ եւ առարկություններ ունեցող Հանձնաժողովի անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է Հանձնաժողովի եզրակացությանը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

Հաշվի առնելով հանրապետության սոցիալտնտեսական կյանքի վրա «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության ունեցած զգալի դերակատարությունը, գործարանի պարապուրդի կամ տեւական ժամանակ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու հանգամանքներն ու ընկերության մասնավորեցման եւ ստանձնած վարկային պարտավորությունների վերաբերյալ մամուլում հանրային լուրջ հնչեղություն ունեցող հրապարակումներն ուսումնասիրելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կարեւորելով ընկերության վերագործարկման հնարավորությունների բացահայտումն ու այդ ուղղությամբ իրականացման ենթակա առաջարկությունների մշակման անհրաժեշտությունը ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության կողմից մշակվել եւ 2013 թվականի հունիսի 4-ին շրջանառության մեջ է դրվել ԱԺ –ի համապատասխան որոշման նախագիծը:

Նախագիծը 2014 թվականի փետրվարի 19-ին քննարկվել է ՀՀ ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  N 24 նիստում եւ որոշվել է նախագծի վերաբերյալ չներկայացնել  դրական եզրակացություն: Նախագիծն  առանց գլխադասային մշտական հանձնաժողովի  դրական եզրակացության ընդգրկվել է  2014 թվականի փետրվարի 24-27-ը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում: Նախագիծը 26.02.2014 թվականին քննարկվել է ԱԺ-ի նիստում եւ քվեարկության  կողմ` 45, դեմ` 54, ձեռնպահ` 1 արդյունքով չի ընդունվել:

ՀՅԴ-ի նախաձեռնությամբ  ոլորտի գիտնականների, փորձագետների, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի մասնագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ հարցի այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 2014 թվականի մարտի 25-ին  կազմակերպվել է «Նաիրիտ Գործարան»  փակ բաժնետիրական ընկերությունում ստեղծված իրավիճակը, այն վերագործարկելու հնարավորությունները  եւ հետագա զարգացման ուղիները» թեմայով հանրային մասնագիտական քննարկում:

Քննարկման արդյունքում փաստվեց, որ «Նաիրիտ Գործարան»  փակ բաժնետիրական ընկերության վերագործարկումը իրատեսական է:

Ելնելով վերոհիշյալից ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կարեւորում եւ անհրաժեշտ է համարում սույն նախագծի ընդունումը: