Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6021-17.09.2014-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236 օրենքի 7-րդ հոդվածը լրացնել նոր 1.2-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.2. Կառավարության կարգով հաստատված սահմանային գոտու համայնքներում (բնակավայրերում) գրանցված շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկը հաշվարկում են հարկվող օբյեկտի նկատմամբ հետեւյալ դրույքաչափերով`
 
Եկամուտների տեսակը Դրույքաչափը
Առեւտրական (առքուվաճառքի) գործունեությունից եկամուտներ 0 %
Արտադրական գործունեությունից եկամուտներ 0 %
Վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում` անշարժ գույքի) օտարումից եկամուտներ 10 %
Նոտարական գործունեությունից եկամուտներ 20 %
Այլ գործունեության (եկամուտների) տեսակներից եկամուտներ 0 %

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը: Սույն փաթեթը ներառում է ՀՀ տարբեր օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկություններ, որոնք կնպաստեն սահմանային գոտու բնակավայրերում (համայնքներում) ներդրումների ներգրավմանը, գործարար միջավայրի բարելավմանը եւ համայքներում բնակչության կենսամակարդակի բարձրացմանը::

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի` սահմանային գոտին այն տարածքն է, որը Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծից ծավալվում է դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը` մինչեւ հինգ կիլոմետր լայնությամբ:

Սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչեւ մեկ կիլոմետր լայնությամբ: Սույն հոդվածին համապատասխան, սահմանային գոտու եւ սահմանային շերտի սահմաններն ըստ տեղանքի որոշում եւ փոփոխում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սահմանային գոտին ձգվում է 9 մարզերի տարածքով` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի:

Սահմանի երկարությունը 1431 կմ է, որից Ադրբեջանի հետ` 893. 6 (որից Նախիջեւանի հետ` 190,7), Թուրքիայի հետ` 289, Վրաստանի հետ` 211, Իրանի հետ` 37 կմ:

Սահմանամերձ շերտը կազմում է 1431. 0 քառ. կմ տարածք, իսկ սահմանային գոտին` 7155. 0 քառ. կմ կամ ՀՀ տարածքի 24.0 %-ը:

Սահմանային գոտում է գտնվում 9 քաղաքային եւ 173 գյուղական համայնք (200 բնակավայր, հանրապետության գյուղական բնակավայրերի թվի 20. 7 %), իսկ սահմանային շերտում է գտնվում 4 քաղաքային եւ 59 գյուղական համայնք:

Սահմանամերձ տարածաշրջանների հիմնախնդիրներն են`

- տնտեսական ներուժի անկումը,

- ֆինանսական միջոցների բացակայությունը կամ սակավությունը,

- մարտական գործողությունների եւ տարերային աղետների հետեւանքով շարքից դուրս եկած կամ խիստ վնասված ենթակառուցվածքները (բնակարանային ֆոնդ, շինություններ, ճանապարհներ, խմելու ջրագծեր, առողջապահական, կրթական, կուլտուր-կենցաղային օջախներ, ոռոգման ցանցեր եւ կոյուղագծեր),

-կյանքի անվտանգության երաշխիքների բացակայությունը,

- բնակչության թվի զգալի նվազումը,

- երիտասարդության արտահոսքն ու ծնելիության մակարդակի անկումը,

- բեռնափոխադրումների հեռահարությունը, բարձր սակագները,

- մատակարար-գնորդ ենթակառուցվածքների անարդյունավետությունը:

Սահմանային գոտու բնակավայրերին (համայնքներին) օրենքների նախագծերի սույն փաթեթով արտոնություններ տրամադրելու հիմնական նպատակները:

Սույն օրենսդրական նախաձեռնությունների փաթեթով նախատեսվող արտոնությունների տրամադրման հիմնական նպատակներն են`

ա) տարբերակված մոտեցումը` Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) նկատմամբ՝ ըստ վերջիններիս ռազմավարական կարեւոր նշանակության.

բ) սահմանամերձ համայնքների (բնակավայրերի)` տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման նկատմամբ համակարգված մոտեցումը, այդ նպատակադրմամբ` սահմանային գոտու, համայնքների (բնակավայրերի) արտադրական ներուժի մակարդակի բարձրացումը, պահպանումը, գործարար ակտիվության բարձրացման, ներդրումների ներգրավման եւ տնտեսական աշխուժացման համար բարենպաստ պայմանների ձեւավորումը, բնակչության արտահոսքի կանխարգելումը, լքված ու սակավ բնակեցված բնակավայրերի վերաբնակեցումը:

Սահմանային գոտու բնակավայրերի (համայնքների) հիմնախնդիրների լուծման եւ զարգացման՝ սույն փաթեթով առաջարկվող ուղիները

Նշված խնդիրների լուծման հնարավոր ուղիներն են`տնտեսական եւ ֆինանսական պայմանների բարելավումը, նոր աշխատատեղերի ստեղծումը. այդ նպատակով սույն փաթեթով նախատեսվում է հարկային (այդ թվում՝ գույքահարկի, հողի հարկի, շրջանառության հարկի եւ արտոնագրային վճարների) արտոնությունների տրամադրում, համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան փոխհատուցման սահմանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սահմանամերձ բնակավայրերի (համայնքների) գյուղացիական վարկերի սուբսիդավորման ծավալների ընդլայնում:

Մասնավորապես՝ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սույն փաթեթով նախատեսված լրացմամբ՝ կառավարության կարգով հաստատված սահմանային գոտու բնակավայրերում գրանցված շրջանառության հարկ վճարողների յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկի հաշվարկման համար սահմանվում է զրոյական տոկոսադրույք՝ առեւտրական (առքուվաճառքի), արտադրական եւ այլ գործունեությունից եկամուտների համար:

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սույն փաթեթով նախատեսված փոփոխությամբ կառավարության կարգով հաստատված սահմանային գոտու բնակավայրերում գրանցված արտոնագրային վճար վճարողների կողմից վճարվող արտոնագրային վճարի հաշվարկման համար սահմանվել է 0 գործակից, այլ կերպ ասած՝ տնտեսական ակտիվության խթանման նպատակով՝ սույն փաթեթով նախատեսվում է արտոնագրային վճարներից ազատում:

«Հողի հարկի մասին» եւ «Գույքահակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում սույն փաթեթով նախատեսված լրացմամբ սահմանվում է սահմանամերձ բնակավայրերի (համայնքների) բնակիչների հողի հարկի եւ գույքահարկի գծով պարտավորությունների՝ պետական բյուջեից փոխհատուցում:

Սահմանամերձ բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետության բարձրացման, այդ թվում՝ նվազագույն շահութաբերության ապահովման նպատակով, անհրաժեշտ է, ի թիվս այլ արտոնությունների՝ էապես բարձրացնել գյուղացիական վարկերի սուբսիդավորման ծավալները ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Առաջարկվող օրենքի նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման տոկոսադրույքի չափը՝ ոչ պակաս քան 10 տոկոսի չափով, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղական համայնքներում գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում զբաղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության ապահովման համար: