Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 21.1 -րդ հոդվածով.
«Հոդված 21.1. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց պատասխանատվությունից ազատելը:
1. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձն ազատվում է այն իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից, որը կատարել է հարկադրաբար՝ իր նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում:»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Օտարերկրացիների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Օտարերկրացիների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությամբ, ազգային եւ միջազգային նորմերի վերլուծությամբ:
1. Ընթացիկ իրավիճակը եւ օրենքների ընդունման անհրաժեշտությունը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսգրքում նախատեսված չէ դրույթ, որը թույլ կտա ազատել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց այն իրավախախտումների համար վարչական պատասխանատվությունից, որոնք նրանք հարկադրաբար կատարել են իրենց նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում:
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված չեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց կացության կարգավիճակ եւ աշխատանքի թույլտվություն տալու վերաբերյալ դրույթներ: Բացի այդ, ըստ նույն օրենքի՝ այդպիսի անձինք մի շարք հանգամանքներում պարտավոր են կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից:
Վերոգրյալը հակասում է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ գործողությունների մասին թիվ 197-րդ կոնվենցիայի դրույթների պահանջներին, ինչից էլ բխում է օրենքների ընդունման անհրաժեշտությունը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախատեսվող լրացումներով կկարգավորվի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց ժամանակավոր կացության կարգավիճակ եւ աշխատանքի թույլտվություն ստանալու, մտորման ժամկետում գտնվելիս Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմունքներով մնալու, ինչպես նաեւ իրենց նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում կատարած իրավախախտումների համար վարչական պատասխանատվությունից ազատվելու հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Օտարերկրացիների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը համապատասխանեցնել ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ գործողությունների մասին թիվ 197-րդ կոնվենցիայի դրույթների պահանջներին: