Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-5142-08.05.2014,18.09.2014-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասից եւ 6-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «փախստականի կարգավիճակ կամ քաղաքական» բառերը:

Հոդված 2. Oրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի վերջին պարբերությունը եւ 19-րդ հոդվածի «գ» կետի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«-իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում:»:

Հոդված 3. 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «է» կետով.

«է) օրենքով սահմանված այլ դեպքերը:»:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ժգ» կետով.

«ժգ) օրենքով սահմանված կարգով զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ ունեցող անձինք եւ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչը:»:

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորությունը չի տարածվում այն օտարերկրացու նկատմամբ, ով օրենքով նախատեսված կարգով գտնվում է մտորման ժամկետում:»:

Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Օտարերկրացիների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Օտարերկրացիների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությամբ, ազգային եւ միջազգային նորմերի վերլուծությամբ:

1. Ընթացիկ իրավիճակը եւ օրենքների ընդունման անհրաժեշտությունը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսգրքում նախատեսված չէ դրույթ, որը թույլ կտա ազատել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց այն իրավախախտումների համար վարչական պատասխանատվությունից, որոնք նրանք հարկադրաբար կատարել են իրենց նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում:

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված չեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց կացության կարգավիճակ եւ աշխատանքի թույլտվություն տալու վերաբերյալ դրույթներ: Բացի այդ, ըստ նույն օրենքի՝ այդպիսի անձինք մի շարք հանգամանքներում պարտավոր են կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից:

Վերոգրյալը հակասում է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ գործողությունների մասին թիվ 197-րդ կոնվենցիայի դրույթների պահանջներին, ինչից էլ բխում է օրենքների ընդունման անհրաժեշտությունը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախատեսվող լրացումներով կկարգավորվի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց ժամանակավոր կացության կարգավիճակ եւ աշխատանքի թույլտվություն ստանալու, մտորման ժամկետում գտնվելիս Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմունքներով մնալու, ինչպես նաեւ իրենց նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում կատարած իրավախախտումների համար վարչական պատասխանատվությունից ազատվելու հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Օտարերկրացիների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը համապատասխանեցնել ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ գործողությունների մասին թիվ 197-րդ կոնվենցիայի դրույթների պահանջներին: