Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-604-23.09.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) լրացնել նոր 152.1. հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 152.1. Վարչական ռեսուրսի օգտագործումը նախընտրական քարոզչության ժամանակ

Քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով վերադասի կողմից պետական կամ համայնքային ծառայողի վրա ճնշում գործադրելը, պետական կամ համայնքային ծառայողի լիազորությունները թեկնածուներից մեկի օգտին ծառայեցնելը, ընտրական քարոզարշավին պետական կամ համայնքային ծառայող ներգրավելը, քարոզչության նպատակով պետական միջոցներ օգտագործելը, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ ընտրական հանձնաժողովների տեղակայման շինություններում նախընտրական շտաբեր տեղակայելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երկու տարի ժամկետով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 1542 հոդվածի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով որեւէ թեկնածուից անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք կամ ընտրակաշառքի առաջարկ ստանալու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մինչեւ ընտրակաշառք կամ ընտրակաշառքի առաջարկ ստանալու վերաբերյալ իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում կամովին հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել հանցագործության բացահայտմանը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող լրացումը եւ փոփոխությունը նպատակ ունեն ընտրական գործընթացը դարձնելու առավել արդար, ազատ եւ թափանցիկ: Առաջարկվող լրացումը եւ փոփոխությունը հիմնված է «2013թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի վրա: Նախագծով առաջարկվում է՝

1. Լրացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) նոր 152.1 հոդվածով, որով սահմանվում է «վարչական ռեսուրս» եզրույթը:

2. Օրենսգրքի 1542 հոդվածի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ ըստ որի ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդում ներկայացնողին ազատել քրեական պատասխանատվությունից:

Անդրադառնանք վերոնշյալ առաջարկություններից յուրաքանչյուրին առավել հանգամանորեն: Չնայած Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը արգելում է նախընտրական քարոզչություն իրականացնել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական եւ համայնքային ծառայողներին, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմին իրենց լիազորություններն իրականացնելիս, այնուամենայնիվ 2012թ. խորհրդարանական ու 2008թ. եւ 2013թ. նախագահական ընտրությունների ընթացքում գրանցվեցին վարչական ռեսուրսի օգտագործման բազմաթիվ դեպքեր, ինչպիսիք են՝ վերադասների կողմից պետական ծառայողների վրա ճնշման գործադրումը՝ քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով, պետական ծառայողների լիազորությունները թեկնածուներից մեկի օգտին ծառայեցնելը, նախընտրական շտաբերի տեղակայումը այն շինություններում, որտեղ նաեւ գտնվում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ընտրական հանձնաժողովները եւ այլն: Ընտրություններին մասնակցող բազմաթիվ թեկնածուներ հրապարակային ձեւով իրենց մտահոգություններն արտահայտեցին վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերի վերաբերյալ: Նշված խնդիրները արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. խորհրդարանական ու 2008թ. եւ 2013թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ արտահերթ զեկույցներում: Վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ իրենց մտահոգություններն էին հայտնել նաեւ ընտրություններին հետեւող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Ըստ նրանց ներկայացրած զեկույցների՝ քարոզարշավի կանոնակարգումները չէին ապահովել բավարար պաշտպանություն վարչական ռեսուրսի չարաշահումից եւ չէին նպաստել պետության եւ իշխող կուսակցության միջեւ հստակ բաժանմանը: ԵԱՀԿ/ԺՄԻԳ երկարաժամկետ դիտորդները, մասնավորապես, փաստել էին վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի առկայություն հօգուտ գործող նախագահի: Հաշվի առնելով վարչական ռեսուրսի վերաբերյալ վերոգրյալը՝ ներկայացված նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր 152.1 հոդվածով՝ ըստ որի վարչական ռեսուրսը չարաշահողը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երկու տարի ժամկետով: Նախագծով ներկայացված մյուս առաջարկը վերաբերում է ընտրակաշառք ստացող անձին պատասխանատվությունից ազատելուն, եթե, իհարկե, տվյալ անձը ընտրակաշառք ստանալու մասին 3 օրվա ընթացքում կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին: Համաձայն «2013թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի՝ 2012թ. խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրությունների ընթացքում ստացվել է ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ ավելի քան 200 ահազանգ (2013թ. նախագահական ընտրություններ՝ 100, 2012թ. խորհրդարանական ընտրություններ՝ 102): Ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ արատավոր պրակտիկայի վերացման նպատակով դեռեւս 2012թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների առկայությունից ելնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջարկել էր, որպես ընտրակաշառքի դեմ պայքարի արդյունավետ միջոց, օրենսդրությամբ նախատեսել դրույթ, ըստ որի ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդում ներկայացնողներն ազատվեն քրեական պատասխանատվությունից: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով կաշառք տվող անձի համար սահմանված է պատասխանատվություն, մինչդեռ կաշառք ստացողի պարագայում նման պատասխանատվությունը բացակայում է: Մասնավորապես քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե անձը կաշառք տալու մասին ոչ ուշ քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին: Հաշվի առնելով ընտրակաշառքի վերաբերյալ վերոգրյալը՝ ներկայացված նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1542 հոդվածի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ ըստ որի թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով որեւէ թեկնածուից անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք կամ ընտրակաշառքի առաջարկ ստանալու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ընտրակաշառք կամ ընտրակաշառքի առաջարկ ստանալու վերաբերյալ ոչ ուշ, քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին: Կարծում ենք, որ ներկայացված Նախագիծը օրենքի ուժ ստանալու դեպքում կարող է նպաստել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրություններն այսուհետ, իրապես, լինեն արդար, թափանցիկ եւ ազատ: