Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-317-01.06.2004-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառի պետական քաղաքականությունը, կարգավորում է կազմակերպական-իրավական եւ ֆինանսատնտեսական հարաբերությունները:

Հոդված 2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենսդրությունը

1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ իրավական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1. բարձրագույն մասնագիտական կրթություն` առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հենքի վրա բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի ծրագրերով իրականացվող մասնագիտական կրթություն.

2. հետբուհական մասնագիտական կրթություն` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի, առանձին դեպքերում նաեւ բակալավրի) հենքի վրա հետազոտողի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն.

3. ուսանող՝ սահմանված կարգով համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված եւ բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որեւէ ծրագրով ուսուցում անցնող անձ.

4. ասպիրանտ՝ բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) կրթություն ունեցող, հետբուհական կրթական ծրագրով ուսուցումն ասպիրանտուրայում շարունակող եւ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ, որը առնվազն 3 տարվա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան.

5. դոկտորանտ՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող եւ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու համար համապատասխան կարգով ձեւակերպված անձ.

6. հայցորդ՝ բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող եւ առանց ասպիրանտուրայում սովորելու՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ, կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող եւ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ, որը սահմանված կարգով կցված է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությանը.

7. հեռավար (դիստանցիոն) ուսուցում ՝ համակարգված ուսուցման ձեւ, երբ անմիջական եւ ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի եւ դասախոսի միջեւ իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով.

8. դրսեկություն (էքստեռնատ)՝ ինքնակրթությամբ եւ գիտելիքների ու կարողությունների ընթացիկ, ամփոփիչ ատեստավորման եղանակով ուսումնական հաստատությունում իրականացվող կրթության ձեւ.

9. պետական հավատարմագրում՝ պետության կողմից բուհի, կրթական ծրագրի, մասնագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչում.

10. ինքնավերլուծություն՝ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, անձնակազմի եւ կառուցվածքի արդյունավետության եւ որակի ուսումնասիրություն, որը կրթական չափորոշիչներին համապատասխան, իրականացնում է բարձրագույն ուսումնական հաստատությունը.

11. որակի գնահատում (ատեստավորում)՝ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, ուսուցման մեթոդների, անձնակազմի եւ կառուցվածքի արդյունավետության գնահատում.

12. որակի ապահովում՝ պետական կրթական չափորոշիչներին եւ հավատարմագրման չափանիշներին կրթության որակի համապատասխանության եւ բարելավման պարբերական գործընթաց.

13. կրեդիտային համակարգ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսանողների ուսումնառության արդյունքների գրանցման, համեմատության եւ փոխանցման միասնական համակարգ։

14. ուսանողական նպաստ՝ ուսանողի ուսման վարձի փոխհատուցում՝ պետական բյուջեի ֆինանսավորման, բարձրագոււյն ուսումնական հաստատության, հիմնանդրամների եւ այլ կազմակերպությունների հատկացումների հաշվին։

Հոդված 4. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝

1.մարդու եւ քաղաքացու` բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովումը եւ պաշտպանությունը.

2. բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մատչելիությունը.

3. կրթական գործընթացի անընդհատությունը, հաջորդայնությունը եւ շարունակականությունը.

4. մրցութայնությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը.

5. եվրոպական բարձրագույն կրթական տարածքում, ինչպես նաեւ այլ երկրներում Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական կրթության որակավորման աստիճանների համեմատելիության եւ դիպլոմների ճանաչելիությունն ապահովելը.

6. ուսանողների միջազգային շարժունությանը նպաստելը.

7. բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունները եւ ինքնավարությունը խթանելը եւ զարգացնելը.

8. հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավահավասարությունը` անկախ սեփականության ձեւից.

9. հայազգի օտարերկրյա քաղաքացիների (սփյուռքի համար) մասնագիտական պատրաստումը եւ որակավորման բարձրացումը.

Հոդված 5. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրները

1. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն եւ հետբուհական մասնա-

գիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներն են`

1) բարձրագույն եւ հետբուհական կրթության որակի ապահովումը.

2) պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող ոլորտներում մասնագետների պատրաստմանը աջակցություն.

3) միջազգային գիտակրթական համագործակցության զարգացումը եւ գիտակրթական համակարգի հետ ինտեգրման նպաստումը.

4) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգի զարգացումը եւ մրցունակության բարձրացումը միջազգային ասպարեզում.

5) Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում ուսուցման որակի ներքին (ներբուհական) ու արտաքին գնահատման եւ հավատարմագրման միջազգային (եվրոպական) չափանիշների ներդրումը:

2. Պետությունն ապահովում է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության զարգացում հետեւյալ միջոցներով.

1) անցում բարձրագույն կրթության որակավորումների երկաստիճան կառուցվածքի.

2) հետբուհական կրթության համակարգի կատարելագործում.

3) կրթության զարգացման պետական ծրագրերի մշակում եւ իրականացում.

4) կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատանքային շուկայի պահանջներին.

5) պետության պահանջներից ելնելով`բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ֆինանսավորում.

6) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ուսանողներին եւ ասպիրանտներին պետական ֆինանսական օժանդակություն (կրթաթոշակներ, ուսման վարձի մասնակի (զեղչ) եւ լրիվ փոխհատուցում, կրթական դրամաշնորհներ, վարկեր), հանրակացարաններում տեղերի տրամադրում.

7) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում գիտելիքների ստուգման եւ որակի գնահատման միջազգային չափանիշների, ուսուցման կազմակերպման նոր ձեւերի, այդ թվում՝ կրեդիտային համակարգի ներդրում.

8) կրթական նոր հայեցակարգերի եւ տեխնոլոգիաների ներդրում եւ հետագա զարգացման ապահովում.

9) բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտության եւ կրթության ինտեգրման ապահովում, գիտահետազոտական ստորաբաժանումների կազմակերպում:

3. Պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն:

Հոդված 6. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը եւ ակադեմիական ազատությունները

1. Բարձրագույն ուսումնական հաստատության ինքնավարությունը իրականացվում է ինքնակառավարման եւ կոլեգիալության սկզբունքներով:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքնուրույն է ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների եւ սովորողների ընթացիկ ատեստավորման ձեւերի, կարգի եւ պարբերականության ընտրության հարցերում:

3. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավունք ունի ինքնուրույն, իր կնքած պայմանագրերի հիման վրա իրականացնելու ուղղակի, երկկողմանի եւ բազմակողմանի կապեր տարբեր ուսումնական հաստատությունների, գիտական հիմնարկների եւ այլ կազմակերպությունների հետ, կատարելու կանոնադրությամբ նախատեսված տարբեր տեսակի աշխատանքներ՝ կադրերի պատրաստում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային, տեղեկատվական, հրատարակչական եւ այլ գործունեության վարում, բնակչությանը վճարովի ծառայությունների մատուցում:

4. Բարձրագույն ուսումնական հաստատությունը, ելնելով կատարվող աշխատանքների ծավալներից ու ձեւերից, ինքնուրույն է որոշում բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնում է աշխատողների ընտրությունը եւ բաշխումը, այդ թվում՝ գիտամանկավարժական կազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, դեկանների, ամբիոնների վարիչների, գիտական եւ ուսումնական այլ ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը:

5. Բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական եւ գիտական աշխատողներն իրավունք ունեն իրենց հայեցողությամբ ծրագրի շրջանակներում ուսումնական առարկան շարադրելու, գիտական հետազոտությունների թեմաներ ընտրելու եւ դրանք իրենց ընտրած մեթոդներով կատարելու:

6. Բուհի ուսանողները, ասպիրանտները (այսուհետ՝ սովորողներ) կարող են իրենց հայեցողությամբ, ըստ հակումների եւ պահանջմունքների, ընտրել մասնագիտություն, բարձրագույն ուսումնական հաստատության տեսակը եւ ուսուցման ձեւը, տեղափոխվել բարձրագույն ուսումնական այլ հաստատություն (այդ թվում՝ օտարերկրյա պետությունների), զբաղվել հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատել կամ շարունակել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթությունը, բուհի կանոնադրությանը համապատասխան՝ լիիրավ մասնակցել բուհի կոլեգիալ կառավարման մարմինների աշխատանքներին:

7. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքնուրույն է որոշում իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները, այդ թվում՝ իր աշխատողների վարձատրության եւ նյութական խրախուսման կարգը եւ չափերը:

8. Ուսման վճարի փոխհատուցում՝ ուսանողական նպաստ տրվում է`

ա) ընդունելության քննությունների, ուսանողների տարեկան առաջադիմության արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի քանակին եւ կարգին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության օրենքներով կրթություն ստանալու համար արտոնություն ունեցող ուսանողներին.

գ) պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող ոլորտների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մասնագետների քանակին եւ մասնագիտությունների ցանկին համապատասխան:

9. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր գործունեության համար պատասխանատու է անհատի, հասարակության եւ պետության առջեւ:

Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը եւ իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը (հիմնադիրները), կրթության պետական կառավարման լիազորված մարմինը եւ օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ:

ԳԼՈՒԽ 2.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 7. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգը

Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգը ներառում է՝

1) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները, հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը, պետական հավատարմագրման չափանիշները.

2) լիցենզավորված բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ համապատասխան հետբուհական ու լրացուցիչ մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունները.

3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կառավարման մարմինները, ինչպես նաեւ դրանց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները:

Հոդված 8. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները եւ կրթական ծրագրերը

1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք ապահովում են՝

1) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակը.

2) եվրոպական եւ կրթական այլ տարածքներում ներգրավման հնարավորությունները.

3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության գնահատման հիմքը.

4) օտարերկրյա պետությունների բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակավորումների եւ փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը:

2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են՝

1) ընդհանուր պահանջներ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի վերաբերյալ.

2) պահանջներ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, այդ թվում՝ ուսումնական, արտադրական եւ նախաավարտական պրակտիկաների եւ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձեւերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ.

3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպման ժամկետները կամ անհրաժեշտ կրեդիտային միավորների քանակը.

4) սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը:

3. Պետական կրթական չափորոշիչների ձեւավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ (ռազմական, ոստիկանական բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության դեպքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված):

4. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է հետեւյալ հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերով.

1) բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրով`

ա) բակալավրի,

բ) մագիստրոսի (կլինիկական օրդինատորի),

գ) դիպլոմավորված մասնագետի.

2) հետբուհական մասնագիտական հիմնական կրթական ծրագրով`

ա) հետազոտողի.

3) լրացուցիչ կրթական ծրագրերով՝

ա) վերապատրաստման,

բ) մասնագետների որակավորման բարձրացման:

5. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերը մշակում են բարձրագույն ուսումնական հաստատությունը, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը` պետական կրթական չափորոշիչների հիման վրա:

6. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձեւերի եւ դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկը, ըստ հիմնական կրթական ծրագրերի, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ:

7. Բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների ուսումնական պլանները եւ դասընթացները երաշխավորում են տարբեր կրթական փուլերում սովորողների մուտքը կրթական ծրագիր եւ ծրագրից նրանց ելքը՝ ապահովելով կրթական կրեդիտների փոխանցումը եւ որակավորման աստիճանների շնորհումը:

Հոդված 9. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճանները, ուսուցման ժամկետները եւ ձեւերը

1. Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել անընդհատ եւ (կամ) ընդհատումներով՝ ըստ աստիճանների:

2. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ:

Ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է`

ա) առաջին աստիճանում` բակալավրի որակավորում.

բ) երկրորդ աստիճանում` մագիստրոսի որակավորում.

3. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է հետբուհական մասնագիտական կրթության հետեւյալ որակավորման աստիճանը`

հետազոտողի որակավորման աստիճան:

4. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի ուսուցման ժամկետներն են`

1) բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարի, բժշկական մասնագիտությունների համար՝ առնվազն 5 տարի.

2) դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 5 տարի, արվեստի եւ ֆիզիկական կուլտուրայի մասնագիտությունների համար` առնվազն 4 տարի.

3) մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարի, բժշկական մասնագիտությունների համար` մինչեւ 4 տարի.

4) հետազոտողի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 3 տարի:

5. Այն անձինք, ովքեր ստացել են բարձրագույն մասնագիտական կրթության համապատասխան աստիճանի ավարտական փաստաթուղթ, իրավունք ունեն սահմանված կարգով շարունակել ուսումնառությունը հաջորդ աստիճանի կրթական ծրագրով: Երկրորդ մասնագիտություն ստանալու կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Բարձրագույն կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթություն ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն:

6. Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձեւերով. առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) եւ դրսեկության (էքստեռնատի): Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու տարբեր ձեւերի զուգակցումը թույլատրելի է:

Մասնագիտությունների ցանկը, որոնցով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը չի թույլատրվում հեռակա, հեռավար (դիստանցիոն) կամ դրսեկության (էքստեռնատի) ձեւով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հեռավար (դիստանցիոն) եւ դրսեկության (էքստեռնատի) ձեւով ուսուցման կարգերը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Չհավատարմագրված բուհի ուսանողները եւ շրջանավարտները կարող են դրսեկության կարգով մասնակցել հավատարմագրված բուհի ընթացիկ, ամփոփիչ ատեստավորմանը:

7. Հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է առկա եւ հեռակա ուսուցման ձեւերով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 10. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթը

1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության ավարտական փաստաթուղթ՝ համապատասխան ներդիրով.

- բակալավրի դիպլոմ,
- մագիստրոսի դիպլոմ,
- բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ,
- հետազոտողի դիպլոմ:

2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ակադեմիական տեղեկանք:

3. Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական):

Հոդված 11. Բարձրագույն ուսումնական հաստատությունը, դրա խնդիրները, իրավասությունը եւ կառուցվածքը

1. Բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական խնդիրներն են՝

1) անձի մտավոր, հոգեւոր եւ բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը բարձրագույն եւ (կամ) հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով.

2) գիտության եւ արվեստի զարգացումը գիտամանկավարժական աշխատողների եւ սովորողների գիտական հետազոտությունների ու ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը հետազոտական եւ կրթական գործընթացում.

3) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը եւ վերապատրաստումը.

4) կրթության որակի ապահովումը եւ բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.

5) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության եւ հրապարակայնության ապահովումը.

6) սովորողի` ազգային եւ համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.

7) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական եւ մշակութային մակարդակի բարձրացումը:

2. Բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունն է՝

1) ըստ կրթական ծրագրերի՝ դիմորդների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպումը.

2) բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար անձնակազմի եւ պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերի մշակումը եւ ընտրությունների անցկացումը.

3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների եւ մասնագիտացումների ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության եւ ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը:

4) ըստ ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների` աշխատողների տեղաբաշխումը.

5) մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը.

6) տեղական եւ միջազգային գիտակրթական եւ հետազոտական ծրագրերին մասնակցությունը եւ իրականացումը, գիտական հետազոտությունների կատարումը.

7) հետազոտական աշխատանքներում սովորողների մասնակցության ապահովումը.

8) վճարովի կրթական ծառայությունների (վճարովի ուսուցման եւ այլնի) իրականացումը.

9) ֆինանսների կառավարում, այդ թվում` աշխատավարձ, կրթաթոշակի վճարում կամ ուսման վարձի փոխհատուցում, բարձրագույն ուսումնական հաստատության պահպանմանը եւ զարգացմանը, գիտահետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարում.

10) հետբուհական կրթության իրականացման իրավասություն՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն ինքնուրույն են իրենց կառուցվածքի ձեւավորման հարցում:

Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակը եւ գործառույթները սահմանվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հանրակրթական, միջին մասնագիտական, ինչպես նաեւ լրացուցիչ կրթության ծրագրեր:

Հոդված 12. Բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսակները եւ անվանումները

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետեւյալ տեսակները.

1) համալսարան.

2) ինստիտուտ.

3) ակադեմիա.

4) կոնսերվատորիա.

Բարձրագույն ռազմական ինստիտուտի, ոստիկանական ակադեմիայի գործունեության կարգը սահմանվում է սույն եւ այլ օրենքներով։

2. Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը պետք է բովանդակի տարբերակող նշանակության հատուկ կամ հասարակ եւ կամ այլ անուն, ինչպես նաեւ բուհի տեսակը մատնանշող հասկացությունը (համալսարան, ինստիտուտ, ակադեմիա, կոնսերվատորիա, բարձրագույն ուսումնարան)՝ ավելացրած բուհի կազմակերպական իրավական ձեւը մատնանշող արտահայտությունը:

Հոդված 13. Բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծումը եւ վերակազմակերպումը, լուծարումը, դրա լիցենզավորումը եւ հավատարմագրումը

1. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ստեղծվում, վերակազմակերպվում եւ լուծարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Կրթական գործունեության լիցենզավորումը.

1) կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) կրթական գործունեության լիցենզիան ուսումնական հաստատությանը տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Կրթական ծրագրերի լիցենզավորումն իրականացվում է օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

3) ուսումնական հաստատության լիցենզավորման համար հիմք են հիմնական մանկավարժական եւ պրոֆեսորադասախոսական կազմի, լաբորատոր բազայի եւ ուսումնական տարածքի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը եւ ուսումնամեթոդական ապահովումը:

3. Պետական հավատարմագրումը.

1) պետական հավատարմագրումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ անկախ ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից ուսումնական հաստատության եւ դրա սովորողների ատեստավորման վերաբերյալ եզրակացության հիման վրա.

2) բարձրագույն մասնագիտական կրթության գծով պետական հավատարմագրումն իրականացվում է ըստ ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների.

3) հավատարմագրման կարգը, չափանիշները եւ ժամկետները հաստատում էՀայաստանի Հանրապետության կառավարությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ.

4) պետական հավատարմագրման նպատակն է ուսուցման եւ առանձին մասնագիտությունների գծով շրջանավարտների պատրաստման որակի համապատասխանության ապահովումը պետական կրթական չափորոշիչներին, ինչպես նաեւ նպաստելը ուսումնական հաստատության զարգացման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը.

5) պետական հավատարմագրման վկայականը հավաստում է ուսումնական հաստատության իրականացրած կրթական ծրագրերի մակարդակի, դրանց բովանդակության եւ շրջանավարտների որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին.

6) բարձրագույն ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների, հետբուհական կրթական ծրագրերի պետական հավատարմագրումն իրականացվում է լիցենզիայի առկայության դեպքում.

7) ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների հավատարմագրումն իրականացվում է առանձին փուլերով՝ ըստ կրթական ծրագրերի.

8) Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական կրթության համակարգում պետական հավատարմագրման ենթակա են բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերը.

9) պետական հավատարմագրման վկայականը տրվում է բարձրագույն ուսումնական հաստատությանը ուսումնական հաստատության եւ դրա ուսանողների եւ երկու տարվա շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման վերաբերյալ դրական եզրակացության հիման վրա, ինչպես նաեւ այդ հաստատության մասնագիտությունների առնվազն 75 տոկոսի պետական հավատարմագրման առկայության դեպքում.

10) ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով՝ մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության հայտի հիման վրա: Մասնաճյուղի համար պետական հավատարմագիրը տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը.

11) Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների մասնակցությամբ ստեղծված ուսումնական հաստատությունները եւ դրանց մասնաճյուղերը հավատարմագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

12) բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթղթում (դիպլոմում) նշվում է ոսումնական հաստատության, դրա առանձին մասնագիտության հավատարմագրված լինելու փաստը:

4. Բարձրագույն ուսումնական հաստատությունը կարող է ստանալ նաեւ հասարակական հավատարմագրում, որը հասարակական հավատարմագրում իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից իրենց չափանիշներին եւ պահանջներին բուհի գործունեության մակարդակի համապատասխանության ճանաչումն է:

Հոդված 14. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում ընդունելությունը

1. Բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելությունը բարձրագույն կրթության առաջին աստիճանում (բակալավրիատում) անցկացվում է առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով, մրցութային հիմունքներով:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավունք ունի ընդունելություն հայտարարել լիցենզիայի առկայության դեպքում: Բարձրագույն ուսումնական հաստատությունը պարտավոր է ծանոթացնել դիմորդին իր լիցենզիային, ինչպես նաեւ պետական հավատարմագրման վկայականին, որի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:

3. Բարձրագույն կրթության երկաստիճան համակարգում երկրորդ աստիճանի (մագիստրատուրայի) մրցութային ընդունելությունն իրականացվում է առաջին աստիճանի (բակալավրիատի) գնահատականների հաշվառմամբ` բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով:

4. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ըստ կրթական ծրագրերի, սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

5. Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ծրագրով դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա, իսկ առանձին մասնագիտությունների դեպքում` նաեւ բակալավրի ծրագրով, որի կարգը եւ մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6.Դոկտորանտուրայի փաստաթղթերի ձեւակերպումը կատարվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի եւ դոկտորական թեզի համար գիտական թեմայի առկայության հիման վրա:

Հոդված 15. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումը

1. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան՝ ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման եւ կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, բուհի խորհրդի, գիտական խորհրդի եւ ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:

2. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդն ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

3. Բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ) ձեւավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան եւ լուծում է բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնամեթոդական եւ գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման եւ կառավարման հիմնահարցերը:

Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե մտնում են՝ ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները եւ բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաեւ ընտրովի անդամներ` բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

Գիտական խորհրդի լիազորությունները եւ գործունեության կարգը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

4. Բարձրագույն ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ ռեկտորը:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի (փակ) քվեարկությամբ, 5 տարի ժամկետով եւ պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու ժամկետ` անընդմեջ:

Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն:

5. Բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որի ձեւավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

6. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղի տնօրենը ընտրվում է ուսումնական հաստատության խորհրդի նիստում գաղտնի (փակ) քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, բաց մրցույթով եւ պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու ժամկետ` անընդմեջ:

7. Բարձրագույն ուսումնական հաստատության պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) հրամանով եւ նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:

8. Ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի) պաշտոնը ընտրովի է, որի ընտրության կարգը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի) գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք:

9. Նոր ստեղծվող կամ վերակազմակերպված բարձրագույն ուսումնական հաստատությունում մինչեւ խորհրդի ձեւավորումը բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը նշանակում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

10. Բարձրագույն ուսումնական հաստատությունները մշակում եւ հաստատում են հնգամյա ռազմավարական ծրագրեր: Ռազմավարական ծրագրով սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական նպատակները, դրանց հասնելու միջոցառումների ցանկը:

Ռազմավարական ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետությունը գնահատելու հիմնական ծրագրային փաստաթուղթն է:

Հոդված 16. Հասարակական կազմակերպությունները եւ միավորումները բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում

1. Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունները եւ միավորումները բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն գործում, բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, սպորտային եւ շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսանողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում եւ ուսանողական այլ կազմակերպություններում, որոնց ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

ԳԼՈՒԽ 3.

ՈԻՍՈԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հոդված 17. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողները

1. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը բարձրագույն (հետբուհական) կրթության սուբյեկտ է:

Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողին տրվում են ուսանողական (ասպիրանտական) տոմս եւ ստուգման գրքույկ:

2. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողն իրավունք ունի՝

1) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր եւ տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում են համապատասխան ֆակուլտետը (ուսումնական ստորաբաժանումը) եւ ամբիոնը.

2) մասնակցելու իր կրթության բովանդակության ձեւավորմանը (ուսումնական դասընթացների եւ մասնագիտացման ընտրությանը)՝ պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները,

3) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է տվյալ եւ ցանկացած այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ այդ բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով.

4) մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին.

5) օգտվելու բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններից, տեղեկատվական ֆոնդերից, ուսումնական, գիտական, բուժական եւ այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին եւ սիմպոզիումներին.

6) ներկայացնելու աշխատանքները հրատարակման, ներառյալ՝ բարձրագույն ուսումնական հաստատության հրատարակչություններում.

7) բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները.

8) օգտվելու ուսման տարեկան վարձի՝ մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

9) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, այդ թվում՝ անվանական, ինչպես նաեւ իրեն ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաեւ ուսանողական վարկ.

10) ծանոթանալու բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը եւ այլ նորմատիվ փաստաթղթերին.

11) կրթության կառավարման լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ մինչեւ 1 տարի ժամկետով, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

12) ուսուցման առկա ձեւով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ գնալու արձակուրդ՝ ոչ պակաս, քան յոթ շաբաթ ընդհանուր տեւողությամբ.

13) հանրակացարանի առկայության եւ բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով ստանալու հանրակացարանում համապատասխան տեղ.

14) փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն, այդ թվում՝ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություն, բուհերի փոխադարձ համաձայնության դեպքում, կրթության կառավարման լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգով.

15) ուսման բարձր առաջադիմության եւ գիտահետազոտական աշխատանքներին մասնակցության համար ստանալու բարոյական եւ (կամ) նյութական խրախուսանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով.

3. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողն իրավունք ունի բարձրագույն ուսումնական հաստատությունում վերականգնվելու` կրթության կառավարման լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգով:

4. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողը պարտավոր է կատարելու բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները:

5. Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում ուսանողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ մինչեւ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը:

Չի թույլատրվում ուսանողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընթացքում:

Հոդված 18. Ասպիրանտները, դոկտորանտները եւ հայցորդները

1. Ասպիրանտուրայի ընդունելության եւ ուսուցման, դոկտորանտուրայի եւ հայցորդության ձեւակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ընտրված գիտական թեմաների, գիտական հետազոտությունների հետ կապված աշխատանքների կատարման համար ասպիրանտները, հայցորդները եւ դոկտորանտները բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական եւ գիտական աշխատողների հետ հավասարապես օգտվում են լաբորատորիաներից, սարքավորումներից, ուսումնամեթոդական կաբինետներից, գրադարաններից, ինչպես նաեւ գործուղումների իրավունքից:

Հոդված 19. Բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները

1. Բարձրագույն ուսումնական հաստատությունում եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում սահմանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմ, գիտական աշխատողներ), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ եւ այլ կազմի աշխատողներ:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունում եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությանը եւ կանոնակար-գերին համապատասխան:

3. Բարձրագույն ուսումնական հաստատությունում եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է մինչեւ 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրություն: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական աշխատողի հետ կարող է կնքվել նոր աշխատանքային պայմանագիր մինչեւ 5 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության` պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա: Նշված պաշտոնների տեղակալման կարգը հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատությունը, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

4. Բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության աշխատողն իրավունք ունի՝

1) բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրություններով սահմանված կարգով ընտրելու եւ ընտրվելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության համապատասխան պաշտոններում եւ կառավարման համապատասխան մարմիններում.

2) մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը եւ լուծմանը.

3) օգտվելու գրադարանների, տեղեկատվական ֆոնդերի, ուսումնական եւ գիտական ստորաբաժանումների, ինչպես նաեւ սոցիալ-կենցաղային, բուժական եւ բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կառուցվածքային այլ ստորաբաժանումների ծառայություններից՝ բարձրագույն ուսումնական հաստատության, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությանը եւ (կամ) կոլեկտիվ պայմանագրին համապատասխան.

4) ընտրել դասավանդման այնպիսի մեթոդներ եւ միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.

5) բողոքարկել բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանները եւ կարգադրությունները:

5. Բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության աշխատողները պարտավոր են՝

1) ապահովելու կրթական եւ գիտական գործընթացների արդյունավետությունը.

2) պահպանելու բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

3) սովորողների մեջ ձեւավորելու մասնագիտական որակներ, պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.

4) սովորողների մեջ զարգացնելու ինքնուրույնություն, նախաձեռնություն եւ ստեղծագործական ունակություններ.

5) ոչ պակաս, քան 5 տարին մեկ անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում։

6. Բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության վարչատնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական, ուսումնաօժանդակ եւ այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով:

Հոդված 20. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության, գիտական աստիճանների եւ գիտական կոչումների մասին օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչման ու համարժեքության հաստատման մասին

Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության, գիտական աստիճանների եւ գիտական կոչումների մասին օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների միջեւ կնքած միջպետական, միջկառավարական պայմանագրերով, համաձայնագրերով:

ԳԼՈՒԽ 4.

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 21. Պետական իշխանության մարմինների իրավասությունը բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում

1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է՝

1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծումը, վերակազմակերպումը եւ լուծարումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձեւավորման կարգի հաստատումը.

3) բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգի հաստատումը.

4) կրթական ծրագրերի լիցենզավորման կարգի հաստատումը.

5) ասպիրանտուրայի ընդունելության եւ ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտների եւ հայցորդների ձեւակերպման կարգի հաստատումը.

6) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձեւերի եւ դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկերի հաստատումը, փոփոխությունների եւ լրացումների կատարումը.

7) հեռակա, հեռավար (դիստանցիոն) եւ դրսեկության (էքստեռնատի) ձեւով ուսուցում չթույլատրվող մասնագիտությունների ցանկերի հաստատումը.

8) ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատում, այդ թվում՝

ուսման վարձը փոխհատուցելու, կրթաթոշակ սահմանելու, ուսումնական վարկ ստանալու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը.

9) իրականացնում է ՀՀ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

2. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունն է՝

1) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների մշակումն ու հաստատումը.

2) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի վերահսկողության իրականացումը.

3) պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելության կարգի եւ գիտելիքների գնահատման միասնական համակարգի մշակումը եւ հաստատումը.

4) ասպիրանտուրայի ընդունելության եւ ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտուրայի եւ հայցորդության ձեւակերպման կարգերի մշակումը.

5) ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրվելու կարգի հաստատումը,

6) համապատասխան մարմինների հետ աշխատաշուկայի վերլուծություն կատարելը եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն բուհական ընդունելության վերաբերյալ առաջարկների ներկայացումը.

7) մասնագետների պատրաստման, աշխատողների եւ գիտամանկավարժական աշխատողների որակավորման բարձրացման, վերաորակավորման եւ վերապատրաստման, գիտության զարգացմանն ուղղված պետական բյուջեից ֆինանսավորման ծավալների մասին առաջարկությունների ներկայացումը.

8) բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատությունների գործունեության համակարգումը՝ մասնագետների պատրաստման ծավալների եւ կառուցվածքի սահմանման ուղղությամբ.

9) բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգի հաստատումը.

10) երկրորդ մասնագիտություն ստանալու կարգի հաստատումը.

11) առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) եւ դրսեկության (էքստեռնատի) ձեւով ուսուցման կարգերի հաստատումը:

Կրթության պետական կառավարման լիազորված մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ իրավասություններ:

Հոդված 22. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովումը եւ դրա նկատմամբ պետական վերահսկողությունը

1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունն ուղղված է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովմանը, մասնագետների պատրաստման որակի բարձրացմանը, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ֆինանսավորման համար հատկացված պետական բյուջեի եւ այլ միջոցների արդյունավետ օգտագործմանը:

2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզավորման եւ հավատարմագրման, ինչպես նաեւ որակի ապահովման գործընթացների կազմակերպմամբ՝ որակի գնահատում եւ (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների միջոցով:

3. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատությունը եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր են հրապարակելու որակի գնահատման եւ (կամ) հավատարմագրման չափանիշները, որակի գնահատում եւ (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպության տված եզրակացությունները, ինչպես նաեւ որակի գնահատման ընթացիկ արդյունքները:

4. Բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում որակի գնահատում եւ (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

5. Բարձրագույն եւ հետբուհական կրթության համակարգում որակի ապահովման գործընթացների սկզբունքներն են՝ գնահատման օբյեկտիվությունը, անընդհատությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը:

ԳԼՈՒԽ 5.

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 23. Սեփականության հարաբերությունները բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում

1. Կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով հիմնադիրը (հիմնադիրները) բարձրագույն ուսումնական հաստատությանը սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցվելի) իրավունքով տրամադրում է (են) շենքեր, շինություններ, տրանսպորտ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական, սոցիալական, մշակութային եւ այլ նշանակության անհրաժեշտ գույք:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունը սեփականության իրավունք ունի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից բուհին նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձեւով փոխանցված դրամական միջոցների, գույքի եւ սեփականության այլ օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության արդյունք համարվող մտավոր եւ ստեղծագործական աշխատանքի արդյունքների, ինչպես նաեւ սեփական գործունեությունից ստացված եկամուտների եւ այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններին կարող են անհատույց կամ հատուցելի կարգով օգտագործման հանձնել ուսումնական տարածքներ եւ հողամասեր:

Հոդված 24. Բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումը

Բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 25. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի վարձատրությունը

1. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր ունեցած եւ աշխատողների աշխատանքի վարձատրության համար նախատեսված միջոցների սահմաններում ինքնուրույն է որոշում աշխատանքի վարձատրության ձեւը եւ համակարգը, լրավճարների, հավելումների, պարգեւատրումների եւ նյութական խրախուսման այլ միջոցների չափերը, ինչպես նաեւ բոլոր տարակարգերի աշխատողների աշխատավարձի դրույքաչափերը (առանց աշխատավարձի առավելագույն դրույքաչափերը սահմանելու):

2. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողին աշխատավարձի դրույքաչափը վճարվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված գործառնական պարտականությունների եւ աշխատանքների կատարման համար:

3. Բարձրագույն ուսումնական հաստատության կրթական գործունեությունն ապահովելու նպատակով պետական բյուջեից հատկացվող եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին պետական բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքնուրույն ձեւավորում է աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդ:
 


ԳԼՈՒԽ 6.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 26. Սկսած 2004/05թթ. ուսումնական տարվանից` կապված բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի ներդրման հետ, բուհերում ընդունելությունն իրականացվում է միայն բակալավրի կրթական ծրագրով:

Մինչեւ 2009/10թթ. ուսումնական տարին գործում է նաեւ միաստիճան որակավորման համակարգ` դիպլոմավորվոծ մասնագետի որակավորմամբ:

Մինչ 2010թ. շնորհված դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:

Հոդված 27. Բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի ներդրումը ավարտվում է 2006/07 ուսումնական տարվա ընթացքում:

Հոդված 28. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետը ուժի մեջ է մտնում 2005/06թթ. ուսումնական տարվանից:

ԳԼՈՒԽ 7.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից: