Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-318-01.06.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

1. Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ ապահովագրական  գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց միջեւ առաջացող ապահովագրական հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է կամավոր եւ պարտադիր ապահովագրական գործունեության սկզբունքները:

2. Սույն օրենքի հիմնական խնդիրն է` ապահովադիրների, ապահովագրված անձանց եւ շահառուների շահերի պաշտպանության ապահովումը, ապահովագրական համակարգի զարգացման, հուսալիության եւ բնականոն գործունեության ապահովումն ու ապահովագրական  գործունեության իրականացնողների համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմանների ստեղծումը :
 

 ՀՈԴՎԱԾ 2.  ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ օրենսդրական այլ ակտերով, իսկ պարտադիր ապահովագրության տեսակները եւ նրանց առանձնահատկությունները կարգավորվում են նաեւ պարտադիր ապահովագրության մասին օրենքներով:

 2. Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
 

ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`

ապահովագրություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ ապահովագրական պայմանագրով սահմանված կարգով ապահովագրական պատահարների տեղի ունենալու հետ կապված ապահովադիրների կամ պայմանագրով նախատեսված այլ անձանց անձնական եւ գույքային շահերի պաշպանության նպատակով ապահովագրողի եւ ապահովադրի միջեւ հաստատված հարաբերություն` ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարներից ապահովագրողների ձեւավորած ապահովագրական պահուստների հաշվին.
ապահովագրության օբյեկտներ` ապահովագրության ենթակա Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող անձնական եւ գույքային շահեր.

կամավոր ապահովագրություն ` ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրական պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրություն.

պարտադիր ապահովագրություն ` ապահովագրվողի կամքից անկախ` ապահովագրողի հետ օրենքի ուժով ծագող հարաբերություն, որի տեսակները, պայմաններն ու անցկացման կարգը կարգավորվում են սույն օրենքով եւ պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով.

անձնական ապահովագրություն` ապահովագրական պատահարի հետեւանքով ապահովադիրների կամ ապահովագրված անձանց կյանքին, առողջությանը կամ աշխատունակությանը վնաս պատճառելու, ինչպես նաեւ նրանց կյանքում որոշակի իրադարձության երեւան գալու (կենսաթոշակային տարիքի հասնելը, ամուսնությունը, մահը եւ այլն) դեպքերում ապահովագրական գումարի վճարման հետ (անձնական ապահովագրության տեսակներ) կապված ապահովագրություն.

գույքային ապահովագրություն` ապահովագրական պատահարի հետեւանքով ապահովադրի կամ շահառուի գույքային շահերի` գույքի տիրապետման կամ օգտագործման կամ տնօրինման ժամանակ առաջացած վնասների կամ կորստի դեպքում ապահովագրական հատուցման հետ (գույքային ապահովագրության տեսակներ) կապված ապահովագրություն.

պատասխանատվության ապահովագրություն` ապահովադրի կամ ապահովագրված անձի կողմից երրորդ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարման հետ (պատասխանատվության ապահովագրության տեսակներ) կապված ապահովագրություն.

կյանքի ապահովագրություն` ապահովագրված անձի կյանքի, լրակեցության (անձի որոշակի տարիքի հասնելու), կենսաթոշակային ապահովագրության, ինչպես նաեւ նրա կյանքում որոշակի իրադարձության (կենսաթոշակային տարիքի հասնելը, ամուսնությունը, մահը եւ այլն) երեւան գալու հետ կապված ապահովագրություն, երբ ապահովագրական պատահարին բնորոշ է պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ի հայտ գալու որոշակի հավանականությունն ու պատահականությունը, իսկ ապահովագրության պայմանագրի ժամկետի ավարտին` ապահովագրական պատահարի պարտադիր տեղի ունենալը, այն է` պայմանագրի գործողության ժամկետի ավարտը (կյանքի ապահովագրության տեսակներ).

ոչ կյանքի ապահովագրություն` կյանքի ապահովագրության տարրեր չպարունկող անձնական ապահովագրության, ինչպես նաեւ գույքային եւ պատասխանատվության ապահովագրության տեսակները ներառող (ոչ կյանքի ապահովագրության տեսակներ) ապահովագրություն.

կուտակային ապահովագրություն` կյանքի ապահովագրության բնույթ, երբ ապահովագրողը պարտավորվում է  ապահովադրի կողմից  ապահովագրական պայմանագրով պայմանավորված միանվագ կամ պարբերաբար վճարվող ապահովագրավճարի դիմաց, միանվագ կամ պարբերաբար վճարել  ապահովագրական գումարը կամ երաշխավորված եկամուտը` ապահովադրի կամ ապահովագրված անձի մահվան, որոշակի տարիքի հասնելու, նրա կյանքում ապահովագրական պայմանագրով նախատեսված որոշակի իրադարձության (կենսաթոշակային տարիքի հասնելը, ամուսնությունը եւ այլն) երեւան գալու դեպքում կամ ապահովագրական պայմանագրով սահմանված ժամկետի լրանալու դեպքում` կախված այն հանգամանքից, թե այս ապահովագրական պատահարներից որն է ավելի շուտ տեղի ունենում.

համատեղ ապահովագրություն` մեկ ապահովագրության պայմանագրով մի քանի ապահովագրողների կողմից ապահովագրության օբյեկտի համատեղ ապահովագրում.

վերաապահովագրություն` մեկ ապահովագրողի կողմից, պայմանագրով որոշված պայմաններով, ապահովադրի նկատմամբ ունեցած իր ամբողջ պարտավորությունների կամ դրա մի մասի կատարման ռիսկի ապահովագրումն այլ ապահովագրողի մոտ.

ապահովագրական գործունեություն` ապահովագրության, կամ վերաապահովագրության, կամ ապահովագրության ոլորտում միջնորդային  գործունեության իրականացում.

ապահովագրական գործունեություն իրականացնողներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված եւ լիցենզավորված ապահովագրական ընկերություններ կամ ապահովագրական  միջնորդներ (բրոքերներ).

ապահովադիր, ինչպես նաեւ ապահովագրվող` ապահովագրողների հետ ապահովագրության պայմանագիր կնքած ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

ապահովագրող, ինչպես նաեւ ապահովագրական ընկերություն` ապահովագրական գործունեություն իրականացնող մասնագիտացված բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը որոշակի վճարի դիմաց իր վրա է վերցնում ապահովադրի ռիսկի նյութական հետեւանքները եւ ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում ապահովադրին հատուցում է վնասը կամ վճարում ապահովագրական գումար.

ապահովագրական բրոքեր` ապահովադրի հանձնարարությամբ եւ նրա անունից ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող մասնագիտացված բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.

ապահովագրական գործակալ` ապահովագրողի անունից եւ նրա հանձնարարությամբ բացատրական աշխատանքների կամ օրենսդրությամբ չարգելված այլ գործողությունների միջոցով, ապահովադիրների հետ ապահովգրական պայմանագրերի կամ վկայագրերի կնքման հետ կապված աշխատանքներ իրականացնող` ապահովագրողների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձ.

ապահովագրական ռիսկ` պատահարի (դեպքի) տեղի ունենալու եւ (կամ) վնաս հասցնելու հավանականություն, որի հետ կապված իրականացվում է ապահովագրությունը.

ապահովագրական պատահար` փաստացի տեղի ունեցած պատահական դեպք կամ կուտակային ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի ավարտ, որի վրա հասնելու հետեւանքով սկիզբ է առնում` կամավոր ապահովագրության դեպքում  ապահովագրության պայմանագրով, իսկ պարտադիր ապահովագրության դեպքում օրենքով  նախատեսված, ապահովագրական հատուցում կամ ապահովագրական գումար վճարելու ապահովագրողի պարտավորությունը.

ապահովագրության պայմանագիր` ապահովագրողի եւ ապահովադրի միջեւ առաջացող հարաբերությունները կարգավորող եւ նրանց միջեւ կնքվող գրավոր համաձայնություն, ըստ որի սահմանված ժամկետում ապահովադրի կողմից վճարվող ապահովագրավճարների դիմաց ապահովագրողը պարտավորվում է ապահովագրական պատահարի առաջացման դեպքում կատարել ապահովագրական հատուցում կամ վճարել ապահովագրական գումար ապահովադրին կամ այն անձին, որի օգտին կնքվել է պայմանագիրը.

ապահովագրության վկայագիր` ապահովագրողների կողմից ապահովագրության պայմանագիրը բովանդակող եւ նրա իրողությունը հավաստող հաստատված նմուշի փաստաթուղթ.

ապահովագրական արժեք` գույքային ապահովագրության պայմանագրի կնքման պահին տվյալ գույքի իրական  (շուկայական) արժեքը.
ապահովագրական գումար, ինչպես նաեւ ապահովագրական ծածկույթ` կամավոր ապահովագրության դեպքում` ապահովադրի եւ ապահովագրողի համաձայնությամբ որոշված, իսկ պարտադիր ապահովագրության դեպքում` օրենքով սահմանված  դրամական արտահայտությամբ գումար, որի սահմաններում ապահովագրվում է ապահովագրության օբյեկտը.

ապահովագրավճար, ինչպես նաեւ ապահովագրական պարգեւ` ապահովագրության համար նախատեսվող գումար, որն ապահովադիրը` կամավոր ապահովագրության դեպքում ապահովագրության պայմանագրի, իսկ պարտադիր ապահովագրության դեպքում օրենքի համաձայն, պարտավոր է մուծել ապահովագրողին.

ապահովագրական սակագին`   սահմանված ապահովագրական գումարի նկատմամբ ապահովագրավճարի  դրույքաչափ, որը կամավոր ապահովագրության տեսակների համար որոշվում է ապահովագրողի կողմից, իսկ պարտադիր ապահովագրության տեսակների համար` սահմանվում է օրենքով.

ապահովագրական հատուցում`   դրամական արտահայտությամբ գումար, որն ապահովագրողը գույքային ապահովագրության պայմանագրով, ապահովագրական գումարի սահմաններում, պարտավորվում է վճարել ապահովադրին կամ շահառուին` պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահարի հետեւանքով առաջացած փաստացի վնասների կամ կորուստների դիմաց.

փոխկապակցված անձինք` երկու  եւ ավելի անձինք` եթե.

ա) նրանցից որեւէ մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի (մյուսների) ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթի քսան եւ ավելի տոկոսին.

բ) նրանցից որեւէ մեկի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելին կամ տնօրենը կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձը` միաժամանակ հանդիսանում է մյուսի (մյուսների) տնօրենների խորհրդի անդամ կամ տնօրեն կամ նման  իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձ.

գ) նրանցից որեւէ մեկը մյուսի որոշումների վրա էականորեն ազդելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունի կամ նրանցից մեկը հսկում է մյուսին կամ նրանք ընդհանուր հսկողության տակ են գտնվում.

դ) նրանք միեւնույն ընտանիքի անդամներ են կամ տվյալ դեպքում գործել են համաձայնցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.

ակտուար` ֆինանսների բնագավառում պատահական դեպքերի տեղի ունենալու հավանականությունը եւ դրանց հետ կապված ռիսկերը գնահատող, համապատասխան որակավորում ունեցող մասնագետ, որն ապագա անորոշություններ պարունակող ֆինանսական խնդիրներ լուծելու համար կիրառում է, մասնավորապես, հավանականությունների տեսության, վիճակագրության եւ ռիսկերի տեսության մեթոդներ.
ապահովագրված անձ` անձ, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է  ապահովագրության պայմանագրի առարկա.

շահառու` ապհովագրական պայմանագրով նախատեսված` ապահովագրական հատուցում կամ ապահովագրական գումար ստանալու իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

վթարային հավաստագիր՝ ապահովագրական պատահարի փաստի եւ այդ պատահարի հետեւանքով ապահովագրության օբյեկտին պատճառված վնասների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ.

չհատուցվող գումար` ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովադրի մասնակցության չափը վնասի հատուցմանը, որն ապահովագրողի եւ ապահովադրի միջեւ համաձայնեցված գումար է կամ սահմանվում է ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ.

պայմանական չհատուցվող գումար ` չհատուցվող գումարի տեսակ, որի դեպքում ապահովագրողը ազատվում է փաստացի վնասների կամ կորուստների հատուցման պատասխանատվությունից, երբ դրա մեծությունը չի գերազանցում ապահովագրական պայմանագրով նախատեսված չհատուցվող գումարի չափը, եւ պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, երբ դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը.

ոչ պայմանական չհատուցվող գումար` չհատուցվող գումարի տեսակ, որի չափով ապահովագրողը ազատվում է հատուցում իրականացնելուց:
 

ՀՈԴՎԱԾ 4. «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ» ԲԱՌԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

1. «Ապահովագրական» բառը, դրա ածանցյալները կամ թարգմանություններն իրենց անվանման մեջ եւ գովազդներում կարող են օգտագործել միայն ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզիա ունեցող անձինք, դրանց մասնաճյուղերը, բացառությամբ այն դեպքերի, երբ «ապահովագրական» բառի օգտագործման իմաստից բխում է, որ խոսքը ապահովագրական գործունեությանը չի վերաբերում:

2. Ապահովագրական գործունեություն իրականացնողները իրավունք չունեն իրենց անվան մեջ կամ գովազդներում ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործել, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ ապահովագրական գործունեություն իրականացնողի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:

3. Արգելվում է նաեւ ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա չունեցող անձանց կողմից «ապահովագրական» բառի, դրա ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումը գովազդներում կամ որեւէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե «ապահովագրական» բառի, դրա ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումից ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ապահովագրական գործունեությանը:
 

ՀՈԴՎԱԾ 5. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրով, բացառությամբ կուտակային բնույթի, նախատեսված ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում ապահովագրողի կողմից վճարման ենթակա պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը չի կարող նվազեցվել այն ապահովագրավճարների չափով, որոնք ապահովադիրը պարտավոր կլիներ վճարել, եթե պայմանագիրը շարունակեր գործել մինչեւ դրանով նախատեսված ժամկետի լրանալը:

2. Կյանքի ապահովագրության  կուտակային բնույթ ունեցող պայմանագրի ժամկետի լրանալու դեպքում, եթե տվյալ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահար տեղի չի ունեցել, ապահովագրողի կողմից վճարման ենթակա ապահովագրական գումարը չի կարող պակաս լինել  ապահովադրի կողմից ապահովագրության պայմանագրի համաձայն վճարված ապահովագրավճարների հանրագումարից:

3. Անձնական ապահովագրության պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար սահմանվում է ապահովագրական գումար, որը տվյալ պատահարի առաջացման դեպքում ապահովագրողը պայմանագրով պարտավորվում է վճարել ապահովադրին կամ ապահովագրված անձին կամ շահառուին: Անձնական ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարը որոշվում է ապահովագրողի եւ  ապահովադրի համաձայնությամբ:

4.  Ապահովագրողները կյանքի ապահովագրության գծով ապահովագրական սակագները հաշվարկում են ակտուարային մեթոդի հիման վրա՝ օգտագործելով  սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշները եւ ապահովագրական պահուստների ներդրման եկամտաբերությունը:

5. Ոչ կյանքի ապահովագրության տեսակներն ի տարբերություն կյանքի ապահովագրության տեսակների չեն կարող ունենալ կուտակային ապահովագրության բնույթ:

6. Գույքային ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցման գումարը չի կարող գերազանցել պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի չափը:
 

ՀՈԴՎԱԾ 6. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ապահովագրողներն իրենց գործունեությունը համակարգելու, իրենց անդամների շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու եւ ապահովագրողների այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ապահովագրողների միություններ եւ անդամակցել դրանց:

2. Ապահովագրողների միությունները չեն կարող ապահովագրական գործունեություն իրականացնել եւ լինել նրանց մասնակից: Ապահովագրողների միությունները եւ ասոցիացիաները պետական իրավասու մարմնի կողմից գրանցումից հետո այդ մասին ծանուցում են լիազորված պետական կառավարման մարմնին:

ՀՈԴՎԱԾ 7. ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԸ

1. Ապահովադիրը կարող է ապահովագրության պայմանագիր կնքել ապահովագրված անձի օգտին, կամ նախատեսել շահառուին, ինչպես նաեւ ապահովագրական գործունեություն իրականացնողների գործողությունները բողոքարկել` դիմելով լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան:

2. Ապահովադիրն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ իրավունքներ:
 

ՀՈԴՎԱԾ 8. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԸ

1. Ապահովագրությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է ապահովագրական ընկերությունների կողմից:

2. Ապահովագրողն իրավունք ունի՝

ա) իրականացնել ֆինանսական գործունեության հետ կապված ցանկացած գործառնություններ, եւ կնքել քաղաքացիական-իրավական ցանկացած գործարքներ, եթե դրանք անհրաժեշտ են եւ նպաստում են ապահովագրական գործունեության իրականացմանը եւ չեն վտանգում ապահովադիրների եւ ապահովագրված անձանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը, բացառությամբ` բանկային, արտադրական եւ առեւտրային գործունեության.

բ) հանդիսանալ արտադրական եւ առեւտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների  մասնակից՝  իր համալրված   կանոնադրական կապիտալի գումարի 20%-ը չգերազանցող չափով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի ցածր սահման նախատեսված չէ.

գ) ապահովագրական ռիսկի գնահատման նպատակով ուսումնասիրել ապահովագրության օբյեկտը, գույքի ապահովագրության պայմանագիր կնքելիս զննել ապահովադրի գույքը, անհրաժեշտության դեպքում նշանակել փորձաքննություն՝ դրա իրական արժեքը պարզելու նպատակով, իսկ անձնական ապահովագրության պայմանագիր կնքելիս կատարել ապահովագրված անձի բժշկական քննություն՝ նրա փաստացի առողջական վիճակը պարզելու համար.

դ) ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ստուգել ապահովագրված նյութական արժեքների պահպանման վիճակը եւ թերությունների հայտնաբերման դեպքում պահանջել դրանց վերացումը՝ սահմանելով հիմնավոր ժամկետներ.

ե) ոչ կյանքի ապահովագրության  դեպքում զննել եւ ուսումնասիրել պատահարի հետեւանքով վնասված գույքը, նշանակել փորձաքննություն վնասի առաջացման պատճառների եւ  հետեւանքների բացահայտման ուղղությամբ.

զ) վերաապահովագրել ապահովագրական ռիսկերը ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

3. Ապահովագրողը ապահովագրության պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները վերաապահովագրելու դեպքում ամբողջ ծավալով մնում է պատասխանատու ապահովադրի նկատմամբ:

4. Համատեղ ապահովագրություն դեպքում յուրաքանչյուր ապահովագրողի իրավունքները եւ պարտականությունները որոշող պայմանները պետք է ընդգրկվեն  ապահովագրության պայմանագրի մեջ:

5. Ապահովագրողն առանց համաձայնության չի կարող հրապարակել ապահովադրի առեւտրային կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները:

6. Իրենց կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրողների 49 տոկոսից ավել մասնաբաժին ունեցող ապահովագրական կազմակերպությունները չեն կարող Հայաստանի Հանրապետությունում իրականացնել կյանքի ապահովագրություն, պարտադիր ապահովագրություն, պարտադիր պետական ապահովագրություն, ինչպես նաեւ պետական եւ տեղական կազմակերպությունների գույքային շահերի ապահովագրություն:

7. Ապահովագրողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լիազորված պետական կառավարման մարմին շարունակական ներկյացնել գործունեության երեք տարվա գործարար ծրագիր, որը պետք է բովանդակի հայտատուի կողմից իրականացվելիք ապահովագրության տեսակները, եւ ըստ յուրաքանչյուր տեսակի ներառի ՝

ա) կանոնները

բ) կնքվելիք պայմանագրերի թիվը.

գ) ապահովագրական գումարի չափը.

դ) ապահովագրական սակագները.

ե) ապահովագրավճարի չափը.

զ) միջնորդավճարների չափը.

է) չհատուցվող գումարի տեսակները եւ նրանց չափը.

ը) կառավարման (գործավարման) ծախսերի մեծությունը.

թ)  ապահովագրական պահուստները, նրանց տեղաբաշխման ուղղությունները.

ժ) եթե նախատեսվում է վերաապահովագրություն` դրանց ծավալները եւ համապատասխան կնքված պայմանագրերը.

ժա)  վճարվելիք հատուցումների ծավալը.

ժբ)  շահույթը (վնասը):

Գործարար ծրագիրում նախատեսված ցուցանիշները պետք է լինեն հիմնավորված համապատասխան հաշվարկներով, որոնք պետք է իրականացված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

8. Ապահովագրողը պարտավոր է պահպանել իր գործունեության իրականացման ժամանակ ապահովագրության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական գործունեության իրականացման պարտադիր պահանջները կամ պայմանները:

9. Ապահովագրողն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ իրավունքներ:

ՀՈԴՎԱԾ 9.  ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԸ

1.  Ապահովագրական բրոքերն  ապահովադիրների ապահովագրական ռիսկերը պարտավոր է  տեղաբաշխել` Հայաստանի Հանրապետությունում, օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված ապահովագրական ընկերություններում:

2. Ապահովագրական բրոքերն ապահովագրողների ապահովագրական ռիսկերը իրավունք ունի վերաապահովագրել նաեւ օտարերկրյա ապահովագրական կազմակերպություններում:

3. Ապահովագրական բրոքերը պարտավոր է պահպանել իր գործունեության իրականացման ժամանակ ապահովագրության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական գործունեության իրականացման պարտադիր պահանջները կամ պայմանները:

4. Օտարերկրյա ապահովագրական կազմակերպությունների անունից եւ նրանց հանձնարարությամբ ապահովագրության պայմանագրերի կնքումը  կամ ապահովագրական վկայագրերի վաճառքը  Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է:

5. Ապահովագրողների հանձնարարությամբ եւ նրանց անունից  ապահովադիրների հետ ապահովագրության պայմանագրերի կնքման կամ ապահովագրական վկայագրերի վաճառքի հետ կապված իրավաբանական իզիկական անձանց կողմից միջնորդային գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է:
 

ՀՈԴՎԱԾ 10.  ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

1. Ապահովագրողը  պարտավոր է գործակալի առկայության դեպքում հաստատել գործակալների  գործունեության կանոնակարգը, որի օրինակելի ձեւը,  դրանում ներառվող պայմանները եւ առանձնահատկությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգը պետք է ներառի գործակալի  համապատասխանության չափանիշները եւ որակավորման կարգը, նրա լիազորությունները, նրա վերապահված գործառնությունները եւ առանձնահատկությունները, գործունեության շրջանակները, գործակալին  ապահովագրական վկայագրերի հանձնման, չվաճառված վկայագրերի վերադարձման եւ նրա կողմից հավաքագրված ապահովագրավճարների` ապահովագրողի մոտ մուտքագրման կարգը եւ ժամկետները:

3. Ապահովագրողի կառավարման մարմինը կամ գործադիր տնօրենը գործակալների գործունեության կանոնակարգը հաստատելիս պարտավոր է այդ կանոնակարգով սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգում նախատեսված բոլոր դրույթները, ինչպես նաեւ կարող է սահմանել  գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգում չնախատեսված դրույթներ, որոնք չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգին:

4. Գործակալների գործունեության կանոնակարգը պետք է ներկայացվի լիազորված պետական կառավարման մարմին այն հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում:

ՀՈԴՎԱԾ 11. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Ապահովագրական գործունեություն իրականացնողների կառավարման մարմինների կազմավորման եւ գործունեության կարգը, իրավասությունների շրջանակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան եւ ընկերության կանոնադրությամբ, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

2.  Ներքին կազմակերպական կառուցվածքում պարտադիր են`

ա) ապահովագրողի մոտ` վարչության նախագահի կամ գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի կամ հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի, իսկ կյանքի ապահովագրություն իրականացնողների կազմակերպական կառուցվածքում` նաեւ ակտուարի կամ ակտուարային ստորաբաժանման ղեկավարի հաստիքները, բացառությամբ լիազորված պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցված կարգով ակտուարական գործունեությամբ զբաղվող կազմակերպության հետ կնքված պայմանագրի առկայության դեպքի (այսուհետ` ակտուար).

բ) ապահովագրական բրոքերի մոտ` վարչության նախագահի կամ գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի կամ հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի հաստիքները:

3. Ապահովագրական գործունեություն իրականացնողները` նշանակումից կամ փոփոխությունից հետո 10-օրյա ժամկետում, պարտավոր են լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնել գործադիր տնօրենի (վարչության նախագահի) նշանակման մասին ընկերության բաժնետերերի ժողովի կամ մասնակիցների ժողովի որոշման պատճենը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված որակավորման վկայականի պատճենն ու ստորագրության նմուշը եւ գլխավոր հաշվապահի ստորագրության նմուշն ու նրա նշանակման մասին ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի) հրամանի պատճենը, իսկ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողները նաեւ ակտուարի ստորագրության նմուշն ու նրա նշանակման մասին ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի) հրամանի պատճենը կամ ակտուարական գործունեությամբ զբաղվող կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:

4.  Ապահովագրական գործունեություն իրականացնողների`

ա) գործադիր տնօրենի (վարչության նախագահի) իրավասություններն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ ընկերության կանոնադրությամբ.

բ) գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

5. Ակտուարը պատասխանատու է` ապահովագրողի կողմից ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվող ապահովագրական սակագնի հիմնավորման համար :

Ապահովագրական սակագների հիմնավորումով  փաստաթղթերը լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվում են ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի) եւ առկայության դեպքում նաեւ ակտուարի ստորագրությամբ:

6. Լիազորված պետական կառավարման մարմինն  իրեն ներկայացվող փաստաթղթերը կարող է չընդունել կամ հետ վերադարձնել ապահովագրողին, եթե դրանց վրա բացակայում են սույն հոդվածի 2-րդ մասով պահանջվող պաշտոնատար անձանց ստորագրությունները, կամ եթե այդ փաստաթղթերի վրա դրված ստորագրությունները տարբերվում են ապահովագրողի կողմից ներկայացված համապատասխան պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշից: Այս դեպքում  այդ փաստաթղթերը համարվում են չներկայացված:

7. Ապահովագրական գործունեություն իրականացնողները պարտավոր են` իրենց պաշտոնատար անձի կողմից փաստաթղթերը ստորագրելու անհնարինության դեպքում նշանակել փոխարինող պաշտոնակատար անձ եւ պատշաճ կերպով տեղեկացնել այդ մասին լիազորված պետական կառավարման մարմին սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն:

8. Ապահովագրական գործունեություն իրականացնողների կանոնանդրական կապիտալը համալրելու կամ բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու նպատակով  վճարումը  պետք է իրականացվեն բացառապես դրամական արտահայտությամբ:

9. Ապահովագրական գործունեություն իրականացնողները պարտավոր են իրենց գտնվելու վայրի փոփոխության, ինչպես նաեւ կանոնադրության փոփոխություններն իրավական ուժ ստանալու դեպքերում 10-օրյա ժամկետում դրանք ներկայացնել լիազորված պետական կառավարման մարմին:

10. Ապահովագրական գործունեություն իրականացնողները կարող են Հայաստանի Հանրապետությունում եւ նրա տարածքից դուրս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղեր, որն ապահովագրական գործունեություն իրականացնողի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, գործում է նրա կողմից տրված լիազորությունների սահմաններում եւ ապահովագրական գործունեություն է իրականացնում նրա անունից: Ապահովագրական գործունեություն իրականացնողների մասնաճյուղերը ենթակա են հաշվառման լիազորված պետական կառավարման մարմնի կողմից: Ապահովագրական գործունեություն իրականացնողները մասնաճյուղ կարող են ստեղծել այն ստեղծելու վերաբերյալ տնտեսական ծրագիր (հիմնավորում) լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնելուց եւ նրա կողմից հավանության արժանանալուց հետո: Ապահովագրական գործունեություն իրականացնողների մասնաճյուղերերի գրանցման կարգը, ինչպես նաեւ տնտեսական ծրագրի (հիմնավորման) հիմնական սկզբունքներն ու ներկայացման կարգը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ապահովագրական գործունեություն իրականացնողները բացի մասնաճյուղերից չեն կարող ստեղծել այլ առանձնացված ստորաբաժանումներ:
 

ՀՈԴՎԱԾ 12. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ

1. Ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարներ են հանդիսանում ընկերության խորհրդի նախագահը եւ անդամները, գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը, վարչության անդամները եւ գործադիր տնօրենի տեղակայը, գլխավոր հաշվապահը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը (հսկիչը) եւ անդամները, ինչպես նաեւ ապահովագրական գործունեություն իրականացնողի մասնաճյուղերի  կառավարիչները եւ գլխավոր հաշվապահները:

2. Ապահովագրական գործունեություն իրականացնողի  ղեկավար չեն կարող լինել՝

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների կամ անզգուշությամբ  կատարված տնտեսական հանցագործությունների համար դատվածություն ունեցող ֆիզիկական անձինք, եթե դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

բ) դատավճռով ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.

գ) սնանկ ճանաչված ֆիզիկական անձինք.

դ) այն ֆիզիկական անձինք, որոնց ապօրինի գործողությունները նախկինում հանգեցրել են ապահովագրական գործունեություն իրականացնողների սնանկացմանը, լիցենզիայի գործողության դադարեցմանը, կամ այլ իրավաբանական անձանց սնանկացմանը.

ե) օրենքով սահմանված դեպքերում այլ անձիք.

զ) ինչպես նաեւ այն անձինք, որոնք սույն հոդվածի համաձայն զրկվել են այդ իրավունքից ապահովագրական գործունեություն իրականացնելու ընթացքում:

3. Ապահովագրական գործունեություն իրականացնողների   հիմնադիր կամ մասնակից չեն կարող լինել՝

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող ֆիզիկական անձինք, եթե դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

բ) սնանկ ճանաչված իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, եւ լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձինք.

գ) այն ֆիզիկական անձինք, որոնց ապօրինի գործողությունները նախկինում հանգեցրել են ապահովագրական գործունեություն իրականացնողների  սնանկացմանը, լիցենզիայի գործողության դադարեցմանը, կամ այլ իրավաբանական անձանց սնանկացմանը.

դ) այն անձը կամ փոխկապակցված անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը լիազորված պետական կառավարման մարմնի հաստատած ուղեցույցով հիմնավորված՝ լիազորված պետական կառավարաման մարմնի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես ապահովագրական գործունեություն իրականացնողի բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի, գործողությունները կարող են հանգեցնել ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը.

ե)  օրենքով սահմանված դեպքերում այլ անձիք.

զ) ինչպես նաեւ այն անձինք, որոնք սույն հոդվածի համաձայն զրկվել են այդ իրավունքից ապահովագրական գործունեություն իրականացնելու ընթացքում:

4. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետեւանքով ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում կարող են բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերել միայն լիազորված պետական կառավարման մարմնի նախնական համաձայնությամբ:

Նախնական համաձայնություն ստանալու համար լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող փաստաթղթերի, տեղեկությունների ցանկը եւ ձեւը սահմանում է լիազորված պետական կառավարման մարմինը:

Լիազորված պետական կառավարման մարմինը սույն մասով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում քննում է դրանք: Լիազորված պետական կառավարման մարմնի կողմից 30-օրյա ժամկետում դիմումը չմերժելու կամ 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված: Լիազորված պետական կառավարման մարմնի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով` 30-օրյա ժամկետը կարող է լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ (հրամանով) կասեցվել:

Առանց լիազորված պետական կառավարման մարմնի նախնական համաձայնության ապահովագրական գործունեություն իրականացնողների կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման պայմանագիրն առոչինչ է:

Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու թողարկող հանդիսացող ապահովագրողի կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռք բերման վրա, եթե դա կատարվել է ֆոնդային բորսայում եւ չի գերազանցում ապահովագրողի կանոնադրական կապիտալի 20 տոկոսը, իսկ գերազանցելու դեպքում լիազորված պետական կառավարման մարմնի նախնական համաձայնությունը ձեռք է բերվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.  Ապահովագրական գործունեություն իրականացնողների` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ղեկավարները, ինչպես նաեւ ակտուարը  եւ գործակալը պետք է ունենան ապահովագրության ոլորտի համապատասխան մասնագետի որակավորում: Մասնագիտական որակավորման պահնաջները եւ որակավորման ստուգման կարգը լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացմամբ` սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հայտատուների որակավորման ընթացակարգի կազմակերպումը եւ  ստուգումը իրականացում է ապահովագրական գործունեությունը կարգավորող եւ վերահսկողություն իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը:

7.  Որակավորում ստանալու համար կարող է դիմել տասնութ տարին լրացած եւ գործունակ ցանկացած ֆիզիկական անձ, որը`

ա) ունի միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթություն.

բ) համապատասխանում է սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին.

գ) որակավորման համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքերով չի զրկվել որակավորումից.

դ) դիմումի հետ ներկայացրել է նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթուղթ:

8.  Որակավորման ստուգման դրական արդյունքների դեպքում որակավորման հանձնաժողովի կողմից տվյալ անձին տրվում է ապահովագրության ոլորտի համապատասխան մասնագետի որակավորման վկայական: Որակավորման վկայականները տրվում են երեք տարի ժամկետով:

9. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորված անձը, որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ (հրամանով) կարող է զրկվել որակավորումից, եթե տվյալ անձը`

ա) որակավորման համար նախկինում ներկայացված դիմումում որեւէ էական փաստ է խեղաթյուրել կամ բաց թողել.

բ) որոկավորումն ստանալուց հետո դատապարտվել է դիտավորությամբ կատարած հանցագործության կամ անզգուշությամբ կատարած տնտեսական հնցագործության համար.

գ) իր գործունեության արդյունքով պատճառ է հանդիսացել ապահովագրական գործունեություն իրականացնողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան` նույն հիմքով երկու կամ տարբեր հիմքերով երեք անգամ, օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման:

Որակավորումից զրկված անձը պարտավոր է զրկման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել որակվորման վկայականը:

10. Առանց սույն օրենքին համապատասխան որակավորում ստանալու` արգելվում է ապահովագրական գործունեություն իրականացնողների անունից կամ նրանց կազմում մասնագիտական գործունեություն իրականացնելը:

11.  Սույն հոդվածի   9-րդ մասի համաձայն որակավորումից զրկվելու դեպքում տվյալ անձինք զրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեություն իրականացնող ընկերություններում համապատասխան պաշտոն զբաղեցնելու կամ վերջիններիս ծառայություններ մատուցելու իրավունքից եւ պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոնից համապատասխան որոշումը (հրամանը) ստանալու հաջորդ  օրվանից:  Ապահովագրական գործունեություն իրականացնողը սույն մասով սահմանված դեպքում պետք է  նշանակի փոխարինող պաշտոնակատար անձ` սույն օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն:
 

ՀՈԴՎԱԾ 13. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ՍՆԱՆԿԱՑՈՒՄԸ

1. Ապահովագրական գործունեություն իրականացնողների  լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

2. Ապահովագրողի լուծարումը կարող է օրենքով սահմանված կարգով գրանցվել միայն տվյալ ընկերության կողմից ապահովադիրների, ապահովագրված անձանց, շահառուների եւ պետության (պետական տուրքերի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքը ներկայացնելուց հետո:

3. Ապահովագրական գործունեություն իրականացնողների սնանկացումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
 

ԳԼՈՒԽ  II
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ


ՀՈԴՎԱԾ 14. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱԿԱՅԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Ապահովագրության իրականացման գործարքը հաստատելու համար ապահովադրին տրամադրվում է ապահովագրության վկայագիր, որը պետք է բովանդակի՝

ա)  փաստաթղթի անվանումը.

բ) ապահովագրողի լրիվ անվանումը, պետական գրանցման եւ լիցենզավորման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն) ու կապի միջոցները, բանկային եւ այլ վավերապայմանները.

գ) ապահովադրի մասին`

- եթե իրավաբանական անձ է` լրիվ անվանումը, պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն) ու կապի միջոցները, բանկային եւ այլ վավերապայմանները.

- եթե ֆիզիկական անձ է՝  ազգանունը, անունը, անձնագրային տվյալները եւ մշտական բնակության վայրը (փոստային հասցեն), ինչպես նաեւ կապի միջոցները (առկայության դեպքում).

 դ) ապահովագրության օբյեկտի լրիվ անվանումը եւ գտնվելու վայրը (փոստային հասցեն), եթե այդպիսիք կան.

 ե) ապահովագրական գումարի չափը.

 զ) հավանական ապահովագրական ռիսկի անվանումը.

 է) ապահովագրավճարի  չափը,  վճարման ժամկետները եւ կարգը.

 ը) ապահովադրի կողմից ապահովագրական պատահարի առաջացման մասին տեղեկություններն ապահովագրողին հայտնելու պայմանները.

 թ)  գործողության ժամկետը, իսկ անժամկետ  ապահովագրության վկայագրի կնքման դեպքում՝   դրա ուժի մեջ մտնելու ամսաթիվը.

 ժ) չհատուցվող գումարի տեսակը եւ չափը, եթե այդպիսին կա.

ժա) ապահովագրական հատուցումների պայմանները եւ կարգը, ինչպես նաեւ հնարավոր մերժման դեպքերը.

ժբ) իրականացվող ապահովագրության կանոնների պատճեն.

ժգ) կողմերի համաձայնությամբ այլ դրույթներ.

ժդ)  վեճերի լուծման, ինչպես նաեւ վկայագրի փոփոխման, լրացման եւ լուծման  կարգը.

ժե)  ապահովագրողի  եւ  ապահովադրի  ստորագրությունները.

ժզ)  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ:

2. Ապահովագրողը պարտավոր է ապահովադրի հետ կնքած յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի համար ապահովադրին տրամադրել ապահովագրական վկայագիր (այսուհետ` ապահովագրական պայմանագիր):

ՀՈԴՎԱԾ 15 ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 1. Ապահովադրի մահվան դեպքում` իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում են  երրորդ անձին եթե նրա օգտին է կնքվել ապահովագրության պայմանագիրը:

2. Կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում  ապահովադիրը կամ ապահովագրված անձը եթե դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ, ապա նրա իրավունքները եւ պարտականություններն իրականացնում է վերջինիս խնամակալը կամ հոգաբարձուն: Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում դատարանի կողմից  ապահովադրին անգործունակ ճանաչելու դեպքում՝  նրա իրավունքներն ու պարտականություններն ապահովագրողի համաձայնությամբ իրականացնում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
 
3. Ապահովագրողի վերակազմակերպման, լիցենզիայի կասեցման եւ դադարեցման, ինչպես նաեւ այլ դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ապահովագրողը պարտավոր է ապահովագրական պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերը,  փոխանցել մեկ այլ ապահովագրողի՝ նախապես համաձայնեցնելով լիազորված պետական կառավարման մարմնի հետ:

ՀՈԴՎԱԾ 16.  ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԿԱՄ  ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ

1. Ապահովագրական հատուցումն (ապահովագրական գումարի վճարումը) իրականացվում է ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանագրին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան՝ հիմք ընդունելով ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) հայտարարությունը,  վթարային հավաստագիրը, գույքային ապահովագրության դեպքում՝ նաեւ վնասների պատճառները եւ չափը հավաստող՝ համապատասխան լիազորված մարմինների կողմից հաստատված փաստաթղթերը: Վնասի չափը կարող է հավաստվել  նաեւ համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենդրությամբ, գույքային ապահովագրության դեպքում, որպես ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցում վճարելու համար հիմք հանդիսացող՝ վնասների պատճառները  եւ չափը հավաստող փաստաթուղթ կարող է դիտարկվել համապատասխան անկախ փորձագետի  եզրակացությունը:

2. Վթարային հավաստագիրը կազմում է ապահովագրողը կամ նրա կողմից լիազորված անձը, որն իրավունք ունի ապահովագրական պատահարի հետ կապված լրացուցիչ տվյալներ հավաքագրել իրավապահ մարմիններից, բանկերից, առողջապահական հիմնարկներից,   պետական կառավարման մարմիններից եւ այն անձանցից, որոնք տնօրինում են ապահովագրական պատահարի առաջացման հանգամանքների մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ իրավունք ունի պարզել ապահովագրական պատահարի առաջացման պատճառները եւ հանգամանքները:

3. Ապահովագրողն, ապահովագրական հատուցում (ապահովագրական գումար) վճարելու (մերժելու) որոշումն  ընդունելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ապահովադրին (ապահովագրված անձին, շահառուին) տալիս է գրավոր եզրակացություն՝ ապահովագրական հատուցումը (ապահովագրական գումարը) վճարելու կամ այն մերժելու վերաբերյալ:

4. Ապահովագրական հատուցումը կամ ապահովագրական գումարը վճարվում է միանվագ դրա վերաբերյալ ապահովագրողի կողմից տրված եզրակացության օրվանից 30 օրյա ժամկետում, եթե ապահովագրության պայմանագրով կամ այլ բան նախատեսված չէ:

5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց դիմելուց 30 օրվա ընթացքում ապահովագրողին հայտնել ապահովագրական պատահարի հետ կապված, այդ թվում՝ առեւտրային գաղտնիք համարվող տեղեկությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով: Ապահովագրողը պատասխանատվություն է կրում ստացված՝ առեւտրային եւ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6. Միայն ապահովագրության օբյեկտի ամբողջական կորուստի դեպքում ապահովագրական հատուցման գումարը համապատասխանում է ապահովագրական գումարին:

7. Ապահովագրական հատուցման վճարումից հետո գույքային ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը պակասեցվում է վճարված հատուցման չափով, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Ապահովագրողներն իրավունք ունեն,  ապահովադրի համաձայնությամբ եւ նրա կողմից լրացուցիչ ապահովագրավճար մուծելու դեպքում վերականգնել ապահովագրական գումարի նախնական չափը:

8. Ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարումը մերժելու հիմք է հանդիսանում՝
 
ա) ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կողմից ապահովագրական պատահարի առաջացմանն ուղղված դիտավորյալ գործունեությունը.

բ) ապահովադրի կողմից ապահովագրողին ապահովագրության օբյեկտի վերաբերյալ դիտավորյալ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը, բացառությամբ այն դեպքերի, որոնք էական նշանակություն չեն ունեցել ապահովագրական ռիսկի գնահատման համար.

գ) օրենքով նախատեսված այլ դեպքեր:

9. Ապահովագրության պայմանագրով կարող են նախատեսվել ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարումը մերժելու նաեւ այլ դեպքեր, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին:

10.  Ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

11. Ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարումը կարող է հետաձգվել, եթե ապահովադրի (ապահովագրված անձի կամ շահառուի) նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ կապված ապահովագրական պատահարի առաջացման հետ, ինչպես նաեւ ապահովագրության պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

ՀՈԴՎԱԾ 17. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

1.   Ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է՝

ա) ապահովադրի, եթե այն իրավաբանական անձ է՝ լուծարման, իսկ եթե ֆիզիկական անձ է՝ մահվան դեպքում, բացի սույն օրենքի  15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված փոփոխություններից.

 բ) ապահովագրության պայմանագրից ապահովադրի (շահառուի) հրաժարվելու դեպքում.

գ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովագրողի լուծարման դեպքում՝ այդ մասին համապատասխան որոշման ընդունման օրվանից  երեսուներորդ օրը.

 դ) Հայաստանի Հանրապետության  օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել ապահովագրողի պահանջով՝ ապահովադրի կողմից օրենքով կամ ապահովագրության պայմանագրով նախատեսված իր պարտականությունները չկատարելու դեպքում, եթե դա նախատեսված է ապահովագրության պայմանագրով, ինչպես նաեւ կողմերի համաձայնությամբ եւ ապահովագրողի լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում` այդ մասին համապատասխան որոշման ընդունման օրվանից:

3. Ապահովադրի (շահառուի) կողմից ապահովագրության պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում նրան վերադարձվում է պայմանագրի չլրացած ժամկետի համար մուծված ապահովագրավճարները՝ մասհանելով կատարված ծախսերը, եթե դա նախատեսված է ապահովագրության պայմանագրով: Այն դեպքերում, երբ ապահովադրի պահանջները պայմանավորված են ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանագրի պայմանների խախտմամբ, ապա վերջինս ապահովադրին է վերադարձնում վճարված ապահովագրավճարներն ամբողջությամբ, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ :

4.  Ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծման մտադրության մասին կողմերը պարտավոր են միմյանց տեղեկացնել վաղաժամկետ լուծման նախատեսվող ժամկետից ոչ պակաս, քան երեսուն օր առաջ, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան  նախատեսված չէ:

5. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովագրողի լուծարման դեպքում, այդ մասին համապատասխան որոշման ընդունման պահից երեսուն օրվա ընթացքում ընկերությունը պարտավոր է ապահովադիրներին (ապահովագրված անձանց, շահառուներին) պատշաճ կերպով տեղեկացնել իր լուծարման մասին, ինչպես նաեւ ապահովագրության պայմանագրերի վաղաժամկետ լուծման օրվա մասին: Սույն մասով սահմանված ապահովագրողի լուծարման դեպքում, վերջինս պարտավոր է վերադարձնել ապահովադիրների՝ պայմանագրի չլրացած ժամկետի համար մուծված ապահովագրավճարները, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

ՀՈԴՎԱԾ 18. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Ապահովագրության պայմանագիրն անվավեր է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց պայմանագիր) կամ անկախ այդ ճանաչումից (առոչինչ պայմանագիր):

2. Ապահովագրության պայմանագիրն առոչինչ է, եթե՝

ա)  այն կնքվել է ապահովագրական պատահարից հետո.

բ)  ապահովագրության օբյեկտ է համարվում ապահովագրության պայմանագրի կնքման պահին դատարանի որոշմամբ բռնագանձման ենթակա գույքը.

գ) ապահովագրության պայմանագրով ապահովագրական  պատահար է համարվել այնպիսի իրադարձություն, որը չունի կայացման հավանականություն եւ պատահականություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կուտակային ապահովագրության պայմանագրով ապահովագրական պատահար է համարվել  պայմանագրային   ժամկետի ավարտը.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
 

ԳԼՈՒԽ  III

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 19. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ

1. Ապահովագրողները պարտավոր են իրենց կողմից կնքված ապահովագրական պայմանագրերի գծով ձեւավորել ապահովագրական պահուստներ, որոնք պետք է լինեն հուսալի եւ ապահով բոլոր ապագա վճարումների համար:

2. Ապահովագրական պահուստների տեսակները, ինչպես նաեւ դրանց ձեւավորման եւ տեղաբաշխման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ապահովագրողները կարող են, լիազորված պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելով, ձեւավորել ստանձնած ապահովագրական ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման նպատակով կանխարգելիչ միջոցառումների պահուստներ:

4. Ապահովագրողները պարտավոր են`

ա) ապահովագրական պահուստները տեղաբաշխել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված ներդրումներում` առաջնորդվելով ապահովադիրների (ապահովագրված անձանց եւ շահառուների) շահերի պաշտպանության, ռիսկի դիվերսիֆիկացիայի եւ նվազեցման, ինչպես նաեւ կազմակերպության ֆինանսական կայունության, վճարունակության եւ իրացվելիության ապահովման սկզբունքներով.

բ) ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական պարտավորությունների ծավալը չնվազեցնել` սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նկարագրված դեպքերում վերաապահովագրողներին փոխանցված պարտավորությունների չափով:

5. Ապահովագրական պահուստների ձեւավորման եւ տեղաբաշխման կարգով կարող են սահմանվել ապահովագրական պահուստների հիմնական տեսակները, դրանց հաշվարկման մեթոդները, ապահովագրական պահուստների հաշվարկման համար ապահովագրության տեսակների խմբերի դասակարգումը, ապահովագրական պահուստների ձեւավորման հիմնական սկզբունքները, ապահովագրողների կողմից գործավարման ծախսերին ուղղվող ապահովագրավճարների սահմանաչափերը, ապահովագրական պահուստների հաշվարկման ձեւերը եւ դրանց լրացման կարգը, ապահովագրական պահուստների տեղաբաշխման ուղղություններն ու սահմանաչափերը, ապահովագրական պահուստների տեղաբաշխման համար թույլատրելի եւ անթույլատրելի ակտիվները,  դրույթներ` լրացուցիչ ապահովագրական պահուստների հաշվարկման մեթոդների սահմանման մասին: Ապահովագրական պահուստների ձեւավորման եւ տեղաբաշխման կարգով կարող են սահմանվել նաեւ այլ դրույթներ:

6. Ապահովագրական պահուստների չափերի պահպանման համար պատասխանատու է ապահովագրողի գործադիր տնօրենը (վարչության նախագահը), բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովագրական պահուստի սահմանային չափի խախտումը տեղի է ունեցել այն  մարմնի որոշման հետեւանքով, որի կատարումը պարտադիր էր գործադիր տնօրենի (վարչության նախագահի) համար: Ապահովագրական պահուստների հաշվարկման պահանջների կատարման համար պատասխանատու է ապահովագրողի գլխավոր հաշվապահը (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարը):

ՀՈԴՎԱԾ 20. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

1. Ապահովագրողների համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը չպետք է պակաս լինի հիսուն միլիոն դրամից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է մեծացնել այդ չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ, կամ մի քանի տարիների ծրագրով:

2. Իրենց ֆինանսական կայունությունը, վճարունակությունն ու իրացվելիությունն ապահովելու համար ապահովագրողները պարտավոր են պահպանել ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները:

Այդ նորմատիվների չափը, ձեւավորման եւ հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության  կառավարությունը:

3. Ապահովագրողն իր վճարունակության ու իրացվելիության անհրաժեշտ մակարդակի խաթարման կամ ֆինանսական կայունության վտանգման դեպքում կարող է լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնել համապատասխան առողջացման ծրագիր, որի իրականացման ժամկետներն ու կարգը համաձայնեցվում են լիազորված պետական կառավարման մարմնի հետ եւ դիտվում որպես լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրված հանձնարարական:

Առողջացման ծրագրով կարող են նախատեսվել հետեւյալ պայմանները`

ա) որոշակի ժամանակաշրջանում զարգացման ծրագրի իրագործում.

բ) խախտման վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում.

գ) շահաբաժինների վճարման կասեցում.

դ) ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանում.

ե) ղեկավարների աշխատավարձի նվազեցում եւ նրանց տրվող պարգեւավճարների դադարեցում.

զ) ակտիվային կամ պասիվային  առանձին գործառնությունների դադարեցում կամ ծավալային սահմանափակում.

է) գովազդի իրականացման սահմանափակում.

ը) այլ սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են ապահովագրողի ֆինանսական վիճակի բարելավման եւ բնականոն գործունեության ապահովման համար:

ՀՈԴՎԱԾ 21. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանած ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձեւավորման եւ հաշվարկման կարգը,  ներառում է՝

ա) համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը.

բ) իրացվելիության նորմատիվները.

գ) վճարունակության նորմատիվները.

դ) ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը.

ե) առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիները.

զ) ստանձնած ապահովագրական ռիսկերի գծով առավելագույն չափերը.

է) վերաապահովագրության փոխանցվող ապահովագրական պարտավորությունների առավելագույն չափերը:

Սույն մասի ա) կետով սահմանված նորմատիվի դեպքում միաժամանակ կյանքի եւ ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողների համար գործում է սահմանված նորմատիվի առավելագույն չափը:

2. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը եւ հաշվարկման կարգը՝ կյանքի ապահովագրություն, ոչ կյանքի ապահովագրություն եւ վերաապահովագրություն իրականացնող ապահովագրողների համար կարող են սահմանվել   առանձին-առանձին, բայց  միեւնույն խմբի ապահովագրողների համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները պետք է նույնը լինեն:

Այն ապահովագրական ընկերությունների նկատմամբ, որոնք չեն պահպանել հիմնական տնտեսական նորմատիվները, լիազորված պետական կառավարման մարմինը կարող է կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմատիվները խստացնող պահանջներ` մեծացնելով կամ փոքրացնելով համապատասխանաբար նորմատիվի նվազագույն կամ առավելագույն չափը:

3. Պարտադիր ապահովագրության տեսակների ներդրման դեպքում օրենքով սահմանվում է պարտադիր ապահովագրության գծով հավաքագրվող  ապահովագրավճարներից ապահովագրողի կողմից իրականացվելիք կառավարման (գործավարման) ծախսերի առավելագույն սահմանի նորմատիվ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը տվյալ պարտադիր ապահովագրության տեսակը իրականացնող ապահովագրողների համար կարող է սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների այլ չափեր:

4. Հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման նպատակով ապահովագրական ընկերությունները պարտավոր են`

ա) կնքված ապահովագրական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները միավորել եւ դիտարկել որպես մեկ միասնական ապահովագրական պարտավորություն այն դեպքում, երբ ապահովագրության օբյեկտները գտնվում են որոշակի սահմանափակ տարածքում, միեւնույն պայմաններում, կարող են ենթարկվել միեւնույն ռիսկային գործոնների ազդեցությանը, ապահովագրության պայմանագրով դրանց համար ամրագրվել են միեւնույն ապահովագրության պայմանները եւ ապահովադիր է հանդես գալիս միեւնույն անձը.

բ) կնքված ապահովագրական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները տրոհել եւ դիտարկել որպես առանձին ապահովագրական պարտավորություններ.

գ) ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական պարտավորությունների ծավալը չնվազեցնել` սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նկարագրված դեպքերում  վերաապահովագրողներին փոխանցված պարտավորությունների չափով:

5. Հիմնական տնտեսական նորմատիվների չափերի պահպանման համար պատասխանատու է ապահովագրողի գործադիր տնօրենը (վարչության նախագահը), բացառությամբ այն դեպքերի, երբ նորմատիվի սահմանային չափի խախտումը տեղի է ունեցել այն  մարմնի որոշման հետեւանքով, որի կատարումը պարտադիր էր գործադիր տնօրենի (վարչության նախագահի) համար: Հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման պահանջների կատարման համար պատասխանատու է ապահովագրողի գլխավոր հաշվապահը (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարը):

6.  Ապահովագրողները պարտավոր են սույն հոդվածով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնել հաշվետվություններ՝ որոնց ձեւերը, առանձնահատկությունները, դրանց լրացման,  ներկայացման կարգերը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 ՀՈԴՎԱԾ 22. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ապահովագրական գործունեություն իրականացնողները   պարտավոր են լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ տարեկան եւ միջանկյալ ֆինանսական եւ տեսչական հաշվետվություններ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվետվություններ:

Ապահովագրական գործունեություն իրականացնողները իրենց գործունեության վերաբերյալ սույն օրենքով նախատեսված տարեկան ֆինանսական եւ տեսչական հաշվետվությունները լիազորված պետական կառավարման մարմին են ներակայացնում մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը, իսկ միջանկյալ ֆինանսական եւ տեսչական հաշվետվությունները՝ միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում եւ սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում շաբաթական տեսչական հաշվետվությունները, բացառությամբ` եթե սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն չի սահմանվել ավելի ուշ ժամկետ:

2. Ապահովագրական գործունեություն իրականացնողների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, դրա կիրառման մասին հրահանգը, ֆինանսական հաշվետվությունների եւ ֆինանսական կայունության վերահսկողության նպատակով ներկայացվող տեսչական հաշվետվությունների ձեւերը, դրանց լրացման մասին հրահանգը, ներկայացման կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ դրանց հաստատման վերաբերյալ աուդիտորական ծառայությունների նկատմամբ պահանջները,   լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

3. Ապահովագրողների կողմից կյանքի, ոչ կյանքի ապահովագրության եւ վերաապահովագրության գործառնությունները հաշվառվում են առանձին-առանձին:

ՀՈԴՎԱԾ 23. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ  ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

1. Ապահովագրական գործունեություն իրականացնողներն  իրենց տարեկան հաշվապահական հաշվեկշիռները եւ ֆինանսական արդյունքների մասին տարեկան հաշվետվության ձեւերը, ինչպես նաեւ դրանց հաստատման վերաբերյալ անկախ եւ լիցենզավորված աուդիտորական ծառայությունների կողմից տրված եզրակացությունները պարտավոր են հրապարակել ոչ պակաս քան 1000 տպաքանակ ունեցող մամուլում՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը:

2. Ապահովագրական գործունեություն իրականացնողները  պարտավոր են հրապարակել նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով   համապատասխան տեղեկությունները:

ՀՈԴՎԱԾ 24. ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1. Ապահովագրողները պարտավոր են ապահովագրության պայմանագրով ստանձնած ապահովագրական պարտավորությունների վերաապահովագրության դեպքում մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը լիազորված պետական կառավարման մարմին հայտնել տեղեկատվություն այն վերաապահովագրողների մասին, որոնց հետ տվյալ  եռամսյակի ընթացքում իրենց կողմից կնքվել են վերաապահովագրության պայմանագրեր: Նշված տեղեկատվությունը ներառում է՝ վերաապահովագրողի լրիվ անվանումը,  գտնվելու վայրը (փոստային հասցեն), հեռախոսահամարը եւ կապի այլ միջոցներ, պետական գրանցման տվյալները, գործունեության տեսակը եւ այլ տվյալներ:
Այն դեպքում, երբ ապահովագրողը ապահովագրության պայմանագրով ստանձնած ապահովագրական պարտավորությունները վերաապահովագրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող ապահովագրական բրոքերների միջոցով, ապա նա պարտավոր է նաեւ տվյալ ապահովագրական բրոքերների վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմնին տրամադրել ՝ սույն մասով սահմանված կարգով եւ ժամկետներում պահանջվող տեղեկատվությունը:

2. Լիազորված պետական կառավարման մարմինն օտարերկրյա վերաապահովագրողների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող է ստանալ  տվյալ երկրների լիազորված պետական կառավարման մարմիններից, ինչպես նաեւ ապահովագրության ոլորտի հետ կապված միջազգային կազմակերպություններից:

3.  Լիազորված պետական կառավարման մարմինը կարող է արգելել` օգտվել  վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի ծառայություններից, եթե սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված կարգով ստացված կամ այլ կերպ հավաքագրված տեղեկատվությունից պարզվում է, որ տվյալ վերաապահովագրողը կամ ապահովագրական բրոքերը անվճարունակ է կամ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, կամ եթե պարզվում է, որ տվյալ երկրի համապատասխան իրավասություններ ունեցող մարմինների կողմից նրա նկատմամբ կիրառվել է որեւէ պատասխանատվության միջոց՝ լիցենզիայի գործողության կասեցում, լիցենզիայի գործողության դադարեցում, բանկային հաշիվների նկատմամբ կալանքի կիրառում եւ վերաապահովագրողի գործունեությունը սահմանափակող այլ միջոցներ:
 Սույն օրենքի իմաստով վերաապահովագրողները համարվում են հուսալի, եթե միջազգային հեղենակավոր ռեյթինգային (վարկանշող) ծառայությունների կողմից նրանց տրված ռեյթինգային (վարկանշող) դասակարգման աստիճանը (գնահատականը) ցածր չէ Հայաստանի Հհանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դասակարգման նվազագույն աստիճանից (գնահատականից):

ՀՈԴՎԱԾ  25. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

1. Ապահովագրական շուկայում չհիմնավորված ցածր ապահովագրական սակագների կիրառումը բացառելու եւ ապահովագրողների ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով ապահովագրողները պարտավոր են լիազորված պետական կառավարման մարմին պարբերաբար ներկայացնել հաշվետվություն՝ իրենց կողմից ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվող ապահովագրական սակագների մասին` համապատասխան հիմնավորումներով:  Այդ հաշվետվության ձեւը, դրա ներկայացման  եւ սակագների հիմնավորման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հիմնավորված է համարվում այն ապահովագրական սակագինը, որը հաշվարկված է ակտուարային մեթոդներին համապատասխան` վիճակագրական տվյալների հիման վրա , որոնցից են`

ա)  պաշտոնական վիճակագրական տվյալները.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում մասնագիտացված միջազգային եւ այլ կազմակերպությունների կողմից իրականացված վիճակագրական հետազոտությունների արդյունքում արձանագրված տվյալները.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալ ապահովագրության տեսակի գծով ոչ պակաս քան երեք տարի ապահովագրական գործունեություն իրականացրած ապահովագրողների գործունեության արդյունքում արձանագրված վիճակագրական տվյալները.

դ) հրատարակված եւ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հավանության արժանացած այլ տվյալները:

Ապահովագրական սակագինը հիմնավորված է համարվում նաեւ, եթե այն հաշվարկված է վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի հետ կնքված վերաապահովագրության պայմանագրով նախատեսված սակագնի հիման վրա, եթե տվյալ վերաապահովագրողը կամ ապահովագրական բրոքերը հանդիսանում է միջազգային ֆինանսական շուկայում բարձր վարկանիշ ունեցող վերաապահովագրող կամ ապահովագրական բրոքեր, կամ եթե չի արգելվել ապահովագրողին օգտվել տվյալ վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի ծառայություններից` համաձայն սույն օրենքի  24-րդ հոդվածի 3-րդ մասի:

3. Ապահովագրության առանձին տեսակների գծով կիրառվող ապահովագրական սակագների հիմնավորման կարգը կարող է սահմանվել  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

4. Ապահովագրողն իր կողմից իրականացվող ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվող ապահովագրական սակագների հիմնավորումները լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում` ըստ առանձին ռիսկի այն դեպքում, եթե նրա կողմից ապահովագրությունը իրականացվում է կոնկրետ այդ ռիսկից:

5. Ապահովագրողի կողմից ապահովագրական սակագների հիմնավորման կարգի պահանջներին համապատասխան   ապահովագրական սակագների հիմնավորումը չիրականացնելու դեպքում տվյալ սակագինը համարվում է չհիմնավորված:

ՀՈԴՎԱԾ 26. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

1. Ապահովագրական վկայագրերը հանդիսանում են հատուկ հաշվառման բլանկներ:

2. Պարտադիր ապահովագրության դեպքում ապահովագրական վկայագրերի տիպային օրինակը եւ այդ վկայագրերի նկատմամբ առանձնահատուկ պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ապահովագրական վկայագրերը պետք է ունենան հերթական համար եւ սերիա, ինչպես նաեւ ենթակա են հաշվառման եւ պահպանման ապահովագրողի կողմից: Ապահովագրական վկայագրերի հաշվառումը պետք է տարվի ըստ յուրաքանչյուր ապահովագրության տեսակի:

4. Ապահովագրական վկայագրերի հաշվառման,պահպանման եւ լիազորված պետական կառավարման մարմին եռամսյակային հաշվետվության ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որի պահանջների կատարման եւ պահպանման համար պատասխանատու է ապահովագրողի գլխավոր հաշվապահը (հաշվապահական ստորաբաժանման ղեկավարը):
 

ԳԼՈՒԽ  IV

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ


ՀՈԴՎԱԾ 27. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

1. Սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության պարտադիր ապահովագրության բոլոր տեսակների վերաբերյալ օրենքների, Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեությունը կարգավորող այլ օրենքների եւ իրավական ակտերի պահանջների կատարման եւ պահպանման, ինչպես նաեւ  արդյունավետ, արդարացի, մրցունակ ու կայուն ապահովագրական շուկայի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության լիցենզավորումը, կարգավորումն ու վերահսկողությունը, ինչպես նաեւ ապահովագրության բնագավառում պետական քաղաքականության մշակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (տեքստում` լիազորված պետական կառավարման մարմին):
Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է լիազորված պետական կառավարման մարմնին, որը այդ վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերով, ինչպես նաեւ լիազորված պետական կառավարման մարմնին է պատկանում ապահովագրական գործունեություն իրականացնողներից հաշվետվություններ պահանջելու եւ ստանալու բացառիկ իրավասությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2.  Լիազորված պետական կառավարման մարմինը`

ա) իրականացնում է` վերահսկողություն ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ, եւ ստուգումներ այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ հաճախականությամբ, ապահովագրական գործունեություն իրականացնողները պարտավոր են ընդունել եւ աջակցել լիազորված պետական կառավարման մարմինի ծառայողներին, վերահսկողություն եւ ստուգումներ իրականացնելիս արգելվում է ծառայողների օրինական գործողություններին խոչնդոտելը կամ միջամտելը.

բ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ապահովագրական գործունեություն իրականացնողների կարգավորումը, լիցենզավորումը, ինչպես նաեւ լիցենզիաների մեկ միասնական գրանցամատյանի վարումը.

գ) ընդունում է անհատական եւ ներքին որոշումներ ու կարգադրություններ, այդ թվում` վերստուգվող անձանց ստուգումներ նշանակելու մասին որոշումներ, ինչպես նաեւ պարզաբանում է Հայաստանի Հանրապետության ապահովագրական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը.

դ) սույն օրենքով սահմանված` ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների, ինչպես նաեւ այլ մասնագետների մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով իրականացնում է որակավորման քննություններ եւ տրամադրում է որակավորման վկայականներ .

ե) իրականացնում է լիցենզավորում, կարգավորում եւ վերահսկողություն  պարտադիր ապահովագրության բոլոր տեսակների նկատմամբ.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

3. Լիազորված պետական կառավարման մարմինն իրավասու  է `

ա) ապահովագրական գործունեություն իրականացնողներից պահանջել եւ ստանալ սահմանված ձեւերի հաշվետվություններ եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր կամ տեղեկատվություն.

բ) ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից ապահովագրական գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման եւ պահպանման, նրանց կողմից ներկայացվող հաշվետվությունների հավաստիության ապահովման եւ լիցենզավորման պայմաններով նախատեսված պահանջների կատարման ապահովման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել` ստուգումներ եւ հեռակա վերահսկողություն (այսուհետ` ստուգում), ինչպես նաեւ ապահովագրողների կողմից իրականացված ապահովագրական հատուցումների հավաստիության եւ ապահովադիրներին (ապահովագրված անձանց կամ շահառուներին) պատճառված վնասի չափին ապահովագրական հատուցման գումարի համարժեքության ստուգման նպատակով ապահովադիրների (ապահովագրված անձանց կամ շահառուների) մոտ իրականացնել ուսումնասիրություններ եւ կատարել հարցումներ.

գ) ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության  պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում՝ ապահովագրական գործունեություն իրականացնողների , ինչպես նաեւ նրանց համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ.

դ) ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից ապահովագրության օրենսդրության խախտումների դեպքում, ինչպես նաեւ պետության շահերի եւ իրավունքների պաշտպանության նպատակով համապատասխան հայց ներկայացնել դատարան.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չլիցենզավորված ապահովագրական գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման միջնորդագիր ներկայացնել իրավապահ եւ այլ լիազորված պետական կառավարման մարմիններ.

զ) ցանկացած պահի  կատարել հարցումներ՝  ապահովագրական գործունեություն իրականացնողներից պահանջելով տեղեկությունների տրամադրում, եթե բավարար (ողջամիտ) հիմքեր կան ենթադրելու, որ  ապահովադիրների  կամ ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը կարող են վտանգվել.

է) ապահովագրական գործունեություն իրականացնողների  նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման հիմք հանդիսացող խախտումների բացահայտման դեպքում վերջիններից պահանջել` այդ խախտումները վերացնելու վերաբերյալ համապատասխան ծրագիր, համաձայն սույն օրենքի 20–րդ հոդվածի 3–րդ մասի, եւ այդ ծրագրին հավանություն տալու դեպքում հնարավորություն տալ որոշակի ժամանակահատվածում վերացնելու խախտումները՝ այդ ընթացքում չդիմելով պատասխանատվության միջոցների կիրառման, կամ նվազեցնել նշանակված տույժի չափը, կամ հետաձգել տույժի գանձումը, կամ սահմանել տույժի գանձման ժամանակացույց, եթե տույժի գանփումը կարող է հանգեցնել ծանր ֆինանսական կացության.

ը) թույլատրել ապահովագրական գործունեություն իրականացնողներն իրականացնելու սույն օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ սերտորեն կապված են ապահովագրական գործունեության կամ գործառնությունների հետ եւ եթե դրանք թույլատրելը չի հակասում սույն օրենքի նպատակներին եւ չի վտանգում ապահովադիրների շահերը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում ապահովագրական գործունեություն իրականացնողների  նկատմամբ ձեռնարկել համապատասխան կարգավորող միջոցառումներ, եթե ընկերության որոշակի գործունեությունն ուղղակիորեն վնաս է հասցնում կամ կարող է  հասցնել ապահովադիրներին (ապահովագրված անձանց կամ շահառուներին), ապահովագրական շուկային կամ պետությանը.

ժ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործողություններ եւ գործառույթներ:

4. Յուրաքնչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո մեկ տարվա ընթացքում լիազորված պետական կառավարման մարմինը պետք է կազմի եւ հրապարակի տարեկան հաշվետվություն, որը պետք է ներառի լիազորված պետական կառավարման մարմնին հայտնի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն առեւտրային գաղտնիք չհամարվող վիճակագրական տվյալները, որոնք կնպաստեն ապահովագրական ոլորտի թափանցիկությանը եւ զարգացմանը:
 

ՀՈԴՎԱԾ 28. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

1. Լիազորված պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձինք իրավունք չունեն հրապարակել կամ այլ կերպ տարածել ապահովագրական գործունեություն իրականացնողների առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաեւ շահադիտական նպատակներով օգտագործել դրանք:

2. Լիազորված պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձինք կարող են, իսկ օրենքով նախատեսված դեպքերում պարտավոր են հայտնել ծառայողական կամ ապահովագրական գործունեություն իրականացնողների առեւտրային գաղտնիք համարվող տեղեկությունները`

ա) օրենքով սահմանված իր պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ դատարանի որոշման դեպքում.

բ) լիազորված պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձանց շահերը դատավարության կամ այլ վարույթի ընթացքում պաշտպանելու դեպքում:

Սույն մասով նախատեսված դեպքերում ծառայողական կամ առեւտրային գաղտնիք համարվող տեղեկությունները ձեռք բերած մարմինները իրավունք չունեն այդ տեղեկությունները որեւէ կերպ տարածել եւ կարող են տրամադրված տեղեկություններն օգտագործել միայն նախապես սահմանված նպատակների համար:

3. Սույն օրենքի իմաստով ծառայողական գաղտնիք են հանդիսանում լիազորված պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձանց իրենց  պարտականությունները կատարելու ընթացքում հայտնի դարձած ապահովագրական գործունեություն իրականացնողներին վերաբերվող առեւտրային գաղտնիքը, բացառությամբ հրապարակված կամ այլ կերպ տարածված տեղեկությունների:

4. Լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ցանկը եւ դրանց օգտագործման սահմանափակումները:

5. Ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման եւ դրա հետեւանքով ապահովագրական գործունեություն իրականացնողներին եւ այլ անձանց պատճառած վնասի համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 29. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից ապահովագրական գործառնությունների եւ այլ ֆինանսական գործարքների միջոցով փողերի լվացումն ու ապօրինի գործունեության կամ գործառնության ֆինանսավորումը:

2. Ապահովագրողները պարտավոր են իրենց կողմից տրված` հինգ միլիոն դրամը գերազանցող ապահովագրական հատուցումների վերաբերյալ, դրանք վճարելուց հետո 10 օրյա ժամկետում, լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնել այդ հատուցումների տրման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները:
 

ԳԼՈՒԽ V.

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ


ՀՈԴՎԱԾ 30. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ  ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Կամավոր եւ պարտադիր ապահովագրության բոլոր տեսակների գծով ապահովագրական գործունեություն  իրականացնողի լիցենզավորումն  իրականացվում է սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

2. Լիցենզիան հայտատուին տրվում է դրա մասին լիազորված պետական կառավարման մարմնի դրական եզրակացությունը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում  ապահովագրական գործունեության լիցենզիայի համար օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնելուց հետո:  Այդ ժամկետում պետական տուրքի վճարման անդորրագիրը լիազորված պետական կառավարման մարմին չներկայացնելու դեպքում՝ լիցենզիայի հայտը համարվում է մերժված:

3. Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացրած հայտատուների նկատմամբ կիրառվում են ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների պահանջները:

4. Ապահովագրական գործունեություն իրականացնողի  լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում ընկերությունը պարտավոր է համապատասխան որոշումը (վճիռը) ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում լիցենզիայի բնօրինակը վերադարձնել լիազորված պետական կառավարման մարմնին:

ՀՈԴՎԱԾ 31. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

1. Ապահովագրության իրականացման լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում`

ա) հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) նշանակման մասին ընկերության բաժնետերերի ժողովի կամ մասնակիցների ժողովի արձանագրության պատճենը  եւ  գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի), իսկ ակտուարի առկայության դեպքում նաեւ նրա նշանակման մասին ընկերության համապատասխան իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշումների (հրամանների) պատճենները եւ ստորագրությունների նմուշը.

բ)   հայտատուի համապատասխան իրավասու մարմնի կողմից հաստատված ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքը բովանդակող փաստաթղթերը.

գ)   հայտատուի հիմնադիր հանդիսացող եւ նրա կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց գրավոր հայտարարությունը (կից համապատասխան հավաստող փաստաթղթերով) այն մասին, որ նրանց հիմնադիր լինելը չի հակասում սույն օրենքով ապահովագրական ընկերությունների հիմնադիրների համար սահմանված պահանջներին.

դ)  հայտատուի սույն օրենքով նախատեսված ղեկավարների գրավոր հայտարարությունը (կից համապատասխան հավաստող փաստաթղթերով) այն մասին, որ նրանց կողմից համապատասխան պաշտոններ զբաղեցնելը չի հակասում սույն օրենքով ապահովագրական ընկերությունների ղեկավարների համար սահմանված պահանջներին.

ե)   հայտատուի գործունեության երեք տարվա գործարար ծրագիրը համաձայն սույն օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների.

զ) հայտատուի գործունեության գործարար ծրագրով նախատեսված ապահովագրության յուրաքանչյուր տեսակի համար նախատեսված ապահովագրական վկայագրի տիպային օրինակները՝ հաստատված հայտատուի  կողմից.

է) հայտատուի գործարար ծրագրով նախատեսված ապահովագրության յուրաքանչյուր տեսակի համար նախատեսված ապահովագրական սակագների հիմնավորումը՝ հաստատված հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) , իսկ ակտուարի առկայության դեպքում նաեւ նրա կողմից.

ը) հայտատուի վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաստատված ֆինանսական հաշվետվությունները, եւ վերջին ֆինանսական տարվա  վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը.

թ) իրավաբանական անձանց մասնակցությամբ հիմնադրված հայտատուն, լիցենզիա ստանալու համար ներկայացնում է նաեւ հայտատուի հիմնադիր հանդիսացող եւ նրա կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող իրավաբանական անձանց վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը եւ վերջին ֆինանսական տարվա  հաշվեկշիռների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները.

ժ)  հայտատուի կանոնադրական կապիտալի համալրման փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերը.

ժա) օրենքով կամ ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզավորման կարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

2. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում`

ա)  հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) նշանակման մասին ընկերության բաժնետերերի ժողովի կամ մասնակիցների ժողովի արձանագրության պատճենը, գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) նշանակման մասին ընկերության համապատասխան իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման (հրամանի) պատճենը եւ ստորագրությունների նմուշը.

բ)  հայտատուի համապատասխան իրավասու մարմնի կողմից հաստատված ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքը.

գ)  հայտատուի հիմնադիր հանդիսացող եւ նրա կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց գրավոր հայտարարությունը այն մասին, որ նրանց հիմնադիր լինելը չի հակասում սույն օրենքով ապահովագրական բրոքերի  հիմնադիրների համար սահմանված պահանջներին.

դ) հայտատուի սույն օրենքով նախատեսված ղեկավարների գրավոր հայտարարություններն  այն մասին, որ նրանց կողմից համապատասխան  պաշտոններ զբաղեցնելը չի հակասում սույն օրենքով ապահովագրական բրոքերի ղեկավարների համար սահմանված պահանջներին.

ե)  լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու դրությամբ հայտատուի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը եւ վերջին ֆինանսական տարվա  վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը.

զ) իրավաբանական անձանց մասնակցությամբ հիմնադրված հայտատուն, լիցենզիա ստանալու համար ներկայացնում է նաեւ հայտատուի հիմնադիր հանդիսացող եւ նրա կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող իրավաբանական անձանց վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը եւ վերջին ֆինանսական տարվա  հաշվեկշիռների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները.

է) օրենքով կամ ապահովագրական գործունեություն  իրականացնողների  լիցենզավորման կարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

ՀՈԴՎԱԾ 32. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

1. Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե՝

ա) օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը չի ներկայացվել լիազորված պետական կառավարման մարմնին համաձայն սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի.

բ) հայտատուի կողմից լիցենզիա ստանալու համար լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացված հայտին կից չեն ներկայացվել սույն օրենքով եւ ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման կարգով պահանջվող փաստաթղթերից որեւէ մեկը.

գ) հայտատուն ունի հարկային եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություն.

դ) հայտատուի  գործարար ծրագրով նախատեսված ապահովագրության տեսակների գծով ներկայացված սակագները հիմնավորված չեն.

ե) հայտատուի կողմից պահպանված չեն ապահովագրողների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների սահմանային չափերը.

զ)  հայտատուի հիմնադիների կամ ղեկավարների մասով չեն պահպանվել սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պահանջները.

է) հայտատուի  գործարար ծրագրով նախատեսված ապահովագրության տեսակների գծով ներկայացված ապահովագրության վկայագրերում չի պարունակվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկատվությունը կամ դրանցում պարունակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթներ.

ը) պարզվել է, որ հայտատուի  կամ հայտատուի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող հիմնադիր-իրավաբանական անձի զուտ ակտիվների մեծությունը իր կանոնադրական կապիտալի մեծությունից ավելի փոքր է.

թ) հայտատուի գործարար ծրագրով նախատեսված ցուցանիշները հիմնավորված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին  համապատասխան իրականացված հաշվարկներով կամ նախատեսված ցուցանիշները հետագա գործունեության ընթացքում կարող են հիմք հանդիսանալ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ընկերության նկատմամբ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար.

ժ) օրենքով կամ ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման կարգով նախատեսված այլ դեպքերում:

2. Լիցենզիա ստանալու hայտը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահումով բավարարելու մասին լիազորված պետական կառավարման մարմնի համապատասխան որոշումը ստանալու պահից 15  օրվա ընթացքում հայտատուն պարտավոր է վերացնել առկա թերությունները եւ համապատասխան փաստաթղթերը ներկայացնել լիազորված պետական կառավարման մարմնին: Այս ժամկետում թերությունները չվերացնելու, կամ ամբողջությամբ չվերացնելու, կամ համապատասխան փաստաթղթերը լիազորված պետական կառավարման մարմնին չներկայացնելու դեպքում՝ լիցենզիա ստանալու հայտը համարվում է մերժված:
 

ԳԼՈՒԽ VI.

 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ


ՀՈԴՎԱԾ 33. ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման համար լիազորված պետական կառավարման մարմինը ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ կարող է խախտման արձանագրման պահից մեկ տարվա ընթացքում կիրառել հետեւյալ պատասխանատվության միջոցները՝

ա) նախազգուշացում եւ խախտումն ուղղելու կամ հետագայում բացառելու հանձնարարությամբ.

բ) տուգանք.

գ) լիցենզիայի գործողության կասեցում.

դ) լիցենզիայի գործողության դադարեցում:

2. Լիցենզիայի գործողության կասեցումը եւ դադարեցումը իրականացվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 34. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ԵՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների համար լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ապահովագրական գործունեություն իրականացնողին նախազգուշացում տրվում է գրավոր՝ լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ (հրամանով):

2. Լիազորված պետական կառավարման մարմինը ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով արձանագրում է թույլ տրված խախտումը` համապատասխան օրենսդրական ակտերի դրույթների վկայակոչմամբ: Նախազգուշացումը նախատեսում է նաեւ թույլ տրված խախտումը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում վերացնելու եւ խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու կամ հետագայում բացառելու հանձնարարական:

3. Խախտումը վերացնելու հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած ապահովագրական գործունեություն իրականացնողի համար՝ լիազորված պետական կառավարման մարմնի համապատասխան նախազգուշացման մասին որոշումը (հրամանը) պատշաճ կերպով նրան հանձնելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

4. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե  ապահովագրական գործունեություն իրականացնողը`

ա) սույն օրենքով նախատեսված փաստաթուղթը կամ տեղեկատվությունը սահմանված ժամկետներում ու կարգով լիազորված պետական կառավարման մարմին չի ներկայացրել.

բ) սույն օրենքով սահմանված հաշվետվություններում ներկայացված տվյալներում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ եւ նման բացթողումներ).

գ) խախտել է սույն օրենքի  5-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված պահանջները.

դ) խախտել է սույն օրենքի  5-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջը.

ե) խախտել է սույն օրենքի  10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը.

զ) խախտել է ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը.

է) խախտել է սույն օրենքի  16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը.

ը) խախտել է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված պահանջնները.

թ) ապահովագրական հատուցում է տվել առանց սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության (անհիմն հատուցում).

ժ) խախտել է սույն օրենքի  16-րդ հոդվածի 6-րդ կամ 7-րդ մասերով սահմանված պահանջները.

ժա) խախտել է 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված կարգի պահանջները.

5. Նախազգուշացումն ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ կարող է տրվել ապահովագրության մասին օրենսդրության ցանկացած խախտումների հայտնաբերման դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ խախտման համար պետք է կիրառվի սույն օրենքով նախատեսված  այլ պատասխանատվության միջոցներ:

ՀՈԴՎԱԾ 35.  ՏՈՒԳԱՆՔԸ

1. Տուգանքը նշանակվում եւ գանձվում է լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ (հրամանով): Երբ ապահովագրական գործունեություն իրականացնողը համաձայն չէ տուգանքի նշանակման որոշման հետ, ապա  լիազորված պետական կառավարման մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը, որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե  ապահովագրական գործունեություն իրականացնողը`

ա) խախտել է սույն օրենքի  16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը՝ հարյուր հազար դրամի չափով.

բ) խախտել է սույն օրենքի  9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը՝ երկու հարյուր հազար դրամի չափով.

գ) խախտել է սույն օրենքի  10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանները՝ երկու հարյուր հազար դրամի չափով.

դ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի ա) եւ բ) կետերի  կամ 5-րդ մասի համաձայն նախազգուշացում կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումը՝ հարյուր հազար դրամի չափով.

ե) սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի ա) եւ բ) կետերին  կամ 5-րդ մասին համապատասխան խախտումը վերացնելու հանձնարարականը չկատարելու դեպքում՝ երկու հարյուր հազար դրամի չափով.

զ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի գ) կետին համապատասխան խախտումը վերացնելու հանձնարարականը չկատարելու դեպքում՝  սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով ապահովագրական գումարի արգելված փաստացի նվազեցրած (կամ պակասեցրած) չափով.

է) սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի դ) կետին համապատասխան խախտումը վերացնելու հանձնարարականը չկատարելու դեպքում՝  սույն օրենքի  5-րդ հոդվածի 6-րդ մասով ապահովագրական գումարի արգելված փաստացի գերազանցած չափով.

ը) սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի ե) կետին համապատասխան խախտումը վերացնելու հանձնարարականը չկատարելու դեպքում՝ հարյուր հազար դրամի չափով.

թ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի զ) կետին համապատասխան խախտումը վերացնելու հանձնարարականը չկատարելու դեպքում՝ հարյուր հազար դրամի չափով.

ժ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի է) կետին համապատասխան խախտումը վերացնելու հանձնարարականը չկատարելու դեպքում՝ երկու հարյուր հազար դրամի չափով.

ժա) սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի ը) կետին համապատասխան խախտումը վերացնելու հանձնարարականը չկատարելու դեպքում՝ հարյուր հազար դրամի չափով.

ժբ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի թ) կետին համապատասխան խախտումը վերացնելու հանձնարարականը չկատարելու դեպքում՝ վճարված ապահովագրական հատուցման չափով.

ժգ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի ժ) կետին համապատասխան խախտումը վերացնելու հանձնարարականը չկատարելու դեպքում՝ վճարված ապահովագրական հատուցմանչափով.

ժդ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի ժա) կետին համապատասխան խախտումը վերացնելու հանձնարարականը չկատարելու դեպքում՝ երկու հարյուր հազար դրամի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն տուգանքի կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է հինգ հարյուր հազար դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) պարբերաբար ուշ ներկայացնելու, կամ դրանցում անարժանահավատ, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով տվյալներ արտացոլելու կամ  Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումների համար լիազոր մարմինը կարող է ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների նկատմամբ տուգանք կիրառելու հայցով դիմել դատարան՝ երկու հարյուր հազար դրամի չափով:

5. Ապահովագրական գործունեություն իրականացնողի նկատմամբ, երբ տուգանք նշանակելու համար առկա են մեկից ավելի հիմքեր, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի բ) եւ գ) կետերի, ապա տուգանք է կիրառվում յուրաքանչյուր հիմքով:

6. Եթե սահմանված ժամկետում լիազորված պետական կառավարման մարմին չի ներկայացվում տուգանքի վճարման անդորրագիրը, ապա չվճարված տուգանքը ենթակա է բռնագանձման դատական կարգով:

ՀՈԴՎԱԾ 36. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

1. Լիազորված պետական կառավարման մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը, եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը`

ա) խախտել է սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կամ բ) կետերով կամ 11-րդ հոդվածի 10-րդ մասով կամ 12-րդ հոդվածի 2-րդ, կամ 3-րդ, կամ 4-րդ, կամ 5-րդ մասերով կամ 20-րդ հոդվածի 1-ին, կամ 2-րդ, կամ 3-րդ մասերով սահմանված պահանջները.

բ) խախտել է սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված ապահովագրական պահուստների ձեւավորման եւ տեղաբաշխման կարգի պահանջները.

գ) խախտել է 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների չափի, ձեւավորման եւ հաշվարկման կարգի պահանջները.

դ) 25-րդ հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասերի համաձայն չհիմնավորված սակագներով ապահովագրություն է իրականացրել.

ե) օրենքով սահմանված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ՝ մինչեւ խախտման պատճառի վերացումը:

ՀՈԴՎԱԾ 37. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

1. Լիցենզիայի գործողության դադարեցումը որպես պատասխանատվության միջոց կարող է կիրառվել, եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը՝

ա) լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կամ դրանից հետո մինչեւ լիցենզիա ստանալու պահը խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ (եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման).

բ) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս քան երկու անգամ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկվել է լիցենզիայի գործողության կասեցման, բացառությամբ` եթե դադարեցման հարցի քննարկման ժամանակ կացեցման հիմք հանդիսացող խախտումները վերացվել են.

գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում տվյալ իրավաբանական անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:
 

ԳԼՈՒԽ  VII

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 38. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ,  ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են հանդես գալ որպես  ապահովադիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց համահավասար, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

ՀՈԴՎԱԾ 39. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ապահովագրության հետ կապված վեճերը, կողմերից մեկի ցանկության դեպքում, կարող են լուծվել լիազորված պետական կառավարման մարմնի կողմից լսումների կարգով դրանք քննարկելու միջոցով, իսկ դրա արդյունքում կողմերի փոխադարձ համաձայնության չգալու դեպքում՝ վեճերը լուծվում են դատական կարգով:

2. Ապահովագրության հետ կապված վեճերի լուծման նպատակով լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ստեղծվում է լսումների կարգով վեճերի քննարկման հանձնաժողով: Լսումների կարգով վեճերի քննարկման հանձնաժողովը իրավասու է քննել  ապահովագրական գործունեություն իրականացնողների եւ ապահովադրի (ապահովագրված անձի կամ շահառուի) միջեւ առաջացած ցանկացած տարաձայնությունների եւ վեճերի հետ կապված հարցեր, եթե դրանք վերաբերվում են ապահովագրության (վերաապահովագրության կամ ապահովագրական միջնորդային) պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը կամ իրավունքների իրականացմանը:

3. Լսումների կարգով վեճերի քննարկման հանձնաժողովի կողմից կայացրած որոշումների կատարումը պարտադիր չէ կողմերի համար, որոնք քննարկումների արդյունքում համաձայնության չգալու դեպքում կարող են դիմել դատարան:

ՀՈԴՎԱԾ 40. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքը, բացառությամբ սույն հոդվածի  3-րդ եւ 4-րդ  մասերով նախատեսված դրույթների, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն տրված ապահովագրական գործունեության բոլոր տեսակների լիցենզիաները՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են ոչ կյանքի ապահովագրության լիցենզիաներ: Այդ լիցենզիաների բնօրինակները վեց ամսվա ընթացքում ենթակա են փոխարինման ոչ կյանքի ապահովագրական գործունեության համար տրվող լիցենզիայի նոր ձեւով: Սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում չփոխարինված լիցենզիաները համարվում են անվավեր:

3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերի, 11-րդ հոդվածի 2-րդ մասի, 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերի, 14-րդ հոդվածի, 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերի, 24-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի, 25-րդ հոդվածի, 26-րդ հոդվածի 4-րդ մասի, 31-րդ հոդվածի, 32-րդ հոդվածի 1-ին մասի դ), ե), զ), է)  եւ թ)  կետերի, 34-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 35-րդ հոդվածի դրույթները ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

4. Սույն օրենքը` ակտուարներին վերաբերվող պահանջների մասով ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երկու տարի հետո:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել  «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-87 օրենքը: