Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թ-ի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) առաջին հոդվածից հանել «Սույն օրենքը, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխին համապատասխան, սահմանում է նաեւ հանրային իրավական դրամական պահանջների կատարման պայմանները եւ կարգը` այնքանով, որքանով դրա նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
1) վերնագրում ավելացնել «դատական» բառը.
2) առաջին մասի 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4 . Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենքի 72.1 հոդվածում ավելացնել առաջին մաս հետեւյալ բովանդակությամբ.
1.«Հարկադիր կատարողի նշանակած տուգանքները բռնագանձվում են դատարանի վճռով:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մ տնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վերականգնելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածի պահանջները, այն է` «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի»: 2013թ-ի դեկտեմբերին օրենքի նախագծերի փաթեթը հնարավորություն է ընձեռել Հարկային եւ ՏԻՄ մարմիններին առանց դատարանի որոշմամբ, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով բռնագանձում իրականացնել քաղաքացիների սեփականության նկատմամբ, ավելին ԴԱՀԿ-ը կոչված է դատարանի որոշումները, այն է դատական ակտերը հարկադրաբար կատարելու, բռնագանձում իրականացնելու, այլ ոչ թե մյուս պատկան մարմինների որոշումները:Այսինքն` ստացվում է այնպես, որ դատական ակտերը հարկադիր կիրառելու փոխարեն ԴԱՀԿ-ը բռնագանձում կարող է իրականացնել հարկային եւ ՏԻՄ մարմինների կողմից ընդունված ակտերով:
Ներկայացված օրենքի ընդունմամբ կվերականգնվի քաղաքացիների սահմանադրական իրավունքը եւ քաղաքացիներին հնարավոր կլինի զրկել սեփականությունից միմիայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, ինչը սահմանադրական պահանջ է: