Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004թ-ի փետրվարի 18-ի ՀՕ -41-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 69-րդ հոդվածից հանել «այդ թվում` զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաեւ » բառերը:
Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածի առաջին մասում`
1) «ա» կետի «2 ամսվա» բառերը փոխարինել «6 ամսվա » բառերով.
2) «գ» կետի «2 ամսվա»բառերը փոխարինել «3 ամսվա» բառերով:
Հոդված 3. Օրենքի 82-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ. «Տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով` վարչական մարմնի պահանջի հիմման վրա»:
Հոդված 4. Օրենքի 88-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Օրենքի հոդված 88. Դրամական պահանջների կատարման կարգը
«Դրամական պահանջները ենթական են կատարման դատական ակտերի հիմման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վերականգնելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածի պահանջները, այն է` «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի»: 2013թ-ի դեկտեմբերին օրենքի նախագծերի փաթեթը հնարավորություն է ընձեռել Հարկային եւ ՏԻՄ մարմիններին առանց դատարանի որոշմամբ, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով բռնագանձում իրականացնել քաղաքացիների սեփականության նկատմամբ, ավելին ԴԱՀԿ-ը կոչված է դատարանի որոշումները, այն է դատական ակտերը հարկադրաբար կատարելու, բռնագանձում իրականացնելու, այլ ոչ թե մյուս պատկան մարմինների որոշումները:Այսինքն` ստացվում է այնպես, որ դատական ակտերը հարկադիր կիրառելու փոխարեն ԴԱՀԿ-ը բռնագանձում կարող է իրականացնել հարկային եւ ՏԻՄ մարմինների կողմից ընդունված ակտերով:
Ներկայացված օրենքի ընդունմամբ կվերականգնվի քաղաքացիների սահմանադրական իրավունքը եւ քաղաքացիներին հնարավոր կլինի զրկել սեփականությունից միմիայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, ինչը սահմանադրական պահանջ է: