Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-612-29.09.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝

1) երկրորդ մասի «58,35 մլն դրամը:» բառերը փոխարինել  «150 մլն դրամը:» բառերով.

2) երրորդ մասի 6-րդ կետում «58,35 մլն դրամը.» բառերը փոխարինել  «150 մլն դրամը.» բառերով.

3) լրացնել 2.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի 31-ը՝ 2014 թվականի համար եւ մինչեւ 2015 թվականի հունվարի 20-ը՝ 2015 թվականի համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով  շրջանառության 1% դրույքաչափով հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:»

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) առաջին պարբերության 2-րդ կետում «58,35 մլն դրամը.» բառերը փոխարինել  «150 մլն դրամը.» բառերով.

2) չորրորդ պարբերությունում «Եթե առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ» բառերը փոխարինել  «Եթե առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող եւ իրենց հաշվառման վայրի հարկային մարմին վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով շրջանառության 1% դրույքաչափով հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողի մոտ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) առաջին մասի աղյուսակը ներկայացնել հետեւյալ խմբագրությամբ.
 
Եկամուտների տեսակը Դրույքաչափը
Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ, որոնց դեպքում ձեռքբերված ապրանքները ամբողջությամբ հիմնավորված են փաստաթղթերով 1%
Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ, որոնց դեպքում ձեռքբերված ապրանքները ամբողջությամբ կամ մասամբ հիմնավորված չեն փաստաթղթերով 3.5%
Արտադրական գործունեությունից եկամուտներ 3.5%
Վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում` անշարժ գույքի) օտարումից եկամուտներ 10%
Նոտարական գործունեությունից եկամուտներ 20%
Այլ գործունեության (եկամուտների) տեսակներից եկամուտներ 5%

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի չորրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն պարտավորությունը տարածվում է շրջանառության այն հարկ վճարողների վրա, ովքեր իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով շրջանառության 1% դրույքաչափով հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:»

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում վերադաս հարկային մարմինը սահմանում է շրջանառության 1% դրույքաչափով հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձեւը:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետի, 2-րդ հոդվածի 2-րդ կետի, 3-րդ եւ 4-րդ հոդվածների դրույթները տարածվում են մինչեւ 2016 հունվարի 1-ը ծագող հարաբերությունների վրա:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

2014 թվականի հոկտեմբերի 1-ից գործող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները էական եւ օբյեկտիվ դժվարություններ են առաջացնում փոքր եւ միջին տնտեսավարող սուբյեկտների համար, ինչն, ըստ էության, հիմնականում պայմանավորված չէ նրանց գործունեությամբ, այլ թելադրված է խոշոր տնտեսավարող սուբյեկտների գործունեության առկա առանձնահատկություններով եւ պետության՝ նրանց նկատմամբ իրականացվող վարչարարության մակարդակով:

Ուստի ներկայացվող օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է վերոնշյալ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը բարձրացնել 58,35 մլն ՀՀ դրամից մինչեւ 120 մլն ՀՀ դրամ, ինչը կարծում ենք էականորեն կավելացնի բյուջետային մուտքերը շրջանառության հարկի գծով, քանի որ առկա իրողությամբ տնտեսավարողների այն մտավախությունը, որ գերազանցելով 58,35 մլն ՀՀ դրամի շեմը կարող են անցնել հարկման այլ՝ ավելացված արժեքի հարկի ռեժիմ, թույլ չի տալիս ներկայացնելու շրջանառության իրական ծավալները: Որոշ գնահատումներով շրջանառության իրական ծավալները գերազանցում են ներկայացվող ծավալները 5-6 անգամ, երբեմն նույնիսկ՝ 10-12 անգամ: Ուստի, վերոնշյալ 58,35 մլն ՀՀ դրամ շեմը սահմանելով մոտավորապես երկու անգամ բարձր, բյուջետային մուտքերը շրջանառության հարկի գծով եւս կավելանան առնվազն երկու անգամ, իսկ գործող սահմանաչափի մեծությունը կհամահարթեցվի թե՛ «Հաշվապահական հաշվառման մասին», թե՛ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով ամրագրված ՓՄՁ չափորոշիչներին:

Նախագծով առաջարկվում է նաեւ, որպես անցումային փուլ, մինչեւ 2016թ. հունվարի 1-ը՝ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության ոլորտի տնտեսավարող սուբյեկտների համար կիրառել շրջանառության հարկի հարկային դրույքաչափի ընտրության կամավորության սկզբունք. մասնավորապես՝ տնտեսավարողին հնարավորություն տալ ընտրելու առաջարկվող երկու տարբերակներից մեկը՝ 1% շրջանառության հարկի դրույքաչափ, բայց ձեռքբերված ապրանքների ամբողջությամբ հիմնավորվածություն փաստաթղթավորմամբ կամ 3.5% շրջանառության հարկի դրույքաչափ՝ առանց ապրանքների ձեռքբերման:

«Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ փաստաթղթավորման պահանջի կամավոր ընտրության ինստիտուտի ներդնումն իր հերթին պահանջում է հարկային բեռի ճիշտ եւ արդարացի տեղաբաշխում վարչարարական եւ ֆինանսական առումներով:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ թե՛ տնտեսական, թե՛ իրավական առումներով նպատակահարմար կլինի համապատասխան վարչարարություն կիրառել միայն նվազեցված դրույքաչափով կամավորության սկզբունքով գործունեություն ծավալող տնտեսվարողների նկատմամբ՝ այդ կերպ փոխակերպելով 2.5% ֆինանսական բեռի տարբերությունը վարչարարական բեռով:

Ուստի, ներկայացվող օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի N 5 հավելվածով հսկողական միջոցառումներ իրականացնել միայն այն տնտեսավարողների մոտ, որոնք կամավոր կերպով ընտրել են առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն եկամուտներից շրջանառության նվազեցած՝  1% դրույքաչափով հարկ վճարելու տարբերակը:

Այսպիսի տարբերակված մոտեցման կիրառումը էապես կբարձրացնի գործարար ակտիվության մակարդակն եւ հարկային բեռի  արդարացի տեղաբաշխում կապահովի վարչարարական եւ ֆինանսական առումներով: