Հոդված 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) էլեկտրոնային հսկողություն՝ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ էլեկտրոնային այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի եւ վարքագծի նկատմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 11-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված անհետաձգելի միջամտության որոշումների կատարումն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել էլեկտրոնային հսկողության միջոցներ: Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման եւ ֆինանսավորման, ինչպես նաեւ էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանում է Կառավարությունը:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.
«11.1. Էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի անձանց անձնական եւ ընտանեկան կյանքի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունը: Էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալները ոչնչացվում են որոշման կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքի: Եթե էլեկտրոնային հսկողության միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տվյալները պահվում են մինչեւ իրավախախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը: Էլեկտրոնային հսկողության համակարգը պետք է ունենա օրենսդրությամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված պաշտպանական որոշումների կատարումը դատարանի որոշմամբ ոստիկանությունը կարող է իրականացնել նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալները ոչնչացվում են որոշմամբ սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքի: Եթե էլեկտրոնային հսկողության միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տվյալները պահվում են մինչեւ իրավախախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը: Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ պաշտպանական որոշումների կատարման ապահովման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 11.1-ին մասով նախատեսված կարգավորումները:»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «կարգին համապատասխան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրոնային հսկողության միջոցների» բառերով:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեցամսյա ժամկետում: